Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական դեսպանական «դեսանտը». «Թոշակի անցած թուրք դեսպաններից լիակատար աջակցություն Փաշինյանին»

Մայիս 12,2026 13:26 Share

Turkaget.am. Ապրիլի 26-ին Երևան են ժամանում երեք թուրք դիվանագետ՝ նախկին դեսպաններ Օմեր Օնհոնը, Հասան Գյողուշը և Հասան Սերվեթ Օքթեմը։ Վերջինիս կենսագրության մեջ, բացի տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան աշխատելու փաստից, նշված է նաև, որ նա վիրավորվել է 1984 թ. Թեհրանում Թուրքիայի դեսպանատան վրա «ԱՍԱԼԱ»-ի կողմից կազմակերպված վրիժառուական գործողության ընթացքում։ Երեք դիվանագետներն էլ այժմ ծավալում են փորձագիտական գործունեություն և հանդիսանում են «Անկարայի քաղաքականության կենտրոն» (Ankara Politikalar Merkezi – APM) վերլուծական կենտրոնի մասնագետներ։ Չնայած այցի «մասնավոր» բնույթին, սակայն հենց դիվանագետների խոսքով այն հնարավորություն էր ընձեռել «առաջին ձեռքերից հետևել ընտրություններից առաջ երկրում ստեղծված վիճակին» և «հանդիպել Հայաստանի կարևոր անձանց հետ ու հասկանալ նախընտրական մթնոլորտը»։ Երևան ճանապարհորդության արդյունքում հրապարակած իրենց հոդվածներում թուրք դիվանագետները, բացի զբոսաշրջային բնույթ կրող դիտարկումներից և թուրքական՝ արդեն դասական դարձած հակահայկական քարոզչություն պարունակող գնահատականներից, անդրադառնում են նաև քաղաքական դրությանը։

Այս առումով նրանք առաջ են մղում երկու հիմնական թեզեր։ Առաջին թեզն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը ճիշտ է։ Դեսպան Գյողուշը այսպես է նկարագրում Հայաստանում քաղաքական իրավիճակը և Թուրքիայի դիրքորոշումը. «Փաշինյանը ճիշտ ընտրություն կատարելով ու հրաժարվելով ցեղասպանության վերաբերյալ պնդումների մասին միջազգային հարթակում խոսելուց՝ շարժվում է դեպի Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման։ Մի երկրում, ուր 100 տարի շարունակ թուրքերի հանդեպ թշնամություն է գեներացվում, երեք տարի առաջ պատերազմը պարտված առաջնորդի համար սա շատ խիզախ քայլ է։ … Շատերը համոզված են, որ ընտրություններից մեկ ամիս առաջ Թուրքիայից Փաշինյանին աջակցությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ»։ Գյողուշն անդրադառնում է նաև ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջին. «Այժմ հարաբերությունների կարգավորման ամենամեծ խոչընդոտը 1991 թ. հայկական սահմանադրությունն է (թուրք դիվանագետը հավանաբար նկատի ունի 1990 թ. Անկախության հռչակագիրը – հեղ.)։ … Նշելով, որ սահմանադրության այդ խնդրահարույց հոդվածները պետք է փոխել, Փաշինյանը ևս մեկ խիզախ քայլ է արել, սակայն մինչև ընտրություններ նման բան անելու հնարավորություն չկա»։

Նմանատիպ գնահատականով է հանդես գալիս նաև դեսպան Օքթեմը. «Հայաստանի քաղաքական դրությունը կարելի է հակիրճ նկարագրել հետևյալ կերպ։ Մենք բավականությամբ հետևում ենք վերջին տարիներին Հայաստանի՝ խաղաղության ու տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ առաջխաղացմանը։ Ռուսաստանից հեռացող ու դեպի Արևմուտք շրջվող Հայաստանը ճիշտ ուղղությամբ տեղին քայլեր է անում։ Միասին տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը երկիրը ցեխից հանելու վրա է։ … Խաղաղության պայմանագրի ստորագրման համար սպասվում է, որ Սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի վրա հղումը։ Կա համոզվածություն, որ Փաշինյանը ընտրություններից հետո այս վերջին խոչընդոտն էլ կհեռացնի»։

 Դեսպանական աջակցություն

Թուրք դիվանագետների երկրորդը թեզը վերաբերում է բուն ընտրություններին։ Դրանցում անթաքույց աջակցություն է հայտնվում Հայաստանում այս պահին իշխող ուժին։ Դեսպան Օքթեմը, պնդելով, որ ընտրությունների հավանական հաղթողը Փաշինյանն է, այսպես է բանաձևում ընտրությունների նշանակությունը. «Հայ ընտրողը հունիսի 7-ին գնալու է ընտրությունների և ազատ կամքով որոշելու է երկրի ապագան։ Եթե նա ուզում է խաղաղություն, բարեկեցություն և ժողովրդավարություն, ապա ճիշտ հասցեն Փաշինյանի կուսակցությունն է։ Նրանք, ովքեր ուզում են, որ Հայաստանը մնա Ռուսաստանի ետնաբակը, թո՛ղ ձայն տան Սամվել Կարապետյանին։ Թուրքիան պատրաստ սպասում է, որ բարեկամության ձեռք մեկնի իր հարևան Հայաստանին, որը խաղաղության պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, պատրաստ է բացել սահմանները, սկսել դիվանագիտական հարաբերություններ, մի խոսքով հարաբերությունները կարգավորել։ Փաշինյանի գլխավորությամբ… Հայաստանը կունենա հարևանների հետ լավ հարաբերություններ։ … Սրան համաձայնվելը Հայաստանի ընտրողի ձեռքում է։ Հուսանք՝ կլինի»։ Միևնույն ժամանակ հեղինակը պիտակավորում է այլ քաղաքական ուժերին՝ ՀՅԴ-ն բնութագրելով որպես «Հայաստանը աղետների տանող պատերազմող հայ ազգայնականներ», Հայ առաքելական եկեղեցուն՝ «խաղաղության քաղաքականությանը ընդդիմացողներ», իսկ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժին՝ փաստացի կապելով Ռուսաստանի հետ։

Դեսպան Օքթեմի հոդվածը T24 հեղինակավոր պարբերականում. «Եթե հայ ընտրողը ուզում է խաղաղություն, բարօրություն և ժողովրդավարություն, ճիշտ հասցեն Փաշինյանի կուսակցությունն է»։

Հայկական քաղաքական ուժերին «ծայրահեղ ազգայնականներ» է որակում նաև դեսպան Օնհոնը՝ իշխող ուժի դեմ պայքարողների համար կիրառելով «Ռուսաստան-եկեղեցի-դաշնակներ» բանաձևումը։ Բացի այդ, վերջինս ընդդիմադիր ուժերի խոսույթը որակում է որպես «հարևան երկրների հետ հակամարտություն ծնող և Ռուսաստանի հետ մտերմություն ստեղծող ապագայի նախանշան», իսկ Փաշինյանին նկարագրում որպես «Հայաստանը Ռուսաստանի հեգեմոնիայի տակ մտցնելուն դեմ» և «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը կողմ գործիչ»։ Ավելորդ չէ նշել, որ հոդվածագիր դեսպանը ընտրությունների համատեքստում հիշատակում է նաև TRIPP-ը՝ որպես Թուրքիայի համար մշտապես կարևորություն ունեցող «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը նպաստող նախագիծ։

Հոդվածները փաստացի անուղղակի և ուղղակի աջակցության դրսևորումներ են՝ ուղղված Հայաստանում գործող քաղաքական ուժերից մեկին։ Հետաքրքրական է, որ նմանատիպ եզրակացության է եկել նաև Թուրքիայի հեղինակավոր ու որպես անկախ դիրքավորվող զլմ-ներից «Oksijen»-ը։ Այսպես, թերթում երեք դիվանագետների սյունակներին անդրադարձող խմբագրական հոդվածը վերնագրված է «Թոշակի անցած թուրք դեսպաններից լիակատար աջակցություն Փաշինյանին», իսկ հոդվածի նախաբանում նշվում է, որ դիվանագետները «ընտրություններից առաջ ստուգել են երկրի զարկերակը» և իրենց հոդվածներում «զորակցության ուղերձն են հղել Փաշինյանին»։

Թյուրքագետ Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031