Մայիսի 7-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրությունները խոցելի խմբերի համար և ԶՈՒ-ում» թեմայով։
Քննարկմանը մասնակցեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արուսյակ Տերչանյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյան և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախագահ Մուշեղ Հովսեփյան։
Քննարկման ընթացքում բանախոսները անդրադարձան հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացքում խոցելի խմբերի ընտրական իրավունքի իրացման խնդիրներին, փակ հաստատություններում և զինված ուժերում ընտրությունների կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև մատչելիության և տեղեկատվության հասանելիության հարցերին։
Արուսյակ Տերչանյանը նշեց, որ ԿԸՀ-ն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ստացիոնար բուժում ստացողների, ձերբակալված անձանց և զինծառայողների ընտրական իրավունքի ապահովման համար։ Նրա խոսքով՝ իրականացվում են ընտրատեղամասերի մատչելիության գնահատումներ, հանձնաժողովների անդամների ուսուցումներ, ինչպես նաև բրայլյան կաղապարների և իրազեկման նյութերի տրամադրում։
Կարդացեք նաև
Մուշեղ Հովսեփյանը շեշտեց, որ ընտրական մատչելիության խնդիրը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Նրա խոսքով՝ խնդիրը միայն ընտրատեղամասի մատչելիությունը չէ, այլ նաև անձի տնից դուրս գալու, տրանսպորտից օգտվելու և ամբողջ երթուղու հասանելիության ապահովումը։ Նա ընդգծեց, որ բազմաթիվ ընտրատեղամասեր շարունակում են մնալ անմատչելի, իսկ պետության կողմից վերահսկողությունն ու ֆինանսավորումը բավարար չեն։
Վարդինե Գրիգորյանը խոսեց հատկապես տեղեկատվության մատչելիության կարևորության մասին՝ նշելով, որ ընտրական գործընթացը սկսվում է ոչ թե քվեարկության օրը, այլ քարոզարշավի փուլից։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը բավարար ջանքեր չեն գործադրում ժեստերի լեզվի թարգմանության, հեշտ ընթեռնելի նյութերի և ներառական քարոզչության ապահովման ուղղությամբ։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հոգեբուժական հաստատություններում և քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպմանը։ Նշվեց, որ ստացիոնար բուժում ստացողների համար կիրառվում է շրջիկ քվեատուփի մեխանիզմը, իսկ քրեակատարողական հիմնարկներում ձևավորվում են առանձին տեղամասեր՝ դիտորդների և լրատվամիջոցների մասնակցության հնարավորությամբ։
Բանախոսները կարևորեցին նաև զինված ուժերում ընտրությունների ազատ և անկախ կազմակերպումը։
Ըստ Վարդինե Գրիգորյանի՝ զինծառայողների քվեարկությունը պետք է հնարավորինս մոտ լինի քաղաքացիական ընտրական գործընթացին, իսկ տեղեկատվության հասանելիությունը պետք է լինի հավասար բոլորի համար։
Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց այն քաղաքացիների խնդրին, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարողանում լքել իրենց բնակարանը։ Նշվեց, որ գործող օրենսդրությունը չի նախատեսում տնային քվեարկության հնարավորություն, ինչը մասնակիցների գնահատմամբ մարդու ընտրական իրավունքի սահմանափակման խնդիր է առաջացնում։
Բանախոսները համակարծիք էին, որ ընտրական գործընթացի ներառականության ապահովումը շարունակում է մնալ համակարգային մարտահրավեր և պահանջում է ինչպես օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ երկարաժամկետ քաղաքական կամք և պետական ներդրումներ։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։


















































