Մայիսի 7-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մամուլի ազատության նահանջը․ պատճառները» թեմայով։
Քննարկմանը մասնակցեցին Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյան և Ampop.am մեդիա հարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյան։
Քննարկման ընթացքում բանախոսները անդրադարձան մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում Հայաստանի դիրքերի հետընթացին, լրատվամիջոցների գործունեության վրա ազդող քաղաքական, տնտեսական և անվտանգային գործոններին, ինչպես նաև մեդիա դաշտում առկա բևեռացման խնդիրներին։
Սուրեն Դեհերյանը նշեց, որ միջազգային և տեղական զեկույցներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մեդիա դաշտի բևեռացվածությանը, լրագրողների նկատմամբ ճնշումների, տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումների և սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածման դեպքերին։ Նրա խոսքով՝ վերջին ամիսներին արձանագրված բազմաթիվ խախտումները բացասաբար են ազդում մամուլի ազատության ընդհանուր միջավայրի վրա։
Կարդացեք նաև
Արթուր Պապյանը շեշտեց, որ մամուլի ազատությունը չի կարելի գնահատել միայն լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության բացակայությամբ։ Նրա խոսքով՝ կարևորագույն խնդիրներից մեկը լրատվամիջոցների տնտեսական խոցելիությունն է, որի հետևանքով շատ մեդիաներ հայտնվում են քաղաքական կամ ֆինանսական ազդեցությունների ներքո։ Նա ընդգծեց, որ լրատվամիջոցների ֆինանսական անկախության ապահովումը կարևոր նախապայման է իրական ազատության համար։
Բանախոսները նաև անդրադարձան սոցիալական ցանցերում լրագրողների նկատմամբ իրականացվող համակարգված հարձակումներին և դրանց հետևանքով հասարակության մեջ լրագրողների նկատմամբ անվստահության աճին։ Սուրեն Դեհերյանի խոսքով՝ նման մթնոլորտը վտանգավոր է ոչ միայն լրատվամիջոցների, այլև հանրային առողջ քննարկումների համար։
Քննարկման ընթացքում ընդգծվեց նաև հանրային հեռարձակողի դերի կարևորությունը։ Արթուր Պապյանի գնահատմամբ՝ հանրային հեռուստատեսությունը դեռևս լիարժեք չի իրականացնում իր հանրային գործառույթը՝ ապահովելով տարբեր քաղաքական ուժերի և տեսակետների հավասարակշռված ներկայացվածություն։
Անդրադառնալով մեդիա դաշտի որակին՝ բանախոսները նշեցին, որ Հայաստանում գործում են բարձր պրոֆեսիոնալ չափանիշներով մի շարք լրատվամիջոցներ, որոնք մրցունակ են միջազգային հարթակներում։ Միևնույն ժամանակ, ընդգծվեց, որ մեդիա սպառման մշակույթը ևս կարևոր դեր ունի, քանի որ հասարակությունը հաճախ դառնում է մանիպուլյատիվ և ագրեսիվ տեղեկատվության թիրախ։
Քննարկման ավարտին բանախոսները համաձայնեցին, որ մամուլի ազատության ոլորտում արձանագրված հետընթացը մեծապես պայմանավորված է քաղաքական լարվածությամբ և նախընտրական միջավայրով, սակայն դրա հաղթահարման համար անհրաժեշտ են ինչպես օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ, այնպես էլ քաղաքական ուժերի, լրատվամիջոցների և հասարակության պատասխանատու վարքագիծ։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։


















































