Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետն իր պաշտոնական էջով է իրականացնում ընտրարշավը. «Արդար քվեն» գործարկել է ընտրախախտումների գրանցման իր նորարարական հարթակը

Մայիս 19,2026 15:06 Share

«Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական հասարակական կազմակերպության «Արդար քվե» դիտորդական առաքելությունը ներկայացրեց ընտրախախտումների գրանցման նորարարական հարթակը։ «Մեր երկրում տեղի են ունենալու ընտրություններ, և մեր կազմակերպությունը 2003 թվականից իրականացնում է տեղական և միջազգային դիտորդական առաքելություններ։ Այս տարի ևս մենք ստացել ենք դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքը։ Մենք խորհրդանշական կերպով այդ առաքելությունն անվանել ենք «Արդար քվե», որովհետև յուրաքանչյուրիս քվեն կարևոր է»,- ասուլիսում նշեց «Արդար քվե» դիտորդական առաքելության հանրային կապերի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը։

«Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը նշեց, որ իրենց դիտորդական առաքելությունը նպատակ ունի նպաստել ընտրական գործընթացների թափանցիկությանն ու հանրային վերահսկողությանը՝ ապահովելով անկախ և անկողմնակալ դիտորդություն։ Նա մանրամասնեց, որ պատրաստում են և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնողների։ Մինչ այժմ ստացել են երկարաժամկետ դիտորդների շուրջ 119 հայտ, որից ընդունել են 25-ը, ինչը նշանակում է, որ իրենց դիտորդական առաքելության մեջ գործում են 25 երկարաժամկետ դիտորդներ, որոնք անընդհատ կատարում են տարբեր ձևաչափերի մշտադիտարկումներ՝ ընտրական գործընթացների արդարության և իրավականության սկզբունքներն ապահովելու շրջանակում։ Կարճաժամկետ դիտորդների համար ստացել են շուրջ 110 դիմում և դեռ շարունակում են ստանալ։

«Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավարը հավելեց, որ ունեն թեժ գիծ՝ 010 58 87 68, որով արձագանքում են քաղաքացիների ահազանգերին, հավելեց նաև, որ հասանելի են թելեգրամյան և ֆեյսբուքյան էջերով։ «Այս ընթացքում ստացել ենք 71 առերևույթ ընտրախախտման դեպք, մեզ հետ աշխատում է նաև իրավաբանական և փորձագիտական խումբ, որի միջոցով կարողանում ենք վերլուծության ենթարկել, թե որ դեպքերն ունեն բացահայտ առերևույթ կապ ընտրախախտումների հետ»,- ընդգծեց Սոնյա Համբարձումյանը։

Նա մանրամասնեց, որ մի քանի օրվա ընթացքում դիտարկված ընտրախախտումների 71 դեպքից 16-ը վերաբերում են վարչական ու պետական ռեսուրսների չարաշահմանը, 12 դեպք՝ ատելության խոսքին, նվաստացմանը, 3-րդ տեղում (7 դեպք) անչափահասների և երեխաների ներգրավումն է քարոզարշավին։ Նա փաստեց, որ ՀՀ վարչապետն իր պաշտոնական էջով է իրականացնում ընտրարշավը, նաև առանց սեփականատերերի համաձայնության քարոզչական նյութեր են փակցվում քաղաքացիների սեփական տարածքներում։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031