«Մեր պատմությունն ինչ է մեզ ասում, մեր մեծագույն խնդիրը եղել է հետեւյալը, որ մենք աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների բերումով ստացել ենք պետություն, երբ աշխարհաքաղաքական պայմանները փոխվել են, կորցրել ենք պետությունը: Հետեւաբար, հիմնականում մեր պետության ձեւավորման պատմության ընթացքի վրա մեր ազդեցությունը եղել է նվազագույնը: 1918-ին Հայաստանի հանրապետությունը հռչակվեց Թիֆլիսում, երկար ժամանակ մեր կառավարությունը չէր գալիս Երեւան, որ Հայաստանի հանրապետությունը կառավարի»,- այսօր Գեղանիստում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից յուրովի մեկնաբանեց ու ներկայացրեց հայոց պատմությունը:
Ըստ Փաշինյանի՝ 2018-ին, երբ ընտրվել է վարչապետ, իր առանցքային խոսույթը եղել է այն, որ պետք է Հայաստանի հանրապետությունը դուրս բերենք պատմական ցիկլից. «Երբ պետություն ունենալու ու կորցնելու ընթացքի վրա մեր ազդեցությունները նվազագույնն են, մեր ազդեցությունը պետք է ոչ միայն մեծացնենք, այլեւ այն պահին, երբ ՀՀ-ից դուրս կորոշվի, որ ՀՀ-ն դե ֆակտո կամ դե յուրե պետք է գոյություն չունենա, ՀՀ-ն այդ պահին պետք է ունենա այնքան կամք ու ուժ, որ ասի՝ ոչ, Հայաստանի հանրապետությունը պետք է գոյություն ունենա: 2018-ից մինչեւ այսօր ամբողջը այդ պրոցեսի մասին է»:
Փաշինյանի խոսքով, ինքը 2018-ի մայիսից մտել է արդյոք ՀՀ-ն գոյություն ունենալու է, թե ոչ բանավեճի հորձանուտը: Ըստ նրա՝ դրա համար էր ինքն ասում, որ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է եղել, Հայաստանի հարցն էր մնացել. «Բայց այնպես չէ՝ ի սկզբանե իմացել ենք, գլխի ենք ընկել դրա մասին, սա շատ կարեւոր հանգամանք է : Չգիտեմ ՝ լավ է, թե վատ է, որ հընթացս ենք հասկացել, շերտ-շերտ բացելով ենք հասկացել: Հընթացս հասկացել ենք, որ մեր առջեւ դրված է Հայաստանի հարցը, պետք է որոշում կայացնենք՝ մենք մնո՞ւմ ենք պատմական ցիկլի մեջ, թե՞ ցիկլից դուրս»:
Փաշինյանը հպարտացավ, որ հասել են մի կետի, որ ունենք պետություն, այլեւս առաջիկա տասնամյակներում ու հարյուրամյակներում մեր պետության լինել-չլինելու հարցը միայն մեր որոշելիք հարցն է լինելու: Սա, ըստ նրա, չի նշանակում, որ դառել ենք գերտերություն. «Դա նշանակում է, որ կարող ենք տեսնել ճանապարհը, գնահատել իրավիճակը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































