«Թեեւ քարոզարշավը պաշտոնապես սկսվում է վաղվանից, մենք որոշեցինք այդ արշավի առաջին օրը դարձնել այս օրը, որովհետեւ քարոզարշավի մեջ ուզում ենք մտնել հրապարակված եւ ներկայացված ծրագրով»,- այսօր հայտարարեց հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակի 10-րդ համար ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
«Մեզ միշտ մեղադրել են նրա մեջ, որ մենք չափազանց ռազմավարական մոտեցում ունենք, ներկայացնում ենք ռազմավարական ծրագրեր, որոնք հասարակ, շարքային ընտրողին ոչ մի բան չեն ասում։ Դա մեր մեղադրանքն է եղել միշտ, տարիներ շարունակ հետապնդել է մեզ։ Ես պիտի ընդունեմ, որ չնայած ռազմավարական հարցերում մեր ծրագրերը եղել են ճշգրիտ, բայց շատ հաճախ մենք չենք խոսել այդ մարդկանց մասին, որոնք ի վերջո այդ ծրագրերի իրականացման վերջին ստացողներն են, իրենք են ստանալու այն օգուտները, որոնք կապված են այդ ծրագրերի իրականացման հետ։
Ընդունում եմ, ներողություն եմ խնդրում դրա համար։ Բայց մենք մեր ծրագիրն այնպես կառուցեցինք, հաշվի առնելով, որ ներառականությունը գլխավոր սկզբունքներից մեկն է, որ մենք որպես այս ծրագրի շահառու ներառենք բոլոր քաղաքացիներին։ Այսինքն, ուսումնասիրել ենք եւ գործարարների, եւ հասարակ աշխատավորների կյանքը, պրոբլեմները, ժամեր, օրեր շարունակ քննարկել ենք գյուղացիների պրոբլեմները, զինվորականների, ուսանողների խնդիրները, մտածել ենք՝ ինչ անել, որ մեր ընտանիքներին, նրանց երեխաներին օգտակար աջակցություն լինի։
Այս ամեն ինչը արել ենք։ Բայց ես ձեզ պետք է խոստովանեմ, որ այնուամենայնիվ, չնայած այս բոլոր ուղղություններով մենք ինչ-որ բան առաջարկում ենք, մենք մտածում ենք, որ մեր ծրագրի գլխավոր ուղղությունը պետք է լինի երիտասարդությունը։
Կարդացեք նաև
Ինչու։ Որովհետեւ եթե մենք ցանկանում ենք Հայաստանի տեսլականը փոխել դեպի այն իդեալը, որ ուզում ենք ներկայացնել, առաջին հերթին պետք է աշխատենք մեր ապագայի հետ։ Ապագան կերտելու բանալին ապագայի հետ աշխատելն է։ Եվ մեր ծրագրի գլխավոր ուղղությունը ապագան է։ Դա շեշտվում է նաեւ տեխնոլոգիական հեղափոխության նախագծով, որը մենք ներկայացնում ենք մեր ծրագրով։
Բայց պետք է ասել, որ ի վերջո մեր քաղաքացիների համար ինչ-որ բան անելը, նրանց կյանքը դեպի լավը փոխելը պահանջում է ունենալ ռազմավարություն։ Մի բան, որ Հայաստանի քաղաքական ուժերը չեն տալիս ու երբեք չեն տվել։ Հայաստանի քաղաքական ուժերը միշտ խոստումներ են տվել, փայլուն կյանքի հեռանկարներ են նկարագրել։ Բայց երբեք պարզ չի եղել, թե ոնց են ուզում այդ ամեն ինչին հասնել։ Եվ ռազմավարական մտածողության աղետալի դեֆիցիտը բերեց աղետալի հետեւանքների»,-ասաց Լեւոն Զուրաբյանը եւ իրենց կուսակցության ծրագիրը ներկայացրեց գլխավորապես այդ պրիզմայով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































