Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզպետ. Ապարան համայնքում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սերը շատ մեծ է, դրա համար ուսուցիչները, աշակերտները եկել են վարչապետին տեսնելու․ «Ժողովուրդ»

Մայիս 16,2026 10:22 Share

Արագածոտնի մարզում մայիսի 13-ին ենթադրյալ չարաշահումներ են արձանագրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացված քաղաքական միջոցառումից հետո։ «Ականատես» դիտորդական առաքելության փոխանցմամբ՝ մի շարք դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ հեռախոսազանգերի միջոցով բարձրաձայն ու խիստ տոնով հրահանգավորել են ապահովել աշակերտների պարտադիր մասնակցությունը հավաքին։ Ըստ փաստագրված տեղեկությունների՝ Ծաղկաշեն գյուղի դպրոցի տնօրենը ոչ միայն աշակերտներին ազատել է դասերից, այլև նրանց բաժանել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշներով շապիկներ։

Դիտորդական առաքելությունը նաև արձանագրել է, որ մարդկանց, և հատկապես երեխաների, հավաքագրման գործընթացը համակարգել է Արագածոտնի մարզպետի նախկին տեղակալ Էդգար Փարվանյանը, ով տեղում անձամբ դիմավորել է մասնակիցներին, բաժանել քարոզչական դրոշներ և հրահանգավորել, թե ով որտեղ պետք է կանգնի միջոցառման ընթացքում։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ՝ պարզելու, թե արդյոք պատրաստվում է քաղաքական և վարչական պատասխանատվություն կրել տեղի ունեցածի համար և պաշտոնից ազատման դիմում գրել։

– Պարոն Մովսիսյան, Դուք՝ որպես Արագածոտնի մարզպետ, պատրաստվո՞ւմ եք հրաժարականի դիմում ներկայացնել, մինչև պարզվի, թե ովքեր են ստիպել կամ դրդել դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին և աշակերտներին մասնակցել ՔՊ-ի քարոզչական միջոցառմանը կամ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ի վերջո, մարզպետը Դուք եք, և դժվար է պատկերացնել, որ նման բան կարող էր տեղի ունենալ առանց Ձեր իմացության։ Ինչպես հայտնի է, տնօրեններին արդեն ստիպել են դիմումներ գրել ու հեռանալ՝ մինչև իրավաբանորեն ապօրինության մանրամասները պարզաբանվեն։

-Նախ՝ ես արձակուրդում եմ, ես չեմ կարող որևէ մեկին հանձնարարություն տալ։ Արձակուրդում եմ։ Պարոն վարչապետը ամեն ինչի մասին պատասխանել է։ Տեղեկացված եմ, որ տնօրենների մասով ծառայողական քննություն է բացվել, և օրենքով բոլորը կկրեն պատասխանատվություն։ Ուրիշ ասելիք չունեմ։ Ինչքանով տեղեկացված եմ՝ Ապարան համայնքում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սերը շատ մեծ է, դրա համար ուսուցիչները, աշակերտները եկել են վարչապետին տեսնելու։ Բացառում եմ մեր կողմից ուղղորդում կամ վարչական լծակի կիրառում։ Ծառայողական քննությունը կպարզի, համապատասխան մարմինները կաշխատեն, գնահատականը կիմանանք, դրա համար է քննությունը։ Ոչ մի ապօրինություն չի մնա գաղտնի, թափանցիկությունն էլ կլինի։

– Դպրոցների տնօրենները 19 քաղաքական ուժերից միայն Նիկոլ Փաշինյանի՞ն էին սիրում, որ միայն նրա հավաքին էին մասնակցում։

-Եթե իմ կարծիքն եք հարցնում՝ այո։ Մեր քարոզարշավի ուղիղ եթերը բացեք, նայեք, թե երեխաների ակտիվությունն ինչ մեծ է։ Մենք էլ ենք զարմանում, թե երեխաներն ինչպես են դարձել քարոզչության լոկոմոտիվ։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031