Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման նոր կարգավորումներ են առաջարկվում

Մայիս 12,2026 13:34 Share

«Քննարկվել եւ ներկայացվել են Քրեական եւ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու առաջարկները, որոնք բխում են առկա պրակտիկ փորձից եւ ժամանակի հրամայականից: Առկա իրավակարգավորումները, որոնք վերաբերվում են պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին, այլեւս լրիվությամբ համահունչ չեն առկա իրավիճակին եւ այն զարգացումներին, փոփոխություններին, որոնք կատարվել են ինչպես պետության կողմից մշակված քաղաքականության շրջանակներում, այդպես էլ այդ նպատակով իրականացված գործընթացների հետ»,- Մեդիա կենտրոնում անցկացված «Պայմանական վաղաժամկետ ազատման նոր կարգավորումներ․ ի՞նչ է փոխվելու» թեմայով քննարկման ժամանակ ասաց Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը:

Ցողիկ Ալեքսանյան

Ալեքսանյանի խոսքով՝ «Հիմնական առաջարկները եւ փոփոխություններն, ընդհանուր առմամբ, կարելի է բաժանել 2 խմբի՝ բովանդակային եւ ընթացակարգային: Առաջարկվում է Քրեական օրենսգրքում իրականացնել հետեւյալ փոփոխությունը՝ վերաբերելի պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը: Ներկայումս Քրեական օրենսգրքով նախատեսված է, որ դատարանի կողմից դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առնվում հանցանք կատարելու հավանականությունը եւ պատշաճ վարքագիծը: Առաջարկվող փոփոխության էությունն այն է, որ դատապարտյալի կողմից հանցանքի արդյունքում հասցված վնասի հատուցումը չդիտարկվի որպես նոր հանցանքի հավանականության չափորոշիչ, այլ դիտարկվի որպես պատշաճ վարքագիծ»:

Նա պարզաբանեց, թե ինչից է բխում տվյալ փոփոխության առաջարկը. «Հաշվի չէր առնվում այն օբյեկտիվ իրականությունը եւ դատապարտյալին տրվող իրական հնարավորությունները, որ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում դատապարտյալները սահմանափակված լինելով տարածական եւ այլ իմաստներով, չեն կարողանում ունենալ այնպիսի աշխատանք, որի առկայության պայմաններում հնարավորություն կունենան վճարել իրենց կողմից կատարված հանցագործության արդյունքում պատճառված վնասը»: Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետն ընդգծեց, որ այս առաջարկը չի հակասում սոցիալական արդարության նպատակներին:

Նարե Հովհաննիսյան

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանի խոսքով, վերջին փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշումն, ընդհանուր առմամբ, դրական է, քանի որ վերջապես համակարգը փորձ է անում դուրս գալ միավորներով գնահատման մոդելից եւ որդեգրել հիբրիդային մոդել. «Կա միավորներով գնահատման տարբերակը, բայց միեւնույն ժամանակ ուշադրություն է դարձվում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացվող դատապարտյալների հետ համապատասխան մասնագիտական աշխատանքի կատարմանը, մասնագիտական եզրակացությունների ներկայացմանը»:

Նարե Հովհաննիսյանի կարծիքով, դա կարեւորագույն քայլ է, որովհետեւ շեշտադրումն արվում է ավելի բովանդակային աշխատանքի վրա: Նա նաեւ հավելեց, որ ունի նաեւ որոշակի մտահոգություններ. «Համակարգին պետք է պատրաստել՝ կատարելու բովանդակային գնահատումը, եւ այս առումով հիմնական առաջարկությունը վերաբերում է ինչպես մասնագիտական հաստիքների համալրմանը (դրանք կարող են լինել ինչպես հոգեբանները, այնպես էլ սոցիալական աշխատողները, իրավաբանները), այնպես էլ այդ մասնագետների մասնագիտական որակների բարձրացմանը: Ես այստեղ կարեւորում եմ նաեւ այլ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատվության գիտակցումը՝ դատապարտյալին ՔԿՀ-ից դուրս կյանքին նախապատրաստելու հարցը»:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահն ասաց, որ երբեմն տպավորություն է ստանում, որ թե վերասոցիալականացումը վերապահվում է միայն սոցիալական , հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժիններին, մինչդեռ մյուսները եւս պատասխանատու են դրա համար: Նարե Հովհաննիսյանն օրինակ բերելով ամենածանրաբեռնված՝ Արմավիր ՔԿՀ-ն, ասաց, որ կասկածում է, թե անձանց որոշակի մուտքի պարագայում մասնագիտական ներուժը կբավարարի նախատեսված ժամկետում, օրինակ, 24 ժամում գնահատումը կատարելու համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031