«Մի ժամանակ իշխանամետները պարծենում էին, որ իշխանամետ են, հիմա վախենում ենք, որ ասենք՝ իշխանամետ ենք»,- Սիսիանում քարոզարշավի շրջանակում անցկացվող հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Սիսիանում, ինչպես բոլոր տեղերում, Նիկոլ Փաշինյանը խոսեց առողջապահության ապահովագրությունից և խաղաղությունից։ Ասաց՝ ապագան եկել է, ժողովուրդ, և տեր պետք է կանգնենք ապագային․ «Մենք տեր ենք կանգնում մեր նահատակների հիշատակին, պետք է տեր կանգնենք խաղաղությանը»։
Անդրադարձ կատարելով 2018-ին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «2018-ի ընտրություններից հետո իշխանությունը պատկանում է մեկ մարդու, և այդ մեկ մարդը ո՞վ է, թող ձեռք բարձրացնի։ Էդ մեկ մարդը դու ես»։
Այնուհետև հայտարարեց․ «Էս ամենի՝ որպես կուլմինացիա պետք է մի բան ասեմ՝ ընտրություններ 20-26-ին, քվեարկում ենք 16-ին»։ Հետո կրկին հարցրեց․ «Ժողովուրդ, կարողա՞ չեք քվեարկում 16-ին, կարողա՞ ես ուրիշ հավաքի մեջ եմ հայտնվել»։
Նիկոլ Փաշինյանը Սիսիայում եռագույնով աղավնի բաց թողեց երկինք, սակայն այն նստեց սիսիանցի մի աղջկա գլխին։
Զուգահեռաբար Նիկոլ Փաշինյանը քայլելով Սիսիանի փողոցներով շփվում էր քաղաքացիների հետ։ Քաղաքացիներից մեկը նրան ասաց՝ ուզում եմ մի բան ասեմ՝ խոսք տաս, որ միասին նստենք, մի բաժակ բան խմենք։ Մեկ այլ սիսիանցի մոտեցավ և ուզում էր իր խնդրից խոսել՝ նշելով, որ երրորդ անգամ է հանդիպում Փաշինյանին, բայց հարցը մնացել է, սակայն Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց հարցը հնչեցնի՝ նշելով՝ բարևեմ, էլի, մարդկանց։ Մի սիսիանցի էլ ասաց՝ ուզում եմ ականջիդ մի բան ասեմ։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ վրաս միկրաֆոնա դրված։ Քաղաքացին էլ հորդորեց՝ չագուչը մեծացրու։ Փաշինյանն էլ ասաց՝ չագուչը մեծացրած է։
Հետո էլ, երբ ուզում էր խոսք տար Անահիտ Ավանեսյանին, որ նա պատմեր Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ դարակազմիկ հարցի՝ առողջապահության ապահովագրության մասին, հիշեց իր մյուս գործընկերներին ու ասաց․ «Ո՞ւր են։ Պարոն Միրզոյան, պարոն Կոնջորյան, պարոն Ռուբինյան, եթե շփվում եք մարդկանց հետ, նորմալ է, մնացեք, շփվեք, բայց, եթե մի տեղ ծառի տակ նստած ծխում եք, կամ իրար հետ խոսում, ավելի լավ է՝ եկեք, այստեղ կանգնեք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































