«Ինձ թվում է՝ այդ հոգեւորականների դատավորն Աստված է լինելու։ Ես չեմ ուզում այդ պրոցեսին մասնակցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանության գալուց հետո Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ գործող հոգեւորականներին կպատժի՞։
Սամվել Կարապետյանի խոսքով՝ իրենց իշխանության գալու դեպքում ոչ միայն հայ եկեղեցին զարգացնելու են, այլ «ամբողջ աշխարհում թնդացնելու ենք, որ մենք առաջին քրիստոնեական պետությունն ենք, դա պետք է բոլոր պետությունները հարգեն»։ Նա ասաց, որ իշխանության գալու դեպքում չի խառնվելու եկեղեցու գործերին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանն անդրադարձավ եկեղեցու պաշտպանությանն ուղղված իր հայտնի հարցազրույցին, որից հետո կալանավորվեց․ «Մեր ձեւովը դա ընդամենը տվյալ պահի խոսույթն էր։ Այդ պահին ստացվեց, ես ասացի՝ մեր ձեւով։ Ինձ թվում էր՝ այդ պահին բարի համբավ ունեմ, այսքան բան եմ արել այս երկրի համար, կարող է այս ելույթը Փաշինյանը նայելով՝ վերջացնի իր հարձակումները մեր եկեղեցու վրա։ Բայց ինքը ոչ թե վերջացրեց, ինձ կալանավորեց այդ երկու բառի համար, հարձակումները եկեղեցու վրա ավելի ուժեղացրեց։ Հարձակումներ սկսեց մեր ինքնության վրա։
Իսկ ես բոլոր դեպքերում ինձ համարում եմ շատ հայրենասեր մարդ, եւ չէի կարող նույնիսկ բանտի խցում հանգիստ լինել եւ նայել, թե ինչպես է նա ձերբակալում մեր սրբազաններին, ինչպես է շարունակում հարձակումները մեր վեհափառի վրա, ամբողջ աշխարհում խայտառակ անում մեր ազգին։
Եթե դուք հիշում եք՝ ես սկզբում քաղաքական կուսակցության հայտ չներկայացրեցի, քանի որ հնարավորություն տվեցի իրենց խելքի գալու։ Ես դրա համար հայտարարեցի հասարակական շարժում, որը շատ արագ շատ մեծ թափ առավ։ Եվ տեսնելով, որ այս մարդու համար ընդհանրապես կապ չունի մարդկանց կարծիքը, դրա համար որոշեցի, որ ես մեր ձեւով եմ մասնակցելու այդ պրոցեսին, այսինքն՝ գնացի քաղաքական կուսակցության ստեղծման։ Եվ տեսաք, որ շատ արագ ճիշտ քայլերով գնացինք առաջ եւ հիմա դարձել ենք գլխավոր հաղթող ուժը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































