Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիի ուղերձը՝ նվիրված Պարսից լեզվի պահպանության և մեծն բանաստեղծ Հաքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսու մեծարման օրվան։
Հանուն Բարեգութ և Ողորմած Աստծո
Պարսից լեզուն, բացի խոսքի և գրության միջոց լինելուց, հանդիսանում է նաև ճանաչողության կաղապարը, մտածողության կապող օղակը և իրանական ինքնության սահմանագիծը։ Պարսից լեզուն և գրականությունը խոշորագույն ներուժն են համաշխարհային տարածքում իսլամական Իրանի հարուստ մշակույթի ու քաղաքակրթության տարածման համար։ Մեր իմաստուն և նահատակ առաջնորդի (թող Աստված նրա հոգին լուսավորի) հորդորը՝ պարսից լեզվի հզորացման վերաբերյալ, «իրանա-իսլամական քաղաքակրթության» հզորության ուղեցույցն է։
Իրանի ազնվազարմ ժողովուրդը «երրորդ սրբազան պաշտպանության» տարիներին, ինչպես և նախորդ երկու պարտադրված պատերազմի ժամանակ, վերստին հավաստեց, որ Ֆիրդուսու առասպելական դրվագները սեփական կյանքի իրականությունն ու հերոսական դիմագծի արտացոլումն են։
Կարդացեք նաև
«Շահնամեի» մարդակերտող, խիզախ ու ղուրանական գաղափարները համախմբում և ներդաշնակում են Իրանի բոլոր ազգերին ու հասարակական շերտերին՝ հանուն սեփական ինքնության, վավերականության ու անկախության պահպանման և զահակակերպ զավթիչների դեմ մղվող պայքարի։
Համաժողովրդական մասնակցության, պաշտպանության և հաղթանակի այս հերոսապատումը բարձրագույն պատասխանատվություն է դնում մշակույթի, գրականության և արվեստի գործիչների վրա, որպեսզի վերջիններս, հետևելով Ֆիրդուսու օրինակին, վեր հառնեն և կերտեն արվեստագետների առաքելությունը՝ ժողովրդի զարթոնքին համընթաց. միահյուսեն միտքը, գրիչն ու լեզուն արվեստի հետ և պատմության տարեգրության մեջ հավերժացնեն ազգի մեծագույն վերելքի պատումը։
Միևնույն ժամանակ, դիվաբարո ուժերի և համաշխարհային չարիքների նախահարձակման դեմ մղված քաջարի դիմադրությունն ու փառահեղ հաղթանակն առավել են կոփել ժողովրդի կամքը՝ սեփական քաղաքակրթական անկախությունը պաշտպանելու և ամերիկյան ագրեսիային դիմակայելու գործում։
Սա նպատակ ունի՝ մշակութային ոլորտի գործիչների նախաձեռնողականությամբ ու նորարարությամբ ապահովել լեզվական ու դիսկուրսիվ պաշտպանությունը, երեխաների ու երիտասարդների աճն ու զարգացումը, որպեսզի վերջնական հաղթանակին մնացած քայլերն ընթանան առավել հաստատակամությամբ, Ամենակարող Աստծո օգնությամբ։
ՍԵՅՅԵԴ ՄՈՋԹԱԲԱ ՀՈՍԵՅՆԻ ԽԱՄԵՆԵԻ
ԻԻՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՌԱՋՆՈՐԴ
(15 մայիսի, 2026 թ.)



















































