Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարարակն»-ի վերածնունդը մի յուրօրինակ հոգևոր կարևոր հենակետ կարող է դառնալ Արցախի մեր հայրենակիցների համար

Մայիս 07,2026 23:43 Share

Արցախի մայրաքաղաքի պատմական Վարարակն անունով 1990-ականներին, երբ Արցախում ազատագրական պատերազմ էր, ասպարեզ մտավ երգչախումբը, որի հիմնադիրն է դիրիժոր, արվեստի վաստակավոր արտիստ Նինա Գրիգորյանը։

1998-ին «Վարարակն» երգչախումբը ստացավ պետական կարգավիճակ ու դարձավ Արցախի մշակութային կյանքի կարևոր երակներից մեկը։ Տարիներ շարունակ «Վարարակն»-ը գեղարվեստական ղեկավար Արմինե Յախշյանի և դիրիժոր Ժաննա Աղաջանյանի հետ բազում համերգներով հանդես եկավ Արցախում, ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում, արտերկրում։ Սակայն եղավ Արցախի հայաթափումը, և ինչպես Արցախի բոլոր մշակութային կառույցները, այնպես էլ «Վարարակն» երգչախումբը մնացել էր առանց աջակցության և կկազմալուծվեր։

Բայց եղավ աջակցություն և՛ «Վարարակն»-ին, և՛ «Արցախ ջազ»-ին, և՛ Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան պետական թատրոնին, և՛ «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթին՝ բարերար, Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Յուրի Նավոյանի կողմից։

Արցախի հայաթափումից հետո վերակազմավորված «Վարարակն» երգչախմբի առաջին՝ «Հով արեք, սարեր ջան» խորագիրը կրող համերգը Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, կայացավ 2026 թ․ փետրվարի 5-ին։ Համերգին ներկա էր «Դիալոգ»-ի հիմնադիր նախագահ Յու․ Նավոյանը, որն ասաց․ «Գտնում ենք՝ վերջին ողբերգության հետևանքները հնարավոր է հաղթահարել՝ հենվելով մշակույթի և հոգևոր արժեքների վրա։ «Վարարակն»-ի վերածնունդը մի յուրօրինակ հոգևոր կարևոր հենակետ կարող է դառնալ մեր հայրենակիցների համար։ Եվ միանգամայն բնական է, որ վերածնված «Վարարակն»-ը Երևանում իր գործունեությունը սկսում է՝ ներկայացնելով Կոմիտասի ստեղծագործությունները»։

Մայիսի 6-ին Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ «Վարարակն»-ի երևանյան երկրորդ համերգը, որի ծրագիրը, կազմակերպիչների ներկայացմամբ, միավորել էր համաշխարհային դասական արվեստն ու հայկական երաժշտական ժառանգությունը։ Դահլիճում ներկա էին «Դիալոգ»-ի նախագահ Յու․ Նավոյանը, հյուրեր նաև Ռուսաստանից, արցախցիներ, դասական երաժշտության սիրահարներ։

Առաջին մասում հանդես եկան երգչախմբի կանայք՝ ներկայացնելով Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Stabat Mater dolorosa»-ն։ Համերգը վարեց Սևակ Ջանյանը, որը ներկայացնելով ծրագիրը, «Stabat Mater dolorosa»-ի մասին ասաց․ «․․․ մի ստեղծագործություն, որը լի է ցավի խորությամբ, հավատքի լույսով և ներքին մաքրությամբ։ Այն մեզ տանում է մի աշխարհ, որտեղ տառապանքը վերածվում է աղոթքի, իսկ լռությունը՝ երաժշտության․․․»։ Եվ հիրավի, երգչախմբի ու մեներգիչներ Էլինա Սարգսյանի (սոպրանո), Լիլիթ Օսիպյանի (մեցցոսոպրանո) կատարումները՝ Նադեժդա Հակոբյանի դաշնամուրային նվագակցությամբ, ներկաներին ոգևորեցին, տարան հայրենի ծննդավայր՝ Արցախ։

Երկրորդ մասում հանդես եկավ ողջ երգչախումբը։ Հնչեցին Կոմիտասի խմբերգերը։ Մեր ժողովրդի մեծ զավակ Կոմիտասը մեզ մեծ ու շատ թանկ ժառանգություն է թողել՝ աստվածային երաժշտություն, որում հայի հոգևոր ու ազգային ինքնության ամենավառ արտահայտություններն են՝ սեր ու հայրենի երկիր, կարոտ ու վառ հիշողություններ՝ լեցուն բազում զգացումներով։ Առաջինը հնչեց «Սուրբ-սուրբ»-ը, «Չինար ես»․․․ «Հով արեք, սարեր ջան» և այլ երգեր, որոնք ջերմություն ու կարոտ, ուրախ ու ծանր հուշեր լցրեցին դահլիճով մեկ։

Համերգն ավարտվեց Սևակ Ջանոյանի կողմից հնչած միջնադարյան ժողովրդական «Մոկաց Միրզան» երգով, որը վիպական-բալադ է։ Ինչպես նշել է Մեծն Կոմիտասը՝ դյուցազներգ է։

 

Համերգը նաև առիթ էր, որ իրար կարոտած արցախցիները կրկին հանդիպեցին, հիշողությամբ տուն գնացին։

Մայիսի 25-ին Արմավիր քաղաքի արվեստի տանը տեղի կունենա դարձյալ «Դիալոգ»-ի աջակցությամբ վերակազմավորված «Արցախ ջազ»-ի համերգը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031