«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն ինձ անձնական կապերն օգտագործել՝ պատերազմը կանգնեցնելու փորձերում»,- Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացու հարցին։
«Իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի մենք որևէ կերպ չկարողանայինք ազդել գործընթացի վրա։ Մի պահ նույնիսկ մտածեցի, որ պետք է թռչել Մոսկվա, համոզել գործընկերներիս հնարավորինս շուտ կանգնեցնել պատերազմը։ Պատերազմի 3-4-րդ օրը ինձ համար արդեն պարզ էր, որ այսպիսի կազմակերպմամբ դա ոչ մի լավ ավարտ չի ունենալու։ Այդ ժամանակ իմ նկատմամբ երկրից դուրս գալու արգելք կար։ Դատարանից ստացել էի մեկնելու թույլտվություն։ Բայց կար կորոնավիրուս, առանց թեստերի հնարավոր չէր։ Թեստ հանձնեցի։ Թեև առողջ էի և ինձ լավ էի զգում, սակայն պատասխանը եղավ, որ ես կորոնավիրուս ունեմ։ 4-5 արագ թեստ արեցի, բոլորն էլ բացասական էին։ Այսինքն՝ այստեղ էլ նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի ես չկարողանամ օգտագործել իմ կապերը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք պատասխանատվությունից չենք փախել։ Ինքներս գնացինք (նկատի ունի Արցախ-Ն․ Գ․) և առաջարկեցինք օգնել։ Մերժեցին։ Մի պաշտոնյա, որի անունը չեմ ուզում տալ, նույնիսկ հայտարարեց, թե մենք գիտենք, որ հաղթելու ենք, «և ուզում են փառքն իրենց վերագրել», – ասաց նա։
Խաղաղության երաշխիքների մասին հարցին էլ ի պատասխան, Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը համաձայնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Իր համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորությունները, կարող էր հանդես գալ որպես երաշխավոր։ Բայց Փաշինյանին դա պետք չէ, քանի որ այդ դեպքում նա չի կարողանա պատերազմով շանտաժ անել և խաղաղությունը կապել իր անձի հետ․ «Խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ մարդուց՝ ինձնից, նրանից, Ալիևից կամ մեկ ուրիշից։ Նա ամեն ինչ արեց, որպեսզի շանտաժի հնարավորություն ունենա, աթոռը պահելը նրա համար վեր կանգնեց ամբողջ ժողովրդի շահերից»։
Կարդացեք նաև
Հայաստանի կառավարման համակարգի մասին հարցին էլ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ իր համոզմամբ, Հայաստանի համար ճիշտ մոդելը կիսանախագահական համակարգն է․ «Նախագահի լիազորությունները պետք է փոխվեն։ Այսօր մենք ունենք դեկորատիվ նախագահ, որը կարող է ոչինչ չանել, չերևալ, պաղպաղակ ուտել, դաշնամուր նվագել և ունենալ 100 հոգանոց աշխատակազմ՝ բյուջեի հաշվին։ Անիմաստ, անհասկանալի պաշտոն է»։
Նաեւ հայտարարեց, որ երկրի ղեկավարի համար ոչ միայն կրթական ցենզն է պարտադիր, այլ նաեւ IQ թեստ հանձնելը։ Հիշեցրեց՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին Փաշինյանը բարձրագույն կրթություն չի ունեցել, իսկ դիպլոմը ստացել է ավելի ուշ՝ շատ կասկածելի ճանապարհով։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































