ՀՀ Ներքին գործերի նախարար տիկին Արփինե Սարգսյանին
«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանից
Բ Ո Ղ Ո Ք
Հարգելի՛ տիկին Սարգսյան,
Կարդացեք նաև
Այսօր Ձեր ենթակաները՝ պարեկային ծառայողները, ապօրինաբար և հանցավոր կարգով խոչընդոտել են «ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցության քարոզարշավը. Վայք քաղաքում ոստիկանության ծառայողները առգրավել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ԲԵՎԵՌԻ՝ քարոզչական նպատակներով բնակչության իրազեկման աշխատանքներն ապահովող պիքապ (pickup) տեսակի տրանսպորտային միջոցը։ Մեքենայի առգրավման համար վկայակոչվել է ոչ միայն անհեթեթ, այլ կամայական պատճառաբանություն։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ձեր ենթակաները ակնհայտորեն քաղաքական նպատակահարմարությունից (ՔՊ կուսակցության շահերից) ելնելով՝ ուղղակի դիտավորությամբ վնաս են հասցնում «ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցությանը կամ համակիրներին. ծեծում են, խոշտանգում, առգրավում, սահմանափակում, կատարում այլ պատվիրված հետապնդումներ։
Եթե այլ դեպքերում իրավական ճանապարհով երբեմն հնարավոր է լինում վերականգնել խախտված իրավունքները, սույն դեպքում դա հնարավոր չէ. քարոզարշավի օրերը և ժամերը հաշվված են, և դրա կորուստը անհնար է վերադարձնել կամ վերականգնել, ավելի ստույգ՝ այդ իրավունքի իրացումը հետագայում բացառված է անգամ իրավական ճանապարհով։
Դուք և Ձեր ենթակաները, քաջ գիտակցելով այդ ամենը, այսօր մեծ և չվերականգնվող վնաս և հարված եք հասցրել «ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցությանը։
Մինչև այն պահը, երբ բոլոր հանցագործները կկանգնեն ԻՆՔՆԻՇԽԱՆ Հայաստանի դատարանի առջև և կենթարկվեն արդար պատժի, պահանջում եմ՝
ա/ «ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցությանը ԱՆՀԱՊԱՂ վերադարձնել գողացված տրանսպորտային միջոցը, առևանգողների նկատմամբ սկսել քրեաիրավական գործընթաց և արդյունքների մասին տեղեկացնել մեզ,
բ/ որպես նախարար՝ հետամուտ եղեք, որպեսզի այսուհետ որևէ պարեկ կամ ոստիկան կամ Ձեզ ենթակա այլ անձ ապօրինաբար չխոչընդոտի «ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցության բնականոն ու օրինական քարոզարշավը։
Բողոք բերող՝
Ա. Պապիկյան
«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ»
համահայկական կուսակցության ներկայացուցիչ


















































