«Դու, որ տենց խոսում ես, դու 15 էրեխա տարար, վառեցիր, ո՞ւր է իմ էրեխեն, ինչի՞ տարար՝ 15 էրեխու վառեցիր, բերեցիր»,- Մեծամորում քարոզարշավի շրջանակում ելույթ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս խոսքերով ընդհատեց Ազատի զինվորական կացարանում հրդեհից մահացած զինծառայողներից մեկի մայրը։
Հավաքված բազմությունը փորձեց կնոջը «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով լռեցնել, սակայն Փաշինյանը հայտարարեց, որ խոսքը Գեղարքունիքի մարզում հրդեհի պատճառով զոհված մեր զինծառայողների ծնողների մասին է և հորդորեց հարգալից վերաբերվել այդ կնոջը։
Զոհվածի մայրը, լացակումած ու վրդովված դիմելով Նիկոլ Փաշինյանին, գոչեց․ «18 տարի երեխա պահեցի, տվեցի բանակին, ո՞ւր է իմ էրեխեն։ Իմ էրեխեն մի փչացած ատամ չուներ, մոխիր դարձրիք, բերեցիք։ Դուք վառեցիք մեր էրեխեքին, ձեր կեղտերը փակելու համար։ Ինձ ոչ թոշակ է պետք, ոչ աշխատավարձ, ես իմ էրեխուն եմ ուզում։ 18 տարի քայլել եմ էդ երեխու հետ, ո՞ւր է էդ էրեխեն։ Ես չեմ հանգստանում, իմ էրեխին եմ ուզում, դուք տարաք, մեր էրեխեքին վառեցիք, մոխիր դարձած բերեցիք, դրեցիք իմ առաջ»։
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ զոհված զինծառայողի մայրն ասաց՝ զզվում եմ քեզնից․ «Երկու անգամ Ձեզ եմ ընտրել, անիծում եմ էն օրը, որ ես Ձեզ ընտրեցի, որովհետև իմ էրեխու մահվան պատճառ դու դարձար։ Դուք 15 էրեխուն վառեցիք, հիմա եկել, ասում եք՝ դպրոց, մանկապարտեզ սարքեցի։ Ինչի՞ համար եք դպրոց սարքում, որ թուրքերը գան, լցվե՞ն։ Ես չեմ ուզում իմ փոքր երեխեն թուրքի բաժին դառնա, թուրքերի հետ ամուսնանա։ Իմ երեխուն եմ ուզում, կարա՞ս իմ երեխուն բերես, ինձ քեզնից ոչ մի բան պետք չի։ 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե պատասխանատուներին աշխատանքից ազատել է և կնոջը հորդորեց․ «Ազատված սպաներից մեկն էլ կորպուսի հրամանատարի տեղակալ էր, հիմա ընդդիմադիր ակտիվիստ է, ինչի՞ չեք գնում, ընդդիմադիր հավաքներին ասում։ Ես եմ ազատել աշխատանքից։ Դուք գիտեք՝ ովքեր են մեղավորները, դատավարություն է գնում»։
Նիկոլ Փաշինյանի՝ այս հայտարարություններից հետո «Սրբազան պայքարի» գործով անցնող գնդապետ Միհրան Մախսուդյանը պարզաբանում է տարածել։ Նա մասնավորապես հայտարարել է․ «Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում կրկին հիշատակեց իմ անունը՝ Ազատ գյուղի ողբերգական դեպքի հետ կապված։ Լսիր՝ ինչ եմ ասում․ դեպքից անցել է արդեն երեք տարի, և այս ամբողջ ընթացքում ես անգամ մեկ անգամ չեմ հարցաքննվել։ Ավելին՝ երբ հոսպիտալում պառկած էի, հենց դուք ինձ ազատեցիք ծառայությունից։ Այսօր փորձում եք մարդկանց մոլորեցնել ու քաղաքական միավորներ հավաքել մարդկային ողբերգության հաշվին։ Սիրելի ժողովուրդ, այս հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Եվ մեկ բան էլ հստակ ասեմ՝ ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ»։
ՔՊ-ի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































