Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշացած արդարադատություն` ողջամիտ ժամկետի խախտման հետևանքով. «Ա1+»

Մայիս 22,2026 23:30 Share

Երբ տոտալ խախտվում է անձի իրավունքը, առանց ներպետական դատական ատյանները սպառելու էլ կարող է գանգատ ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հենց նմանատիպ մի գործով էլ ՄԻԵԴ-ն այսօր վճիռ է կայացրել։

«Մենք համարձակություն ունեցանք մեր պետական ատյանները չանցնենք, և իրավամբ, Եվրոպական դատարանը ևս դա գնահատեց, որ խախտումն ակնհայտ է, և իրականացրեց արդարադատություն»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ով ներկայացրել էր բողոքը։

Դիմումատուների բողոքն ընդդեմ Հայաստանի Եվրադատարանը բավարարել էր, քանի որ դատական գործընթացը տևել էր 7-ից 13 տարի։

«Իսկ ցավոք սրտի, Հայաստանում օբյեկտիվ-սուբյեկտիվ պատճառներով ունենք դատական գործեր, որ տարիներով ձգվում են։ Որպես իրավապաշտպան, այլ բան չկար, քան դիմեինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին»,- ասաց փաստաբանը։

Լևոն Բաղդասարյանը միաժամանակ նշում է, որ դատարանները գերծանրաբեռնված են աշխատում, սակայն եթե պետական լիազոր մարմինները նորմալ աշխատեն, ապա գործերի մոտ 35 տոկոսը դատարան չի հասնի։

«Եթե պետությունը, գործադիրը չի կարողանում այնպես ապահովել, որ դատական իշխանությունը գոնե նորմալ չափով գործի, ապա որպես իրավապաշտպան, ես և մեր թիմը որոշեցինք, որ այդ ձևով կաշկանդենք»,- ավելացրեց նա։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանն ասում է՝ ՄԻԵԴ-ը ճիշտ արձանագրում է արել․ փոխանակ ապացուցման ծանր բեռը թողնեն պետության վրա, թողնում են քաղաքացու ուսերին, ինչի պատճառով էլ ողջամիտ ժամկետները խախտվում են։

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողներ Արթուր Ղազարյանի և Անդրանիկ Մկրտչյանի գործերով ողջամիտ ժամկետների խախտման փաստով ևս ՄԻԵԴ բողոք է ներկայացվել․ «Եվրոպական դատարանը թեև դեռ որոշում չի կայացրել, բայց արդեն կոմունիկացիան սկսել է պետության հետ։ Այսինքն՝ ընդունել է, որ ըստ էության ողջամիտ ժամկետի խախտում առկա է»,- հավելում է պաշտպանը։

Մի գործով 15, իսկ մյուսով 7 տարի նախաքննություն է ընթանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031