Իններորդ օրն է, ինչ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական դաշինքներն ու կուսակցությունները տարբեր ակտիվությամբ մասնակցում են պաշտոնապես մեկնարկած քարոզարշավին։ Թերեւս, միայն «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունն է, որ մի տեսակ իրեն դուրս է դրել այդ մրցավազքից։ Aravot.am-ը զրուցել է ԴՕԿ կուսակցության ընտրական ցուցակի ներկայիս 1-ին համար, փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հետ։
-Պարոն Բաղդասարյան, ԿԸՀ-ն ձեր քաղաքական ուժի նախագահ Վարդան Ղուկասյանին ու ցուցակի եւս մի քանի անդամի չգրանցեց որպես պատգամավորի թեկնածու։ Ձեր մեկնաբանությունը այդ առիթով։
-Նախ, ասեմ, որ ես կուսակցական չեմ։ Ներկայացնում եմ ԴՕԿ կուսակցությունը, նաեւ կուսակցության նախընտրական գլխավոր շտաբի պետն եմ։ Ճիշտ եք նկատել: Առաջին համարը ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանն էր։ Նրան չգրանցեցին այն պատճառաբանությամբ, որ լիազոր մարմին անձնագրային բաժնից Վարդան Ղուկասյանը պետք է վերցներ համապատասխան տեղեկանք եւ չի վերցրել։ Հանրահայտ փաստ է, որ Վարդան Ղուկասյանը լավագույն ցանկության դեպքում չէր կարող այդ տեղեկանքը վերցնել, քանի որ գտնվում էր անազատության մեջ ԱՄՆ-ում։ Ընդ որում, բացառապես քրեական օրենսգրքով նախատեսված մեղադրանք չունի, բայց վարչական կալանքի անվան տակ գտնվում է Նեւադա նահանգի համապատասխան բանտում։ Միակ լուսավոր կետն այն է, որ Վարդան Ղուկասյանը բանտում գտնվելով՝ իրենից ներկայացնում է մեծ հեղինակություն եւ տարածաշրջանում խաղի կանոն դնելու եւ խաղի կանոն փոխելու կոորդինատոր։
-Դուք իրավաբան եք, փաստաբան եւ երկար տարիների փորձ ունեք։ Նախապես չգիտեի՞ք, որ Վարդան Ղուկասյանին ամենամեծ հավանականությամբ չեն գրանցելու։
Կարդացեք նաև
-Ինձ համար իրավունքը գիտություն է արդարի մասին։ Եվ իրավունքն ավելի գերակա է, քան պետական օրենքները, որ գրվում են նաեւ իրավակիրառ պրակտիկայի միջազգային նորմում։
Նախ, եթե անձը լավագույն ցանկության դեպքում չի կարող տեղեկանքը վերցնել, քանի որ գտնվում է բանտում, եւ լիազոր մարմինը իրազեկ է, տեղյակ է, նման դեպքում պետք է հաշվի առնել, որ անձի ընտրվելու իրավունքը խախտվում է։ Երկրորդ։ Միջազգային իրավանորմը եւ ներպետական օրենքը ասում են. եթե վարչարարություն է իրականացվել լիազոր մարմնի կողմից եւ առերեւույթ թվում է, որ այդ վարչարարությունը ոչ իրավաչափ է, բայց հետագա իրավական գնահատական չի տրվում, որ այդ ակտը առ ոչինչ է կամ անվավեր է ճանաչվում օրենքով սահմանված կարգով, ապա հետագայում նման օրինակով գործառույթը պետք է դիտվի իրավաչափ։ Ասելիքս այն է, որ երկրորդ նախագահը, ըստ էության նույն ֆորմատով էր, չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը երկքաղաքացի էր։ Եվ դրա իրավական գնահատականը մինչեւ հիմա չկա, տրված չի։ Այսինքն, եւ այդ ֆորմատով ունեին պոզիտիվ պարտավորություն՝ գրանցելու Վարդան Ղուկասյանին։
Անկախ ամեն ինչից, տեղեկացնեմ, որ Վարդան Ղուկասյանը վարչապետի մեր թեկնածուն է։ Եվ օրենքով սահմանված կարգով երբ ազգային ժողովում կունենանք համապատասխան ձայներ, նրա թեկնածությունը դրվելու է որպես վարչապետի թեկնածու։
-Քարոզարշավն արդեն երկրորդ շաբաթն է, պաշտոնապես մեկնարկել է։ Բայց ԴՕԿ կուսակցությունը մի տեսակ պասիվ է։ Ո՞րն է բացատրությունը։
-Այո, շատ ճիշտ եք նկատել։ Մենք ուզում ենք մշակույթ եւ նախադեպ մտցնել, որ անձը տարիների ընթացքում իր կատարած աշխատանքի արդյունքը ստանա ընտրությունների ժամանակ, այլ ոչ թե ոչինչ չանի ու ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ տուն առ տուն, բակ առ բակ ընկնի եւ քարոզի, որ իրեն ընտրեն։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ ԴՕԿ կուսակցությունը արդեն 7-8 տարի արել է այն, ինչ հանրությունը գիտի։ Ավելին, մենք նաեւ շատ մեծ պայքար ենք տանում, թեեւ մենակ ենք մնացել, ընտրակաշառք կոչված աղբը հիմնահատակ վերացնելու։ Երբ անձը իր ձայնը վաճառում է, այսինքն, անձին առնում են, ընտրողը պետք է գիտակցի, որ հաջորդ տարիների ընթացքում ամեն ինչ արվելու է, որպեսզի այդ տրված գումարի տասնապատիկը տվող անձը հետ վերցնի։
Մենք ընտրողին ասում ենք. սա մենք ենք՝ Վարդան Ղուկասյան, կարծում եմ, հանրությանը հայտնի՝ Լեւոն Բաղդասարյան։ Ունենք բարձրաստիճան զինվորական սպաներ, որոնք պատմություն են կերտել, բժիշկներ, պատմաբաններ։ Եվ նման դեպքում ընկնել դռնեդուռ, բակ առ բակ եւ ձայն մուրալ, դա բացառվում է, դա ԴՕԿ կուսակցության ձեռագիրը չէ։ Դա է պատճառը, որ մենք բակեբակ չենք ընկնում։
-Ասացիք, որ անձը պետք է իր կատարած աշխատանքի արդյունքը ստանա։ Բայց ընտրությունները իրականում ոչ թե անձերի մեջ պետք է լինեն, այլ պետք է լինեն ծրագրերի ընտրություններ։
-Որպես իրավապաշտպան արձանագրեմ հետեւյալ հանրահայտ փաստը։ Վերջին 30 տարիների ընթացքում բոլոր ծրագրերը մեկը՝ մյուսից լավն են եղել։ Բացեք 100+ կուսակցությունների ծրագրերը ու տեսեք։ Բայց այդ ծրագրերը ոչ ժողովրդին բերելու են ազատություն, ոչ էլ օրինապաշտ քաղաքացուն բերելու են օրինապաշտ ապրելակերպ։ Մեր ծրագիրը կա, այն հրապարակված է ԴՕԿ կուսակցության լրատվականում, դրված է ԿԸՀ կայքէջի համապատասխան դաշտում։ Ցանկացողը կարող է ծանոթանալ։ Բայց մենք ասում ենք օրենքի դիկտատուրա՝ հավասար բոլորի համար։ Մեր օրինապաշտ քաղաքացիները շատ հաճախ Հայաստանը լքում են ոչ միայն նրա համար, որ հացի խնդիր ունեն, այլ նաեւ նրա համար, որ սոցիալական անարդարություն կա։ Այսինքն, օրենքը բոլորի համար հավասար չի գործում։ Մենք ասում ենք. առաջինը արվելու է սանիտարություն։ 30 տարվա Ավգյան ախոռներն անհրաժեշտ է, որպեսզի մաքրվեն։ Դրանից հետո բացառապես միասնաբար մենք պետք է կառուցենք մեր արեւային Հայաստանը, որը տեսնում է մեր թիմը։
Նաեւ ի լուր աշխարհի հայտարարել ենք, որ նախկինների ու ներկաների հետ ճանապարհ չենք գնալու։ Ինչո՞ւ։ Հայաստանը որ այսօր այս վիճակում է, իրենք են որպես քաղաքական իշխանություն դրա մեղավորը։ Նաեւ առաջարկում ենք՝ հրապարակային ընդունել իրենց սխալները։ Մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, որից հետո բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են։ Մենք բացառապես միասնական պետք է կարողանանք կառուցել մեր արժանապատիվ Հայաստանը։
-Հույս ունե՞ք, որ ընտրություններում նվազագույն շեմը կհաղթահարեք։
-Որպես գլխավոր շտաբի պետ հայտարարել եմ, որ շեմը հաղթահարելը ես դիտելու եմ պարտություն։ Մենք չենք պատրաստվում 4, 5, 6 պատգամավորով փողկապ կապած նստել ԱԺ-ում եւ մեր ՕԳԳ-ն լինի զրո։ Մենք պատրաստվում ենք ընտրություններից հետո լինել գլխավոր խաղացող եւ մեր պարտավորությունները, որ տարիներ շարունակ ասել է Վարդան Ղուկասյանը, շատ արագ իրականացնել։ Նորից եմ կրկնում, բացառապես միասնական ուժերով, որը տեսանելի է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































