«Էդ խաղաղությունը ստե՞ղ է, թե՞ Ամերիկայում»,- Նոր Նորքում քարոզարշավ իրականացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին կասկածամտորեն դիմեց Նոր Նորքի բնակիչներից մեկը։
Արսեն Թորոսյանն էլ վստահեցրեց՝ խաղաղությունն արդեն հաստատված է և հորդորեց՝ հունիսի 7-ին տեր պետք է կանգնեք խաղաղությանը։
Բակից բակ գնալով՝ Արսեն Թորոսյանը հարցնում էր՝ ի՞նչ եք մտածում հունիսի 7-ի մասին, տեր կանգնելո՞ւ եք խաղաղությանը, բնակիչներից մեկն էլ արձագանքեց․ «Ես ինչ մտածում եմ, ուրիշն ինչի՞ պիտի իմանա»։
Մեկ այլ քաղաքացի էլ Արսեն Թորոսյանի այն հորդորին, թե պետք է խաղաղությանը տեր կանգնեք, այսպես արձագանքեց․ «Մենք չպետք է տեր կանգնենք խաղաղությանը, այլ ղեկավարությունը»։
Կարդացեք նաև
Նոր Նորքի բակերից մեկում բանավեճ ծավալվեց Արսեն Թորոսյանի և մի բնակչուհու միջև։ Բնակչուհին ասաց․ «Ադրբեջանը քաղաքականությունը պետական մակարդակով այն է, որ Հայաստանը Ադրբեջանի հող է։ Դուք ժխտում եք, բայց Ադրբեջանի նախագահի աղջիկը կամ կինը գիրք է հրատարակում, որ Հայաստանը Ադրբեջան է»։
ՔՊ-ական նախարարն արձագանքեց, թե չգիտի՝ ինչի մասին է խոսում և, հղում կատարելով օգոստոսի 8-ի հռչակագրի նախաստորագրմանն, ասաց, որ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն է այդ փաստաթղթի տակ՝ ճանաչելով մեր տարածքային ամբողջականությունը։
Հակադարձմանը՝ ո՞նց եք պատկերացնում, որ խաղաղությունը պահեք, վաղը մյուս օրը, որ Թրամփը չլինի, Արսեն Թորոսյանն էլ ի պատասխան ասաց․ «Ռազմավարական փաստաթուղթ ենք կնքել ԱՄՆ-ի հետ, երկու երկրներով ունենք ուղիղ երկխոսություն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից


















































