Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը դեռ չսկսված՝ լրագրողները նրանից կարծիք հարցրեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ երեկ Գյումրի կատարած այցի մասին։ Վարդան Ղուկասյանը խստորեն քննադատեց Նիկոլ Փաշինյանին՝ համերգի կազմակերպման նպատակով այդքան գումար ծախսելու համար։
«Էդքան փողի․․․ 38-40 տարի ժողովուրդը տնակների մեջ է, տային, տուն առնեին, պրծնեին էդ դարդ ու ցավից։ Մի ժամվա համար էդքան բան արեցիր, որքանո՞վ էր ճիշտ։
40 տարի մարդիկ տնակների մեջ մեռնում են, ես կողմնակից եմ, որ մարդկանց բնակարան տան, դրանից առաջ էլ նորից միջոցառում, միջոցառում, միջոցառում․․․»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Ըստ Վարդան Ղուկասյանի, Գյումրիի 50 տոկոսն ապրում է աղքատության մեջ։
«Մի հատ ինչ-որ մի բան անեին, կանկրետնի գործի անուն տան, բան տան, ասենք գործարան ենք դնելու, էս ենք անելու, մարդկանց էս հարցերն ենք կարգավորելու, տնակներից ենք հանելու։ 8 տարի է, մի հատ բնակարան կառուցե՞լ են, մի հատ բնակարան․․․ Մեկը բնակարան չի ստացել, բայց ասֆալտից։
Ի՞նչ, ասֆալտում ատկատները շա՞տ են, իրանք էին ասում, թե ասֆալտում ատկատները շատ են, ինչի են մենակ ասֆալտ անում, մարդիկ 40 տարի մեռնում են։ Երեխեքը, որ ծնվել են երկրաշարժից հետո, հիմա ցավագար են դարձել, հիվանդանոցներում են, որովհետև տնակները փտել են արդեն։ Էհ, ինչ ասեմ, ինչքան կարելի է ասել»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը Գյումրիում մասնակցեց «Երաժշտական կամուրջ․ Ֆրանսիա-Հայաստան» խորագրով համերգին, որի կազմակերպման նպատակով կառավարությունը մոտ 393 մլն դրամ, այսինքն՝ ավելի քան մեկ միլիոն դոլար էր հատկացրել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից


















































