Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարոզարշավն ընթացել է մեր ուժի համար արհեստական բարդություններ ստեղծելով». Գեւորգ Կարապետյան

Հունիս 03,2026 09:54 Share

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ ամփոփելով քարոզարշավի ընթացքը՝ «Ազգային ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցության ընտրացուցակի առաջին համար Գեւորգ Կարապետյանը «Դեբատ» ակումբում ասաց. «Քարոզարշավն ընթանում է անհավասար պայմաններում, շատ վատ, որովհետեւ նախ, որոշ ուժեր ժամանակից շուտ, մինչեւ քարոզարշավի մեկնարկ հայտարարելը, քարոզարշավ էին անում՝ անունը դնելով ներկուսակցական շրջայցեր։ Բայց պարզ երեւում էր, որ դրանք ներկուսակցական չեն, այլ ուղիղ շփումներ են եւ PR ակցիաներով ընտրություններում ժողովրդից քվե ստանալու փորձեր։

Մինչեւ քարոզարշավի մեկնարկը՝ մեր հանդեպ չդադարեց մեդիա բլոկադան եւ թերի լուսաբանման կամ չլուսաբանման արդյունքում մենք մնում ենք չհասկացված ժողովրդի լայն զանգվածների համար։ Բայց մենք մեր ունեցած քիչ ռեսուրսներով մայիսի 8-ից սկսած փորձեցինք մեր քարոզարշավը մեկնարկել ավելի բուռն։ Սկսեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, վերադարձանք ԱԺ՝ մամուլի ասուլիսով, հետո քայլերթ իրականացրինք Մատենադարան։ Այս ամենը խորհրդանշական է ու կապված է մեր կարգախոսի հետ. «Հավատ, Հայրենիք, Ինքնիշխանություն»։

Ապա շարունակելով՝ Գեւորգ Կարապետյանը հիշեցրեց, որ Սյունիք ուղեւորվելիս իրենց «Պիկապ» ավտոմեքենան ոստիկանները անհեթեթ պատճառաբանությամբ ձերբակալեցին՝ այդպես իրենց առնվազն մեկ օրով հետ գցելով պլանավորած քարոզարշավի գրաֆիկից։ «Քարոզարշավն ընթացել է մեր ուժի համար արհեստական բարդություններ ստեղծելով»,- վստահեցրեց բանախոսը։

Դիտարկմանը, որ թերեւս առաջին անգամ քարոզարշավի ընթացքում հանրությանն ուղղորդում են կողմնորոշվելու համար ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի ծրագրին ծանոթանալ, ընդունել կամ չընդունել, այլ պարզապես ընտրություն կատարել ռուսամետության եւ արեւմտամետության մեջ, Գեւորգ Կարապետյանն ասաց. «Դա նույն՝ նախկին-ներկա տրամաբանության դաշտից է։ Եվ դա ամենապարարտ հողն է, որպեսզի այլընտրանքներ չձեւավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Այս իշխանության վարած քաղաքականությունը ոչ թե Հայաստանը տանում է Արեւմուտք, այլ արեւմուտքում մի երկիր կա՝ Թուրքիա անունով։ Տանում է թրքացման եւ Ադրբեջանին ենթակա պետության։ Մենք Արեւմուտք գնացող ոչ մի իրական քայլ չենք տեսնում։ Եվ ութ տարվա ընթացքում ցույց տրված քայլերը դեկորատիվ, իմիտացիոն քայլեր են։

Ես իմ խոսքում միշտ ասել եմ՝ ժողովրդավարության իմիտացիան ավելի վատ է, քան ժողովրդավարության բացակայությունը, ինչ-որ ուղղությամբ արտաքին քաղաքականության ուղղություն վերցնելն ավելի լավ է, քան դրա իմիտացիան։ Այս իշխանությունը, որպես դրսից հեշտ կառավարվող իշխանություն, վերածվել է օդապարիկի։ Որ կողմից քամին ավելի ուժեղ փչում է, ինքն այդ ուղղությամբ շարժվում է։

Այս քաղաքականության արդյունքում Հայաստանը ոչ մի Եվրոպա էլ չի գնում, եւ մենք հենց դրա դեմն ենք առնելու»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930