2020-2023թ. Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմների հետևանքով՝ 100 000-ից ավելի էթնիկ հայեր բռնի տեղահանվեցին Արցախից և ապաստան գտան Հայաստանի Հանրապետությունում՝ փորձելով ինտեգրվել նոր միջավայրում և կյանքը սկսել զրոյից։ Հատկապես դժվար է հաշմանդամություն ունեցող արցախցիների ինտեգրումը նոր իրականությունում ու սոցիալ-կենցաղային նոր պայմաններում։ Նրանց մի մասի խնդիրները մինչ օրս էլ շարունակում են մնալ չլուծված։
Ինտեգրման խոչընդոտները. ի՞նչ խնդիրների են բախվում տեղահանված ընտանիքները
«Տղաս 1-ին խմբի հաշմանդամ է, ողնաշարի խնդրի պատճառով չի քայլում, սայլակով է տեղաշարժվում։ Անտանելի վիճակում, առանց որևէ փաստաթղթի, մի կերպ դուրս ենք եկել Արցախի Իվանյան համայնքից։ Որդուս սայլակը դրել ենք մեքենայի բեռնախցիկում ու միասին՝ 6 հոգով, մի կերպ տեղավորվելով դուրս եկել», -պատմում է տիկին Գյոզալը՝ Վրեժ Մոսիյանի մայրը։
Վրեժն ունի առաջին խմբի հաշմանդամություն։ Ընտանիքով Արցախից տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերի վերջին։ Այժմ բնակվում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վարձակալած տանը։ Ընտանիքում ոչ ոք չի աշխատում։
Կարդացեք նաև
Արցախում, բացի Վրեժից, նաև տիկին Գյոզալը՝ որպես Վրեժի խնամակալ, նպաստ էր ստանում։ Հայաստան տեղահանվելուց հետո տղայի հաշմանդամության խումբը նույնն է մնացել, սակայն նպաստը կրճատել են․ այժմ միայն Վրեժն է ստանում 46․000 դրամ նպաստ։ «Դրանով դեղե՞րը գնենք, թե՞ սոցիալական այլ խնդիրները լուծենք։ Արցախում այդ դեղերը տալիս էին»,-ասում է Գյոզալը։
Տեղահանությունից հետո հաշմանդամություն ունեցող անձինք իրենց անտեսված և անօգնական են զգում։ Նրանցից շատերը բախվում են նաեւ իրենց հաշմանդամության խմբի վերականգնման խնդրին։
Սամվել Վանյանն ունի 2-րդ խմբի հաշմանդամություն։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 11 տարեկանում, արկի պայթյունից վնասվածք է ստացել, իսկ արդեն 2020թ-ին, 44-օրյա պատերազմին մասնակցելուց հետո ողնաշարի շրջանում ի հայտ են եկել խնդիրներ, առողջական վիճակն աստիճանաբար վատացել է։
«Գլխովս շատ բան է անցել, արցախյան 1-ին պատերազմի ժամանակ ահավոր օրեր էինք ապրում։ Ստեփանակերտի ծայրամասային Կրկժան թաղամասում էինք բնակվում և մեր տունը դիրքից 15 մ հեռավորության վրա էր։ Հայրս Կրկժանի դիրքերում էր, իսկ մենք ռազմական գործողություններին մոտ վախվորած ապրում էինք, մինչև այդ տեղանքն ազատագրեցին։
2020թ. 44-օրյա պատերազմից երկու ամիս անց զգացի թուլություն, հետո չէի կարողանում շարժվել, հետազոտվելուց պարզվեց, որ ողնաշարի լուրջ խնդիր ունեմ։ Տեղի բժշկի խորհրդով և հարազատներիս ջանքերով վիրահատվեցի ՌԴ Սանկտ Պետերբուրգի մասնագիտացված բուժկենտրոնում։ Վիրահատությունը տևել է 10 ժամ, ողնաշարիս տեղադրել են տիտանե իմպլանտ։ Սանկտ Պետերբուրգի բուժկենտրոններում 4 ամիս ստացել եմ վերականգնողական բուժում։ Այժմ էլ վզիս շրջանում իմպլանտի հետևանքով վերք է առաջանում և անընդհատ վիրակապում ենք։ Բժիշկները հույս չունեին, որ ես ոտքի կկանգնեմ, բայց փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ»,-պատմում է նա։
Սամվելը տեղահանումից հետո դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, վերականգնել են 2-րդ կարգի հաշմանդամությունը, որից հետո մեկ տարի շարունակ ստացել է 40 հազար դրամի թոշակ։ «Անցած տարվա հունիսից այլևս չեմ ստանում, դիմել եմ Հանձնաժողովին, հետազոտվել, սակայն հաշմանդամությունս չեն հաստատել, պատճառաբանելով, որ 2 ամսից հետո հավելյալ հետազոտություններ էլ պիտի անցնեմ։ Ես ինչի՞ պետք է այդքան սպասեմ, չեմ հասկանում, ախր դրա պատճառով զրկվել եմ նաև տեղահանված և հաշմանդամություն ունեցող արցախցիներին հատկացվող բնակվարձի աջակցություններից։ Երկու որդի ունեմ, ո՞նց պահեմ ընտանիքս, վճարեմ վարձը։ Առողջական խնդրի պատճառով չեմ կարողանում լիարժեք աշխատել։ Ստիպված ծանր աշխատանք եմ կատարում, որ սովամահ չլինենք, ինչը վնասում է ողնաշարիս»,-պատմում է նա։
Այս պատմությունները եզակի չեն, Սամվելի և Գյոզալի ընտանիքների պես բազմաթիվ տեղահանված ընտանիքներ նույն ճակատագրին են արժանանում։
Վիճակագրություն իրականության կողքին
Գրավոր հարցմամբ դիմել էինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, խնդրել պարզաբանելու Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող ընտանիքներին վերաբերող մեր հարցերը։
Նախարարությունից հայտնել են, թե տեղահանված, բայց Հայաստանում հաշվառում չունեցող անձինք կարող են անցնել ֆունկցիոնալության գնահատում՝ ներկայացնելով փաստացի բնակության մասին տեղեկանք։ Օտարերկրացիները, քաղաքացիություն չունեցող և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք նույնպես կարող են անցնել նույն ընթացակարգը՝ ներկայացնելով իրենց Հայաստանում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։
Նախարարությունից տեղեկացրին, որ 2023թ. նոյեմբերի 30-ի դրությամբ՝ Միգրացիայի ՏՀ-ում, «Փյունիկ» և «E-Disability» համակարգերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների բազայում հաշվառված են հաշմանդամություն ունեցող 7830 անձ։ Նրանցից 748-ը վերջին մեկ տարում վերականգնել է հաշմանդամության կարգավիճակը։
Պրոթեզաօրթոպեդիկ և այլ աջակցող միջոցների տրամադրման վերաբերյալ հայտնել են, որ ՀՀ կառավարության N1004-Ն որոշմամբ սահմանված կարգով միջոցները տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանում բնակության իրավունք ունեցող օտարերկրացիներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
Հաշմանդամության խումբը նվազում է, սոցիալական բեռը՝ աճում. Նախարարությունը տեղահանված հաշմանդամություն ունեցողների համար հատուկ ծրագրեր չունի
Տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձին քաղաքականություն հաշմանդամության մասով չի գործում․ նրանք ընդգրկված են ընդհանուր համակարգում։ Միևնույն ժամանակ, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար նախատեսված են լրացուցիչ արտոնություններ, օրինակ՝ բարձրարժեք ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը պարզաբանում է, որ խնամակալի համար առանձին դրամական նպաստ Հայաստանի Հանրապետությունում նախատեսված չէ։ Նրա խոսքով՝ Արցախում գործող կարգավորումները տարբերվել են Հայաստանի օրենսդրությունից։
«Հայաստանի Հանրապետությունում նաև խնամակալին նպաստ չի սահմանվում։ Խնամակալի ինստիտուտը կարգավորվում է քաղաքացիական օրենսգրքով, և նրա հիմնական գործառույթը խնամակալի փոխարեն որոշումներ կայացնելն է, բայց ոչ նպաստ ստանալը»,– նշում է Հակոբյանը։ Նրա խոսքով՝ նման դրույթ Հայաստանում տարիներ շարունակ չի գործում։
Փոխարենը նախարարությունը ներդրել է անձնական օգնականի ծառայությունը, որի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա կյանքում՝ տեղաշարժի, բուժհաստատություններ այցելելու, սոցիալական ներգրավվածության և այլ հարցերում։
Ծառայությունից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայություն և անցնի ֆունկցիոնալության գնահատում։ Եթե սահմանվում է համապատասխան սահմանափակման աստիճան, նշանակվում է անձնական օգնական։ Ըստ Հակոբյանի՝ ներկայումս շուրջ 215 մարդ է օգտվում այս ծառայությունից, և նրանց ճնշող մեծամասնության դեպքում (մոտ 99%) անձնական օգնականը ընտանիքի անդամ է։
Վարձատրությունը կախված է ֆունկցիոնալ սահմանափակման աստիճանից; Ժամավճարը կազմում է 1050 դրամ, այսինքն՝ ամսական կարող է կազմել մոտ 100-140 հազար դրամ։
Հակոբյանի խոսքով՝ հաշմանդամությունը դիտարկվում է որպես դինամիկ գործընթաց․ այն կարող է բարելավվել կամ վատթարանալ։ Այդ պատճառով էլ կարգավիճակները սահմանվում են որոշակի ժամկետով՝ պարբերական վերագնահատման նպատակով։
Նա ընդգծում է, որ ներկայումս կիրառվում է սոցիալական մոդելի վրա հիմնված գնահատում, որը հաշվի է առնում ոչ միայն առողջական վիճակը, այլ նաև միջավայրի ազդեցությունը մարդու կարողությունների վրա, ինչպես է կարողանում ինքնուրույն կենցաղ վարել, առաջին անհրաժեշտության գործողությունները կատարել։
Եթե քաղաքացին համաձայն չէ տարածքային հանձնաժողովի որոշման հետ, կարող է բողոքարկել Միասնական սոցիալական ծառայությունում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև դատարանում։ Նախարարությունը նաև իրականացնում է մոնիթորինգ և վերապատրաստումներ՝ հանձնաժողովների աշխատանքը բարելավելու նպատակով։
Հարցին, թե ինչու է հաշմանդամության կարգավիճակի դադարեցումը հանգեցնում նաև որոշ սոցիալական աջակցության ծրագրերից զրկվելուն, պաշտոնյան պատասխանում է, որ արտոնությունները օրենքով կապակցված են հենց հաշմանդամության կարգավիճակի հետ։ Նրա խոսքով՝ բոլոր երկրներն իրենց ֆինանսական հնարավորություններից ելնելով են սահմանում սոցիալական արտոնությունները։
Նախարարության տվյալներով՝ 2023թ. Արցախի հաշմանդամություն ունեցող անձանց բազայում առկա էր շուրջ 6 հազար անձի վերաբերյալ տեղեկատվություն։ Այդ տվյալներից զատ, ըստ Հակոբյանի, կարող են լինել անձինք, որոնք արդեն իսկ Հայաստանում էին բնակվում և այստեղ ճանաչվել էին որպես հաշմանդամություն ունեցողներ։
Վերականգնողական ծառայությունները՝ նոր պայմաններում, նոր մարտահրավերներով
Արցախում 1998թ.-ից գործող Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հիմնադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը կենտրոնը վերաբացվել է Հայաստանում:
Նրա խոսքով՝ 2024թ. հունվարից վերսկսել են ամենախոցելի շահառուների համար Արցախում գործող տնային պայմաններում վերականգնողական բուժման և աջակցության ծրագիրը։ Մասնագետները, երբ այցելել են շահառուների տները, արձանագրել են, որ նրանց առողջական վիճակը վատթարացած է, կյանքի որակը ցածր է ու առկա կենսապայմանները, բնակարաններն ընդհանրապես հարմարեցված չեն իրենց կարիքներին։ Մինչդեռ նախարարությունից նշում են, թե նաև բնակարանային պայմանների հարմարավետությունն են հաշվի առնում։
«Արցախում շատ թե քիչ դրանք հարմարեցված էին ու ամենակարևորը՝ հոգեբանական ընկճվածություն չունեին և ապաքինվելու հույս ունեին։ Ներկայումս նրանք հուսալքված են, չունեն խանդավառություն ու դեռ երկար ժամանակ աջակցության կարիք կունենան։ Մարդիկ նաև տեղից տեղ են տեղափոխվում, ինչը խոչընդոտում է նրանց ինտեգրմանը, հարմարեցմանը։ Շատ ծանր է, հատկապես երբ լուծումներ չես տեսնում նման իրավիճակներում»,-նշեց Վարդան Թադևոսյանը։
Կենտրոնը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կարողացել է նաև մի քանի ամիս աջակցություն տրամադրել մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 100 երեխայի, այդ թվում նաև հայաստանցի երեխաների։
Թադևոսյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող արցախցիները տեղահանվել են հարազատների հետ միասին, իսկ տեղաշարժման խնդիր ունեցողները՝ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ջանքերով։
«Վառելիքի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացածները բուժօգնություն էին ստացել ՀՀ տարբեր հիվանդանոցներում, ոմանք էլ բուժման համար տեղափոխվել են արտերկիր։ Առաջին բուժօգնությունից զատ նրանց անհրաժեշտ էր շարունակական վերականգնողական բուժում (ֆիզիկական և հոգեբանական)։ Մեր Վերականգնողական կենտրոնի անձնակազմին խնդրեցի՝ համախմբվել և աշխատել տարբեր հիվանդանոցներում ու 18 ամիս շարունակ՝ մինչև այս տարվա հուլիսի 15-ն արդյունավետ աշխատեցին»,-նշեց Թադևոսյանը։
Նա տեղեկացրեց, որ Վերականգնողական կենտրոնում կարող են ամեն տարի ստացիոնար բուժում ապահովել միայն 100 հոգու համար, քանի որ սենյակների քանակը սահմանափակ է։ Սակայն, փորձում են օրվա ընթացքում ամբուլատոր բուժսպասարկում ապահովել հաշմանդամություն ունեցող 100 անձի։ Ապագայում նախատեսում են սպասարկել 400-500 ստացիոնար բուժվողների։ Կունենան նաև հոգեբանի, լոգոպեդի, էրգոթերապիայի և արվեստի թերապիայի նոր դասարաններ։
Թադևոսյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող արցախցիների խնդիրների նկատմամբ պետական մարմինները անտարբեր չեն մնում։
«Իրականում հանրության և ՀՀ կառավարության ծրագրերով աշխատանքներ կատարվում են։ Չէի ասի, որ բոլորը գոհ են կամ ես եմ գոհ, բայց ասել, թե ոչինչ չի արվում, ճիշտ չի լինի։ Խնդիրները լուծելու համար երկար ժամանակ է պահանջվում։ Կան տասնյակ ՀԿ-ներ, որոնք աջակցում են հաշմանդամություն ունեցող մարդկանց ու նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ են բացում նման կազմակերպություններ կամ անհատապես են բարձրաձայնում խնդիրների մասին ու նախաձեռնում ծրագրեր»,- ասաց Վ. Թադևոսյանը։
Ըստ Ք. Քոքսի վերականգնողական կենտրոն ՀԿ-ի տնային այցելության պատասխանատու Նարինե Ավանեսյանի, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար դժվար է հատկապես մարզերում։ Բնակության անհարմար ու վատթար պայմանների, օրթոպեդիկ պարագաների բացակայության պատճառով ավելի են սրվում նրանց խնդիրները, ինչի հետևանքով աճել է պառկելախոցեր ունեցողների թիվը։
«Ունենք հաշմանդամություն ունեցողներ, որոնք ապրում են մարզերի, գյուղերի բազմահարկ շենքերի 4-6 հարկերում, որտեղ չկան վերելակներ և նրանք ունեն միայն պատուհան բացելու հնարավորություն։ Մինչդեռ հարմարեցված պայմանների դեպքում նրանք կկարողանային անվասայլակով իջնել բակ և շփվել մարդկանց հետ։ Տեղահանության ժամանակ շատերն անգամ չեն կարողացել իրենց սայլակները բերել և երկար ժամանակ գամված էին անկողնուն, մինչև կարողացանք նրանց համար սայլակ ձեռք բերել։ Խնդիրները շատ են և փորձում ենք օգնել ըստ կարիքների առաջնահերթության»,-նշեց Նարինեն։
Հատվածական և կարճաժամկետ լուծումներ
Տեղահանված հաշմանդամություն ունեցող արցախցիների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում շարունակում է կրել հատվածային և իրավիճակային բնույթ։ Թեպետ առկա են աջակցության տարբեր ծրագրեր, դրանք հաճախ զուրկ են կանխատեսելիությունից և շարունակականությունից։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի ղեկավար Մուշեղ Հովսեփյանը նշեց, որ գործող մեխանիզմները հիմնականում չեն հարմարեցվում տեղահանված անձանց առանձնահատուկ կարիքներին, իսկ հաշմանդամություն ունեցող արցախցիների համար առանձին, նպատակային պետական ծրագիր մինչ այժմ չի մշակվել։ Սա հատկապես զգայուն է երեխաների ներառման տեսանկյունից։ Խնդիրներից մեկն ըստ նրա այն է, որ մարդիկ հաճախ հայտնվում են «մշտական դիմորդի» կարգավիճակում՝ ստիպված լինելով պարբերաբար ապացուցել իրենց կենսական կարիքները կամ ապրել անորոշության պայմաններում՝ չիմանալով, թե երբ կարող է դադարեցվել հերթական աջակցությունը։
Հաշմանդամության խմբի չհաստատման կամ կարգավիճակի տրամադրման ձգձգումները կրում են համակարգային բնույթ։ Դրանք պայմանավորված են ոչ միայն առանձին վարչական սխալներով, այլև ընթացակարգերի բարդությամբ, բժշկական փաստաթղթերի անհամաչափ պահանջներով, իրավական ակտերում առկա անորոշություններով և վարչարարական ուշացումներով։ Թեև այս խնդիրները վերաբերում են նաև ՀՀ քաղաքացիներին, տեղահանվածների դեպքում հավելվում է փաստաթղթային բարդությունների գործոնը։
«Երբ անձը երկար ժամանակ մնում է առանց կարգավիճակի, նա փաստացի զրկվում է սոցիալական աջակցության, երբեմն նաև առողջապահական և վերականգնողական ծառայությունների հասանելիությունից։ Սա արդեն ոչ միայն վարչական խնդիր է, այլև սոցիալական պաշտպանության իրավունքի խախտում։ Նույնիսկ կարճաժամկետ զրկումը կարգավիճակից նշանակում է նպաստների դադարեցում, ծառայությունների փոխհատուցման կասեցում և այլ երաշխիքների «սառեցում»»,-պարզաբանեց Մուշեղ Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ հաշմանդամության նպաստների և այլ դրամական վճարների ներկայիս չափերը հիմնականում չեն ապահովում նվազագույն արժանապատիվ կենսապայմաններ։ Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն լրացուցիչ ծախսեր՝ դեղորայք, վերականգնում, տրանսպորտ, օժանդակ տեխնոլոգիաներ, խնամք, որոնք հաճախ չեն ծածկվում տրամադրվող աջակցությամբ։
Բնակվարձի աջակցության քաղաքականությունը ևս ըստ նրա՝ խնդրահարույց է։ Ծրագրերում հաշվի չեն առնվում հաշմանդամության հետևանքով ծագող լրացուցիչ կարիքները, առաջանում է անուղղակի խտրականություն․ բոլորի նկատմամբ կիրառվող նույն չափանիշը տարբեր ազդեցություն է ունենում տարբեր խմբերի վրա։ Հաշմանդամություն ունեցող տեղահանված անձը սովորաբար ունի ավելի քիչ եկամուտ, ավելի շատ ծախսեր և բնակարան ընտրելու ավելի սահմանափակ հնարավորություն։ Նույն արժեքով մատչելի և ծառայություններին մոտ բնակարան գտնելը հաճախ անհնար է։
Մուշեղ Հովսեփյանը համոզված է, որ պետության պարտավորությունը չի սահմանափակվում ֆինանսական աջակցությամբ։ Եթե անձը ֆիզիկապես չի կարող մուտք գործել իր բնակարան, օգտվել սանհանգույցից կամ անվտանգ տեղաշարժվել շենքում, ապա բնակարանի իրավունքը դառնում է ձևական։ Մատչելիության պահանջները պետք է ներառվեն բնակարանային ծրագրերում, իսկ հարմարեցման ծախսերի փոխհատուցումը դառնա հասանելի գործիք։ Առանց այդ պայմանների անհնար է խոսել իրական ներառման մասին։
«Մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող արցախցիների վիճակը հաճախ ավելի խոցելի է։ Վերականգնողական, սոցիալական և հոգեկան առողջության ծառայությունները սահմանափակ են, մատչելի ենթակառուցվածքներն ու տրանսպորտը՝ պակաս զարգացած, աշխատանքի հնարավորությունները՝ սակավ։ Համայնքային համակարգերը միշտ չէ, որ պատրաստ են արձագանքել տեղահանված և հաշմանդամություն ունեցող մարդկանց բազմաշերտ կարիքներին»,-ասաց նա։
Իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի խոսքով՝ նրանց փորձը ցույց է տալիս, որ տեղահանված հաշմանդամություն ունեցող ընտանիքները հաճախ մնում են միայնակ՝ բարդ գործընթացների առաջ։
«Թեև որոշ դեպքերում հնարավոր է լինում կոնկրետ հարցեր լուծել ՀԿ-ների ահազանգերի հիման վրա, ընդհանուր քաղաքական փոփոխությունները դանդաղ են։ Ակնկալվում է, որ պետական արձագանքը չսահմանափակվի առանձին բողոքների պատասխանով, այլ ուղղված լինի խնդիրների պատճառների վերացմանը՝ պարզեցված ընթացակարգեր, հստակ չափորոշիչներ, հաշվետվողականություն և շահառուների մասնակցություն որոշումների կայացման գործընթացում»,-ասաց ՀԿ ղեկավարը։
Առաջնահերթ քայլերը, ըստ մասնագետների, երեքն են՝ Սոցիալական պաշտպանության շարունակականության ապահովում, որպեսզի որևէ մարդ չմնա առանց աջակցության։ Մատչելի և հարմարեցված բնակարանային լուծումների ներդրում՝ ներառյալ հարմարեցման ծախսերի փոխհատուցումը։ «Մեկ պատուհանի» սկզբունքով ծառայություն և անհատական ուղեկցում՝ հստակ ճանապարհային քարտեզով։
«Մենք միշտ հորդորում ենք կարճաժամկետ լուծումներից դեպի երկարաժամկետ և իրավունքահենք քաղաքականություն։ Վերաբերմունքը պետք է փոխվի։ Մարդիկ պետք է դիտվեն որպես իրավասուբյեկտ, ծառայությունները մատուցվեն հանուն նրանց բարեկեցության։ Երկու տարի անց արդեն պետք է հստակ լիներ, որ սա ոչ թե ժամանակավոր հումանիտար հարց էր, այլ մարդկանց կյանքի կազմակերպման և հավասար իրավունքների հարց։ Պետությունը պետք է ապահովի կանխատեսելիություն, շարունակականություն և մատչելիություն, իսկ որոշումները պետք է ընդունվեն հաշմանդամություն ունեցող արցախցիների մասնակցությամբ։ Այդ մասնակցությունն էլ պետք է լինի իմաստալից»,- հավելեց Մուշեղ Հովսեփյանը։
Արցախցիների տեղահանումից անցել է ավելի քան 2 տարի, սակայն մեծ մասի՝ հատկապես սահմանափակ կարողություններով անձանց խնդիրները չեն լուծվել։ Դրանք օրեցօր աճում են։ Սակայն պատասխանատու կառույցները նշում են, որ տեղահանված հատուկ կարիքներ ունեցողների համար առանձին ծրագրեր չունեն։ Իսկ նրանց պատմություններն արտացոլում են այն, որ այդ կենսական խնդիրների առումով համակարգը դեռ չի անցել երկարաժամկետ և հիմնական լուծումների․ հազարավոր մարդիկ շարունակում են ապրել անորոշության մեջ՝ պայքարելով իրենց իրավունքների համար, իսկ ժամանակը նրանց օգտին չի աշխատում։
World Vision Armenia-ի 2023թ. նոյեմբերի 7-ի տվյալներով՝ Հայաստանում ապաստանած 101, 848 արցախցիների 16%-ը եղել են հաշմանդամություն ունեցող անձինք։
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
ԱՆՅԱ ՍԱՐԿԻՍՈՎԱ
Ինֆոգրաֆիկան Սուսինա Խաչատրյանի




















































