«Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու պատմությունը սկսվում է ռուս-պարսկական պատերազմի ժամանակներից՝ 1826-27թթ: Մենք այն ժամանակ գտանք մի վայր, որտեղ առաջին տաճարն էր, դա գեներալ Պասկեւիչի բլրի վրա էր, ցավոք այսօր այդ տաճարից ոչինչ չի մնացել: Մենք երկար ժամանակ բանակցություններ էինք վարում ՀՀ կառավարության հետ, որպեսզի տարածքը մեզ փոխանցվի, եկեղեցին վերականգնվի: Ամեն ինչ համաձայնեցված էր, գծագրերը, նախագիծը, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառով դա չստացվեց: Շուտով մենք կնշենք Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու 200-ամյակը: Վերջերս եւս մի իրադարձություն է տեղի ունեցել, որը նույնպես կարելի է համարել պատմական. 2022թ կազմավորվեց Ռուս ուղղափառ եկեղեցու երեւանյան հայոց թեմը »,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց Ռուս եկեղեցու Երևանի եւ Հայաստանի թեմի քարտուղար, ավագ երեց Արսենի Գրիգորյանցը:
«Թեմն առանձնապես մեծ չէ, ընդամենը 5 հոգեւորական կա, բայց ամեն դեպքում՝ դա պատմական իրադարձություն է, քանի որ առաջին անգամ Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու պատմության մեջ կազմավորվում է լիարժեք թեմ»,-նշեց Հայաստանի թեմի քարտուղարը:
Անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված եւ վերաբնակեցված անձանց, հոգեւորականն ասաց, որ մեծացել է պարբերաբար Ռուս ուղղափառ եկեղեցի այցելողների թիվը:
Կարդացեք նաև
Հայր Արսենին անդրադարձավ նաեւ Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող եւ կառավարության կողմից վերանորոգված Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցուն: Նշեց, որ այն Ռուս Ուղղափառ եկեղեցու՝ Հայաստանում գտնող ամենահին տաճարներից է, որը շատ վատ վիճակում էր գտնվում մինչեւ վերականգնումը, եւ իրենք մտածում էին հիմքից քանդելու ու նորից կառուցելու մասին: Հոգեւորականը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը եւ շինարարական կազմակերպությանը պատմամշակութային հուշարձանը պատշաճ տեսքի բերելու համար:
«Ես տպավորված եմ հուշարձանի վերականգնման բարձր որակով եւ արագությամբ: Ահռելի աշխատանք է կատարվել հիմքի ամրակայման եւ ընդհանրապես տաճարի վերականգնման առումով: Ներկայումս այնտեղ արարողություններ չեն կատարվում, դեռ բանակցությունների մեջ ենք, որ եկեղեցին կամ փոխանցվի Ռուս ուղղափառ եկեղեցուն կամ համատեղ օգտագործման ձեւաչափ մշակվի: Սպասում ենք պատասխանի»,-ասաց հոգեւորականը:
Նաեւ հավելեց, որ վերջին շրջանում Ռուսաստանից շատ ուխտավորներ են ժամանում Հայաստան,, որոնք ամենայն հավանականությամբ կցանկանան այցելել տաճար եւ ծանոթանալ Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու պատմությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ավագ երեց Արսենի Գրիգորյանցի լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի



















































