Նիկոլ Փաշինյանը, որը 2021 թվականի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստանում էր Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, «Անջատում՝ հանուն փրկության» բանաձեւի իրագործում, այս օրերին նախընտրական քարոզարշավի շրջանակներում մարդկանց հորդորում է փակել Ղարաբաղյան շարժման թեման եւ մոռանալ Արցախի մասին։
«Շատ դժվար որոշում ենք կայացրել, որ մենք՝ որպես պետություն ու ժողովուրդ, դադարեցնենք Ղարաբաղի շարժումը, քանի որ նախորդ շրջանի վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ շրջանի Ղարաբաղի հետ կապված գործոններն օգտագործել են մեր պետության առաջընթացը թույլ չտալու համար։ Մեզ մեղադրում են տարածքներ կորցնելու մեջ։ Ուզում եմ հստակ ասել, որ մենք տարածքներ չենք կորցրել։ Այն տարածքները, որոնք մեզ հավատացրել ենք, թե մեզ են պատկանում, դրանք մեզ ոչ միայն չեն պատկանել, այլև օգտագործվել են նրա համար, որ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելությունը ու սեփականության իրավունքը թուլանա»,- այս օրերին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Իսկ ի՞նչ հայտարարություններ էր անում նույն Փաշինյանը 2021 թվականին եւ ինչ խոստումների հիման վրա էր նորից ստանձնել Հայաստանի իշխանության ղեկը։
2021 թվականին Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություններից հետո «Անջատում՝ հանուն փրկության» բանաձեւի իրագործման հնարավորություններն էականորեն մեծացել են։ Եվ մեզ հարկավոր է հետեւողական աշխատանք տանել այս ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը 2021-ին նաեւ հայտարարել էր․ «Թեեւ այս վիրավոր իրավիճակում, բայց ես այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան դա գոյություն ուներ 4 տարի առաջ»։
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պարբերաբար հայտարարում են, թե ժողովրդից մանդատ են ստացել։ 2021 նրանք խոստացել էին Արցախի հարցի հայանպաստ լուծում, եւ նաեւ այդ խոստումների համար էին մարդիկ նրանց ձայն տվել։ Այդ խոստումները ոչ միայն չեն կատարվել, այլ հակառակն է տեղի ունեցել՝ Արցախն ամբողջությամբ հայաթափվել է, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































