Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյան, մեռնելս գուզե՞ս, ես հինգ հատ թոռ ունիմ»․ գյումրեցի կինը՝ վարչապետին

Մայիս 25,2026 17:16 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ու Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ուղեկցությամբ շրջում է Գյումրու փողոցներով՝ այս քաղաքի բնակիչներին հորդորելով տեր կանգնել խաղաղությանը, մոտեցավ «Պրոգրես» համալսարանի դիմաց գտնվող կանգառ։ Այստեղ նրան մոտեցավ մի կին՝ ասելով, որ ինքը Գյումրու իշխանությունների վրա հույս չի դնում, քանի որ կառավարությունը Փաշինյանն է, դրա համար իր խնդիրը իրեն է ներկայացնում։

«Մենք կապրինք դոմիկների մեջ, մեզ կըսեն՝ մինչև 2027 թվի նոյեմբերի 9-ը պիտի քանդված էղնին ու ոչ մի տեսակի ընդառաջում չկա։ Պարոն Փաշինյան, երկրաշարժից առաջ տվեցին 3 սենյակ, էդ վախտ ամուսնացած չենք եղել ո՛չ ախպերս, ո՛չ ես, մինչև տվեցին, ամեն մեկս 5-6 երեխա ունեցանք, 17 հոգով հո չէինք էրթա էդ սենյակի մեջ ապրեինք»,-ասաց կինը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ կանգառում ոտքի վա չի կարող նրա հարցին պատասխանել, որին տիկինն այսպես արձագանքեց․ «Պարոն Փաշինյան, մեռնելս գուզե՞ս, ես հինգ հատ թոռ ունիմ, մեռնիմ ոտքիդ տակը»։

Նիկոլ Փաշինյանը հարցրեց․ «Ի՞նչ եք ուզում, որ ձեզ ասեմ», տիկինը շարունակեց՝ խնդրելով՝ կամ սոցիալական բնակարաններից հատկացում անել, կամ թույլ չտալ տնակներից վտարելու։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ նախընտրական շրջան է և որևէ նյութական խոստում չի կարող տալ։

«Ինձ նյութական ոչինչ պետք չէ, հիմա ի՞նչ անեմ, կառավարությունը դուք եք, դուք եք չէ՞ հրաման տվողը»,- հարցրեց կինը։ «Բնակարաշինություն սկսվելու է»,-հույս տվեց Նիկոլ Փաշինյանը։

«Պարոն Փաշինյան, գոնե ասեք՝ չթողնեն մեզ հանելու»,-առաջարկեց կինը։

«Չեմ կարող խոստում տալ, հիմա եթե խոստում տամ, օրենքով արգելված է»-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ կնոջ տվյալները իրենց մոտ կա։

«Մեռնիմ կյանքիդ, մեղք ենք վերջը, էս Գյումրուն էլ տեր եղեք էլի՝ մի քիչ, դարձել է անտերանոց»,- ասաց կինը ու հեռացավ։

Այդ նույն փոքրիկ կանգառում նրան տնակների հարցով մոտեցավ մեկ այլ կին՝ հետաքրքրվելով, թե տնակների հարցն ի՞նչ պիտի լինի․ 37 տարի տնակում է ապրում, որդին էլ պատերազմի մասնակից է եղել։

«Կնայենք պետությունն ինչ պարտավորություն ունի ձեր հանդեպ»,- կարճ կապեց Նիկոլ Փաշինյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031