«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն առանց անուններ բացահայտելու «Առավոտ»-ի հետ զրույցում ահազանգել էր, թե Արմավիրի մարզում իրենց հանդիպած երիտասարդ կամավորները հայտնվել են տեղական ինքնակառավարման մարմինների թիրախում։
Հանդիպմանը մասնակցած կամավորականներից մեկը համաձայնեց հարցազրույց տալ «Ազատությանը»՝ չներկայանալու ու ձայնը փոխելու պայմանով։ Պատմեց՝ ապրում է Արմավիրի մարզում, «Միասնության թևեր» կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո, ասաց, մի անծանոթ տղամարդ է հորը զանգահարել:
«Զանգահարում են հայրիկիս, ով պետական աշխատող է, ու հորդորում են, որ զերծ մնանք նման կուսակցությունների հետ… սպառնում են, որ աշխատանքից կհեռացնեն մեր համար դա հետո վատ կլինի: Իրենք ներկայացնում են որպես զգուշացում, իբր մեր լավի համար, բայց կոնկրետ սպառնում են: Չգիտեմ իրենք ինչպես են հայրիկիս հետ կապնվում, ինչ են անում ու ոչ միայն ինձ, մնացած կամավորներին բոլորին, ուսումնական հաստատություններով, ծնողների միջոցով այդպես զգուշացնում են»։
Կարդացեք նաև
«Ազատության» հարցին՝ չե՞ն զանգել ոստիկանություն, նա պատասխանեց. «Ոչ, որովհետև մեզ համար վատ կլինի, աշխատանքից հեռացնել է սպառնում մեզ, ուսումնական հաստատությունից հեռացնել կամ գնահատականների իջեցում, կտրուկ, դրա համար չենք ուզում էլի կոնկրետ հիմա ընթացք տալ, ավելի շատ վախենում ենք ու փորձում ենք ուղղակի խուսափել ինչ-որ մեկին ասել, որ մենք կոնկրետ այդտեղ կամավորում ենք, բայց շատ ակտիվ կամավորում ենք, աջակցում ենք ուղղակի ոչ հանրային ու տեսախցիկներից խուսափում ենք»:
Երիտասարդն ասում է՝ կուսակցության պատգամավորի թեկնածուների այդ ասուլիսից հետո միասնության թևերի Արմավիրի կամավորների թիմին ևս հինգ մարդ է միացել ու որպես չելենջ նրանք դիմակներով լուսանկարներ են հրապարակել սոցցանցերում և հորդորել նույնականացնել իրենց։
Արմավիրի ՔՊ-ական մարզպետ Վահրամ Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ չգիտի ինչի մասին է խոսքը։ Դեռ մեկ ամիս առաջ հրապարակված ասուլիսի հղումն ուղարկեցինք նրան։ Տեսանյութը դիտելուց հետո կտրուկ հերքեց հնչած պնդումները։
«Տեսանյութից իմացա, որ այդպիսի բան կա, բայց վստահ եմ, մեր մարզում նման բան գոյություն չունի, և եթե իրենք անուն գիտեն, գիտեն ովքեր են, թող ասեն, ես հետևողական կլինեմ, որ նման բաներ չլինի, բայց վստահ եմ, չի եղել, իմ կարծիքով սուտ է, իսկ եթե իրենք ունեն նման տեղեկատվություն, թող դիմեն համապատասխան մարմիններին, թող հաղորդում տան, մենք էլ կհետևենք, որ իրենց ասած ժողովրդավարությունը պահպանվի։ Ժողովրդավարություն պահպանողը մենք ենք, մեր իշխանությունն է», – նշեց Խաչատրյանը:
«Միասնության թևեր»-ից ասում են՝ իրավապահներին չեն դիմել, քանի որ կարծում են՝ ասուլիսում հնչեցված հայտարարությունն արդեն հանցագործության մասին հաղորդում է։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, մինչև կոնկրետ դեպքով հաղորդում չստանան, չեն կարող զբաղվել դրանով։
Նարինե ՂԱԼԵՉՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































