«Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հրատապ ասուլիսում ձայնագրություն հրապարակեց, որտեղ անդրադարձավ իրենց թեժ գծին ստացված ահազանգերին: Մասնավորապես ձայնագրությամբ փաստվում էր, որ Արմավիրի տարածաշրջանային քոլեջի ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին: Ձայնագրության մեջ հնչում էր դասախոսներից մեկի ձայնը, որն ըստ Թաթոյանի, նաեւ ՔՊ-ական ավագանու անդամ է:
«Երեխեք ջան, վաղը ժամը հինգին մենք պետք է հրապարակում հավաքվենք, երկու կուրսին էլ վերաբերում է: Նրանք, ովքեր շատ հեռվից են գալու, խնդիր չկա մի քանի հոգու բացակայությունը ոչինչ: Բայց, նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու, խնդրում եմ, ես էլ եմ գալու: Ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում, երեխեք: Որպեսզի այնպես չլինի, որ ես գնամ, կանգնեմ հրապարակում և տեսնեմ, որ իմ երկու խմբերից ոչ ոք չկա։ Սա պետք է, որպեսզի հետո ես կարողանամ ղեկավարության աչքերին նայել, իսկ դուք՝ իմ աչքերին։ Միաժամանակ, դուք կկարողանաք վայելել համերգը և լավ ժամանակ անցկացնել։ Հանձնարարել են, որ մարդիկ հնարավորինս շատ լինեն, և ասվել է, որ բոլորի ներկայությունը պարտադիր է։ Պետք չէ քաղաքականացնել տեղի ունեցողը և ավելորդ բաներ գրել։ Ասվել է՝ նշանակում է, գնում ենք հրապարակ», – ձայնագրության մեջ ասում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Լուսինե Գրիգորյանը, որը նաեւ Արմավիրի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
Մեկ այլ ձայնագրությունում նա նշում է. «Չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց նաև հանձնարարված է, որ մաքսիմալ շատ լինեք»:
Aravot.am-ը փորձեց զրուցել քոլեջի տնօրեն Ջեմմա Սարգսյանի հետ: Նա սկզբում հեռախոս չէր վերցնում: Ավելի ուշ կապվեցինք իր հետ եւ փորձեցինք մեկնաբանություն ստանալ պարտադրաբար ՔՊ-ի քարոզարշավին ուսանողների մասնակցության վերաբերյալ: «Ես չեմ կարող որեւէ հայտարարության վերաբերյալ պատասխան տալ, որովհետեւ այս պահին նույնիսկ Արմավիրում չեմ, աշխատաժողովի եմ հրավիրված»,-ասաց քոլեջի տնօրենը, որը սկզբում զարմացած հարցնում էր՝ ո՞վ է նման բան ասել:
Կարդացեք նաև
Հարցրինք՝ իսկ ո՞վ կարող է պատշաճ պատասխանել մեր հարցերին: «Ճիշտն ասած, չգիտեմ ինչի մասին եք խոսում, դրա համար զերծ կմնամ որեւէ հայտարարություն անելուց»,- ասաց Ջեմմա Սարգսյանը՝ չսպասելով, որ ավարտենք մեր նախադասությունը եւ այլեւս հեռախոսազանգերի չպատասխանեց:
Ի դեպ, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Լուսինե Գրիգորյանը, որն ըստ Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրության, քոլեջի ուսանողներին ստիպել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» Արմավիրում ամփոփիչ հանդիպմանը, այսօր անձամբ ներկա էր Փաշինյանի հրավիրած հավաքին։
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ոչ մեկին ոչ մի հրահանգ չեմ տվել, բանսարկություն ա, իմ անձի նկատմամբ քաղաքական մոտիվներով մարդիկ փորձում են սարքել. էսքան բան, սրանից ավելի բան ինձ խնդրում եմ չանհանգստացնել…»,- ավելի ուշ «Ազատությանն» ասել է Լուսինե Գրիգորյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ֆեյսբուքյան էջից


















































