Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիրան Խաչատրյանն է եղել, Հարավային ուղղության պատասխանատուն, պատահաբար վիրավորվեց, մենք ունեցանք անհաջողություններ»․ վեճ ԱԺ-ում

Մայիս 06,2026 12:21 Share

«Եթե ձեր հանձնաժողովը երեք տարի ճգնելուց հետո երկներ եւ զեկույց ունենար․․․ զեկույց չունի, որովհետեւ այդ թղթի տակ ընդամենը 4 հոգի է ստորագրել 11 հոգուց․․․ դուք ձախողել եք»,- ԱԺ ամբիոնից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին դիմեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Տեղից Վահագն Ալեքսանյանն անընդհատ բղավում էր՝ հակադարձելով Արթուր Խաչատրյանի ելույթին, պատգամավորների միջեւ լեզվակռիվ սկսվեց։

«Այդ սարեր-ձորերը, որ ասում ենք, մի խելոք մարդ է ասել՝ արտասահմանում, ԵԱՀԿ-ն էլ արձանագրել է իր ուղեցույցում, թե ինչպես պետք է լինի սահմանազատումը»,- շարունակեց Արթուր Խաչատրյանն՝ այս անգամ արդեն պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։

Ռուբեն Ռուբինյան

Վերջինս իր ելույթում փորձեց մեղմել՝ ասելով, որ խոսքը պատճառահետեւանքային կապի մասին է եւ բազմաթիվ օրինակներ բերեց պատճառահետեւանքային կապերի վերհանման եւ դրանք ապագայի վրա արտացոլման։ Ասաց, որ ընդդիմությունն այդ ունակությունից զուրկ է։

Քրիստիննե Գրիգորյան

Իսկ այս ամբողջ վեճը սկսվել էր նրանից, որ Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստիննե Գրիգորյանը երկրորդեց Նիկոլ Փաշինյանին եւ իշխող ուժի պատգամավորներին՝ ասելով, որ եթե առաջիկա ընտրություններում ՔՊ-ն չստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, պատերազմի հավանականությունը Հայաստանում կմեծանա։

«Եթե կան այսքան հանճարեղ իմաստուններ, ինչի՞ եք ԱՀԾ-ն պահում՝ փող եք ծախսում բյուջեից, մարդիկ եք պահում, հենա իմաստուններով նստեք՝ վերլուծություններ արեք»,-հեգնեց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին՝ ասելով՝ ինքը չլինի ՀՀ ղեկավար, պատերազմ կլինի․ «Ձեզ խաբում են, կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Ուրիշների որդիների կյանքի գնով գնալու եք Ղարաբաղը ետ բերե՞ք»,- իր ելույթում ընդդիմությանն էր դիմել Վահագն Ալեքսանյանը։

«Բա ձեր խմբակցության ղեկավարն ինչի՞ չի ասում, որ կոնկրետ այդ տարածքներում, Ջաբրաիլի ուղղության մասին է, կարծում եմ խոսքը, իր տղան էդ ուղղությամբ ի՞նչ պատասխանատվություն է ունեցել։ Ի՞նչ տանկային գունդ է եղել, որի հրամանատարն իր տղան է եղել եւ շատ կասկածելի մի ժամանակահատվածում ինչ-որ տարօրինակ վիրավորում է ստացել եւ գնացել է՝ թողնելով իր զորքը»,- մեղադրանքների սլաքն  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նրա որդու դեմ էր ուղղել Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

44-օրյա պատերազմի չհրապարակված զեկույցին անդրադարձավ նաեւ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Զեկույցը եթե կարդացած լինեիք, Սեյրան Օհանյանի տղայի դրվագի հետ կապված դուք այնտեղ կնկատեիք ուսումնասիրությունը եւ այդ մասին որեւէ շահարկման առարկա չէիք դարձնի։ Նաեւ կնկատեիք՝ հարավային ուղղության պատասխանատուն նախկին դաշնակցական Տիրան Խաչատրյանն է եղել, որը էլի պատահաբար վիրավորվեց եւ մենք հարավում ունեցանք անհաջողություններ։ Տիրան Խաչատրյանը վերականգնեց իր դաշնակցական լինելը եւ դուք փակ՝ դաշնակցական ձեւաչափով կարող եք հարցեր տալ՝ դա ո՞նց եղավ»,- ասաց նա։

Նա խոստացավ՝ զեկույցի բաց մասը մի օր կհրապարակվի եւ այսպիսի շահարկումներն այլեւս անիմաստ կդառնան։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031