Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ճիշտ մարդկանց նշանակել պատասխանատու պաշտոններում, ինչի արդյունքում էլ ձախողում է պետության կառավարումը․ այսօր Կոտայքի մարզի Հրազդան մարզկենտրոնում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ-ի քարոզարշավը, հիշեցնենք, մեկնարկել է երեկվանից՝ Աբովյան քաղաքից, իսկ այսօր քարոզարշավը կշարունակվի մարզի մյուս բնակավայրերում։
Անդրադառնալով 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցածին եւ ԲՀԿ-ի դիրքավորմանը՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իր քաղաքական թիմը սկզբում աջակցել է Փաշինյանին․ «Գնացել եմ հրապարակ, հավատացել եմ իր խոսքերին ու սկզբունքներին։ Ժողովրդին հարցրել եմ՝ ո՞ւմ եք ուզում վարչապետ՝ Սասուն Միքայելյանի՞ն, Արարատ Միրզոյանի՞ն, թե Նիկոլ Փաշինյանին։ Ժողովուրդը գոռացել է՝ Նիկոլ Փաշինյան։ Մենք մեր ամբողջ թիմով տվել ենք մեր ձայնը նրան։ Մենք եղել ենք այդ կազմի մեջ, բայց երբ իր ասածը չենք ընդունել ու հակառակ կարծիք ենք հայտնել, հրապարակավ մեր նախարարներին ազատեց պաշտոններից։ Ավելի լավ է՝ ազատեց, որովհետեւ այսօր մենք պատասխանատու չենք կատարվածի համար»։
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանը պետության կառավարման ձախողման գլխավոր խնդիրը վատ կադրային քաղաքականությունն է համարում։ Նա համոզված է, որ կառավարիչները պետք է լինեն պրոֆեսիոնալներ, որպեսզի դրական արդյունք լինի․ «Եթե ես էլ ճիշտ մարդկանց գործի չդնեմ, արդյունք չի լինի։ Ես բարեկամ կամ ծանոթ չեմ նշանակում։ Կարող է՝ մարդուն չճանաչեմ, ուրիշ կուսակցությունից լինի, բայց եթե նա փորձառու է, խելացի, արդյունավետ, պետք է նրան վստահել աշխատանքը։ Այսօր պետք է այդ խնդիրները կարգավորել, որպեսզի ժողովրդի դեմքին նորից ժպիտ լինի։ Մենք միշտ հպարտացել ենք մեր գիտությամբ, արվեստով, բայց այսօր դա էլ չկա»։
Երկրում ստեղծված իրավիճակի համար ԲՀԿ առաջնորդի համոզմամբ, նաեւ ժողովուրդը պատասխանատվություն ունի։ Նա կոչ արեց քաղաքացիներին՝ ակտիվ եւ պատասխանատու մասնակցել քաղաքական գործընթացներին․ «Ասել ենք՝ ժողովուրդ ջան, դուք էլ եք մեղավոր։ Ասում եք՝ չեմ գնում ընտրության, միեւնույն է նույնն է լինելու։ Բայց եթե վախենում եք, որ ձեր տղային աշխատանքից կհեռացնեն, գոնե ասեք՝ ոչ մեկին չեմ ընտրում, կամ բոլորին ասեք՝ քեզ եմ ընտրելու»։
ԲՀԿ առաջնորդի երկրորդ կոչը համախմբվելն է․ «Պետք է իրար կողքի կանգնենք, միասին այս վիճակից դուրս գանք։ Ես հասկանում եմ մարդկանց դրությունը, հասկանում եմ ամբողջ իրավիճակը, բայց բոլորս պետք է պատասխանատվություն վերցնենք»։
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ «Առաջարկ Հայաստանին» ֆեյսբուքյան էջից



















































