Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը

Մայիս 15,2026 18:15 Share

Նախընտրական քարոզարշավի առաջին մի քանի օրերի տպավորությունը միանշանակ է՝ իշխող ուժն առաջարկելու ոչինչ չունի։ Փաշինյանի քաղաքական հռետորաբանությունը գրեթե ամբողջությամբ կառուցվում է «կբռնենք», «կդատենք», «պատասխան կտան», «պատին կտանք» արտահայտությունների շուրջ։ Գրեթե յուրաքանչյուր ելույթ վերածվում է նույն բովանդակության կրկնության՝ հիշեցնելով անընդհատ նույն տողերի վրա պտտվող ձայնարկիչ։

Նա իր քաղաքական ողջ քարոզչությունը կառուցում է ոչ թե ապագայի, այլ ատելության վրա։ Նրա ելույթներում գրեթե անհնար է գտնել պետական մտածողություն, փոխարենը մշտապես առկա են սպառնալիքներ, վիրավորանքներ և ներքին թշնամիների մասին թեզեր։ Սա արդեն քաղաքականություն չէ․ սա հասարակությանը լարվածության մեջ պահելու տեխնոլոգիա է։

Ամենակարևոր հարցը, սակայն, մնում է անպատասխան․ իսկ ո՞րն է Հայաստանի ապագայի նրա ծրագիրը։

Նա չունի պատասխաններ այն հարցերին, թե ինչպե՞ս է զարգացնելու տնտեսությունը, ինչպե՞ս է ապահովելու անվտանգությունը, ինչպիսի՞ կրթական և սոցիալական բարեփոխումներ է նախատեսում, ինչպե՞ս է կանխելու արտագաղթը և բարձրացնելու մարդկանց կյանքի մակարդակը, ինչպե՞ս է վերականգնելու սոցիալական արդարությունն ու վստահությունն արդարադատության նկատմամբ։ Փոխարենը հասարակությունը մշտապես լսում է նույն սպառնալիքներն ու նույն խոստումները՝ «Տեր կանգնեք խաղաղությանը», «Կկանգնեցնենք եռագլուխ հրեշին», «Դատվելու են, պատասխան են տալու»։ Բա հետո՞։

Քաղաքացիներին անընդհատ մատուցվում է նույն քաղաքական թատրոնը՝ «նախկինների դեմ պայքարի» անվերջ սերիալը։ Նա կրկին և կրկին վերադառնում է նույն թեմային՝ «մեղավոր են բոլորը, բայց ոչ իրենք»։ Ստացվում է՝ երկրի ապագայի մասին ասելիք չկա, դրա համար էլ քաղաքական օրակարգը լցվում է աղմուկով ու վրեժխնդրության հռետորաբանությամբ։ Մի ամբողջ քարոզարշավ նվիրված է ոչ թե երկիրը կառավարելուն, այլ թշնամիներ որոնելուն։ Բայց ժողովուրդը վաղուց սպասում է ոչ թե անվերջ մեղավորների փնտրտուքի, այլ կոնկրետ լուծումների։

Իսկ ինչի՞ մասին պետք է խոսեր Փաշինյանը։ Սեփական հաջողությունների մասին խոսելու ռեսուրս գրեթե չկա։ Եթե իշխանությունը ունենար շոշափելի արդյունքներ, տնտեսական մեծ առաջընթաց, անվտանգային հաջողություններ կամ հասարակական վստահության աճ, ապա իր քարոզարշավի կենտրոնում հենց այդ ձեռքբերումները կլինեին։ Սակայն երբ հիմնական ուղերձը կրկին պատիժն ու հետապնդումն են, դա արդեն ոչ թե զարգացման օրակարգ է, այլ ճգնաժամի խորացման նշան, և դա ավելի շատ հիշեցնում է քաղաքական ինքնապաշտպանություն։

Հայաստանին այսօր պետք են պատասխաններ, ոչ թե հերթական սպառնալիքները։ Մարդիկ ուզում են հասկանալ կարողանալու են ապրել Հայաստանում, թե արժանանալու են արցախցիների ճակատագրին։ Մարդիկ ուզում են երաշխավորված ապագա իրենց հայրենիքում։ Մարդիկ ուզում են լավ փոփոխություններ։

 

Էլինար Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031