Դոնի Ռոստովի քաղաքային իշխանությունները հայկական ճեմարանի պատմական շենքը, որպես պատմամշակութային ժառանգություն, վերադարձրել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին: Այս գործում իր անգնահատելի և ազնիվ ջանքերն է ներդրել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը մշտապես կարևորել է Հայ Եկեղեցու կրթական առաքելությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ հայրենիքից դուրս:

Շենքի հետագա գործունեության և նորոգման աշխատանքները կազմակերպելու նպատակով թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը մեկնեց Դոնի Ռոստով, որտեղ մի շարք հանդիպումներ ունեցավ: Շրջայցի ընթացքում պարզվեց, որ քառահարկ շենքն ունի գեղեցիկ ճարտարապետական լուծումներ, բայց քանի որ երկար տարիներ չի շահագործվել, հայտնվել է անխնամ ու անմխիթար վիճակում:
Շենքը նորոգելու և կրթական կենտրոնի պատմական առաքելությունը վերականգնելու պատրաստակամությունը ստանձնել է թեմը:
Կարդացեք նաև
Այսօր քչերը գիտեն, որ հայերով բնակեցված Դոնի Նախիջևանը մինչև 20-րդ դարի սկիզբը եղել է թեմական կյանքի հոգևոր կենտրոն: Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ 1875 թ.-ին այստեղ հիմնադրվել է տարածաշրջանի լավագույն աստվածաբանական ուսումնարանը, իսկ 1881 թվականին կայսեր՝ Ալեքսանդր II-ի հրամանագրով վերածվել է հոգևոր ճեմարանի։
Պատմական հենց այս շենքը, որը 150 տարի առաջ ծառայել է հայերին, Եզրաս սրբազանի հետևողական աշխատանքի, և ազգային բարերար Սամվել Կարապետյանի շնորհիվ վերադարձավ թեմին:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ



















































