Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սարգսյանի հետ կապված վարույթից խոսելիս մոռանում եք նշել, որ դատարանում քննվում է նաև մեր կողմից նրա դեմ ներկայացված՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումը. Աննա Վարդապետյանը՝ Գեղամ Մանուկյանին

Մայիս 07,2026 17:01 Share

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում, ամփոփելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, հանդես է եկել եզրափակիչ ելույթով և անդրադարձել ընդդիմադիր պատգամավորների՝ Դատախազությանն ուղղված քննադատություններին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ մեղադրյալ Արթուր Սարգսյանի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Աննա Վարդապետյանը հայտարարել է. «Ձեր գործընկեր Արթուր Սարգսյանի հետ կապված քրեական վարույթից խոսելուց մոռանում եք նշել, որ 2025 թվականի հունիսի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում»:

Դատախազությունը պահանջ է ներկայացրել Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

2 անշարժ գույք Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, 2 անշարժ գույք Սիսիան քաղաքում,

3 ավտոմեքենա,

6 իրավաբանական անձանցում մասնակցություն,

առևտրային բանկերում ներդրված 5 ավանդ՝ 11 հազար 865 ԱՄՆ դոլարի և 1 միլիոն 104 հազար դրամի չափով,

1 փոխառության պահանջի իրավունք՝ 1 միլիոն 400 հազար դրամի չափով,

1 միլիարդ 53 միլիոն 195 հազար դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

«Ես ձեզ առնվազն մեկ շաբաթ առաջ, կրկին Պետաիրավական հանձնաժողովի նիստում, տեղեկացրել եմ, որ եթե ասելիք ունեք, համեցեք, ստորագրեք, որ տեղեկացված եք սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, և այն, ինչ առաջին իսկ պատահած բարձրախոսով գոչում եք, համեցեք, քրեական վարույթի շրջանակներում, ցուցմունք տվեք, կրկնում եմ՝ ստորագրելով, որ տեղեկացված եք սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ չեք անի»,- եզրափակել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031