Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրեդ նալոգըվի կբերեմ». նախընտրական «կլասիկա»

Մայիս 06,2026 10:00 Share

Ինձ տված հարցազրույցում «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը պատմում է, որ մարզերում իրեն մարդիկ են մոտենում եւ ասում, որ իր քաղաքական ուժի կողմնակից են, բայց եթե հանկարծ հրապարակավ իրենց դիրքորոշումը հայտնեն, խնդիրներ կունենան: Օրինակ, եթե բիզնես ունեն, թեկուզ փոքր կրպակ, ապա հարկայինը կգա եւ մեծ տուգանք կգրի: Իշխանություններն արագորեն ճշտում են, թե ում բարեկամները որտեղ են աշխատում, եւ ինչ լծակներ կարելի է օգտագործել պետական կամ պետության հետ կապ ունեցող հիմնարկների աշխատակիցների ու նրանց բարեկամների վրա:

Թաթոյանի՝ Արմավիրում երիտասարդության հետ հանդիպումից հետո՝ մարզպետարանի եւ համայնքապետարանի աշխատակիցները ֆեյսբուքից ներբեռնել են բոլոր մասնակիցների նկարները, նույնականացրել են դրանք եւ հետո գնացել են այդ մարդկանց տներն ու ահաբեկել նրանց:

Դուք կհարցնեք՝ բա առաջ այդպես չէ՞ր: Ես կպատասխանեմ՝ անշուշտ, այդպես էր: Մոտավորապես 2000-ականներից սկսած՝ իշխանության նախընտրական գործելակերպը հենց այդպիսին է: Դա, կարելի է ասել, նախընտրական «կլասիկա» է: Բայց նախ՝ 2018 թվականին ես եւ շատերը միամտաբար կարծում էինք, որ հեղափոխության նպատակն այդ «ընտրական տեխնոլոգիաները» բացառելն է: Երկրորդ՝ ՔՊ-ականներն իրենց սանձարձակությամբ, կամայականություններով, տեռորով եւ ռեպրեսիաներով վաղուց տվել-անցել են «նախկիններին»:

Փաշինյանի «ժողովրդավարությունը» փառաբանող եւ ռուսական «հիբրիդայինի» դեմ պայքարող եվրոպական լիդերներն այդ ամենի մասին չգիտե՞ն: Իհարկե, հրաշալի գիտեն: Պարզապես Փաշինյանը նրանց հարմար է: Առայժմ: Մասնավորապես, Ֆրանսիայի համար ժամանակին հարմար էին Ժան-Բեդել Բակասսան կամ Մուամար Քադաֆին: Բայց հետո անհարմար դարձան: Մտքիս ծայրով անգամ չի անցնում մեղադրել որեւէ եվրոպական լիդերի՝ նրանք առաջնորդվում են իրենց շահերով: Ժողովրդավարությունը եւ արդար ընտրությունները մե՛զ են պետք՝ ՀՀ քաղաքացիներիս:

…Անկախ նրանից՝ թե ում «արբանյակն» ենք մենք՝ Ռուսաստանի, թե ԵՄ-ի, իշխանության բարքերը մնում են նույնը: Ի՞նչ տարբերություն, թե ով է ընտրությունները կեղծելու «դաբրո» տալիս՝ Պուտի՞նը, թե՞ Մակրոնը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Արմավիրում ուսանողների հետ Արման Թաթոյանի հանդիպումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031