Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Նախարարը ողջունել է Դատարանի նախագահի այցը և ընդգծել, որ այն նշանակալի իրադարձություն է՝ հաշվի առնելով, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը հյուրընկալում է Միջազգային քրեական դատարանի նախագահին։
Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Հռոմի կանոնադրության վավերացումից հետո ՀՀ օրենսդրության համապատասխանեցման և մասնագետների կարողությունների զարգացման գործընթացում Դատարանի ցուցաբերած փորձագիտական աջակցության համար՝ ներկայացնելով այս ժամանակահատվածում կատարված աշխատանքները:
Կարդացեք նաև
Կարևորվել է հատկապես Դատարանի հետ գործնական համագործակցության ապահովման կառուցակարգերի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթի ներդնումը:
Տոմոկո Ականեն բարձր է գնահատել Հայաստանի պատրաստակամությունը՝ արագ և արդյունավետ կերպով ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումը:
Կողմերը քննարկել են Հռոմի կանոնադրությունից բխող պարտավորությունների իրականացման, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունների հետ կապված հարցեր։
ՀՀ արդարադատության նախարարություն



















































