Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի «կարմիր գծերն» ու «վերջնագրերը» Հայաստանին

Մայիս 26,2026 11:00 Share

ՌԴն ձգտում է մոռացության տալ Մոսկվայի քաղաքականության նկատմամբ ՀՀում առկա հիասթափության ու անվստահության պատճառները 

 

«Երկու հարսանիքում պարել Հայաստանին չի հաջողվի»

Մոսկվայից Հայաստանի ուղղությամբ կոշտ նախազգուշացումներն արդեն ուղեկցվում են որոշակի պատժամիջոցների կիրառմամբ։ Մոսկվան Հայաստանի կողմից Եվրամիությանը մերձենալու ձգտումները որակում է ոչ դաշնակցային։ Ավելին, թեեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ վերջին շփման ժամանակ Հայաստանին «դաշնակից» պետություն չանվանեց, այնուամենայնիվ, նա հորդորեց՝ արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ։ Ինչից հետո պարզ դարձավ, որ հաջորդ շաբաթ Աստանայում նախատեսված ԵԱՏՄ նիստին քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը։ Թե սա կոնկրետ ի՞նչ է ենթադրում, չեն մանրամասնել։

Մոսկվայից զգուշացումների հերթական շարքը անցյալ շաբաթ էլ շարունակվեց։ Ավելին, Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հատուկ նիստում քննարկել է Հայաստանի հետ հետագա համագործակցությունը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում։ «Գաղտնիք չէ, որ այդ երկրի ղեկավարությունը վերջին շրջանում քայլեր է ձեռնարկում, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն», – հատուկ աշխատանքային խմբի նիստում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Ինչպես նշել է ՌԴ ԱԽ քարտուղարը, միջազգային հարթակներում Հայաստանը պարբերաբար միանում է ԵՄ դիրքորոշումներին, ինչպես նաեւ ակտիվ աշխատանք է տանում ստանդարտների փոփոխման, ԵՄ-ի հետ մաքսային-առեւտրային ռեժիմների համաժամանակեցման ուղղությամբ, ինչը կարող է չհամապատասխանել ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի պարտավորություններին։

«Վերջին տարիներին Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվել են մի շարք գործողություններ, որոնք միանշանակ ունեն ոչ բարեկամական բնույթ։ Հենց այդպես ենք գնահատում Միջազգային քրեական դատարանին միանալու կարգավիճակը, Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելը», – ասել է նա։

Շոյգուն քննադատել է Երեւանի կողմից Զելենսկուն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ելույթի հնարավորություն տալը։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է` Զելենսկու ելույթում հնչել են սպառնալիքներ, այդ թվում՝ Հաղթանակի օրվա զորահանդեսին հարվածելու մասին։ «Սա ոչ այլ ինչ է, քան ծաղր այն հայերի հիշատակի հանդեպ, որոնք կռվել են նացիզմի, այդ բացարձակ չարիքի դեմ՝ չխնայելով իրենց կյանքը», – նշել է Շոյգուն։

Ապա Շոյգուն հիշեցրել է հայ-ռուսական հարաբերություններում օգուտների մասին։ Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիները 2025-ին հայրենիք են ուղարկել գրեթե 3,9 մլրդ դոլար։ Դա փոխանցումների ընդհանուր ծավալի գրեթե երկու երրորդն է կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 13 տոկոսը։ Երկրի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի եւ աշխատանքի թույլտվությունների՝ օգտվելով հավասար բժշկական, կենսաթոշակային եւ սոցիալական ապահովությունից։

Ռուսաստանը Հայաստանին ապրանքներ է մատակարարում շուկայականից երեք անգամ ցածր գներով։ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր առեւտրաշրջանառության մեջ կազմում է 36%։ Մեր երկիրն առաջին տեղն է զբաղեցնում արտահանման եւ նաեւ ներմուծման ցուցանիշներով։ Դրանք են բնական գազը, ալյուրը, հացահատիկը, պարարտանյութը, բենզինը, հավելել է ՌԴ ԱԽ քարտուղարը Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում։

Շոյգուն, այդպիսով, պնդել է, թե Մոսկվան հասկանում է Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ «օգուտ քաղելու Ռուսաստանի հետ հարաբերություններից», սակայն «համագործակցությունը եւ ռազմավարական գործընկերությունը պետք է լինեն երկկողմանի»։ «Այսօր Հայաստանի գյուղատնտեսական ապրանքի մինչեւ 98 տոկոսը արտահանվում է Ռուսաստան, թունդ ալկոհոլային խմիչքների՝ 78 տոկոսը։ 2025 թվականին մատակարարումների ծավալը գերազանցել է 700 միլիոն դոլարը»։

Բացի այդ, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը պնդել է, թե հենց Ռուսաստանի Դաշնության շնորհիվ է Հայաստանը 1990-ականներին պահպանել ինքնիշխանությունը, իսկ 2020 թվականին հենց Ռուսաստանի միջնորդությունն է թույլ տվել դադարեցնել ռազմական գործողությունները։

Ռուսաստանցի մյուս պաշտոնյան՝ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էր, որը շարունակեց նախազգուշացումները Հայաստանի ուղղությամբ։

Գալուզինը հստակ հայտարարել է, որ Մոսկվայի համար անընդունելի է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որոնք մտադիր են պահպանել անդամակցությունը ԵԱՏՄ-ին, մինչեւ կստանան ԵՄ անդամակցություն։ «Իհարկե, Մոսկվայում չեն կարող ընդունել այն գիծը, որը վարում է Հայաստանի ղեկավարությունը։ Պահպանել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, քանի դեռ, այսպես ասած, չի անցել Եվրոպական միության անդամակցությանը։ Նման մոտեցումները մեզ համար բացարձակապես անընդունելի են», – նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։

Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է ԵԱՏՄ մասին պայմանագիրը, ինչպես նաեւ ԵԱՏՄ հետագա զարգացման մասին փաստաթղթերը՝ մինչեւ 2030 թվականը եւ մինչեւ 2045 թվականը։ Այնտեղ հստակ գրված է՝ Հայաստանը, ինչպես եւ Միության մյուս անդամները, «պարտավորվում է թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք կվտանգեն Եվրասիական տնտեսական ինտեգրումը»։

«Հայաստանը չի կարող լինել ե՛ւ Եվրասիական տնտեսական միությունում, ե՛ւ Եվրամիությունում, ինչպես ասում են՝ միաժամանակ երկու հարսանիքներում պարել Հայաստանի մոտ չի ստացվի», – ասել էր Գալուզինը՝ հարեւան երկրների հետ փոխգործակցության հարցերով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ խմբի նիստից հետո։

ՌԴ փոխարտգործնախարարը նաեւ մեղադրել է Արեւմուտքին Հայաստանին Ռուսաստանի դեմ օգտագործելու փորձի մեջ եւ հայտարարել, որ երկրի անդամակցությունը Եվրամիությանը «պոպուլիստական կարգախոս է»՝ նման այն կարգախոսներին, որոնք նախկինում օգտագործվել են Ուկրաինայի եւ Մոլդովայի պարագայում։ Գալուզինը ԵՄ-ին մեղադրել է «առաջիկա ընտրությունների վրա ազդելու» փորձերի մեջ ու հայտարարել, թե «Ռուսաստանն, ի տարբերություն Եվրամիության, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»։ Մոսկվան հույս ունի, որ հայ հասարակությունը «կպահպանի սառնասրտությունը» եւ թույլ չի տա երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

 «Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄից», բայց՝ «այլեւս լռել չեն կարող»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգտվում է Ռուսաստանի կողմից տրամադրված հնարավորություններից՝ միաժամանակ կայացնելով Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքական որոշումներ, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ հավելելով, թե նա «ցինիկաբար օգտագործում է» ՌԴ-ի կողմից տրամադրված հնարավորությունները։ Վոլոդինը պնդել է, թե՝ «դա անազնիվ է եւ, ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի օրինակը, ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։

Ռուս բարձրաստիճան պաշտոնյան կրկին պնդել է, թե Մոսկվան պետք է որոշում կայացնի։ «Մենք այլեւս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին»։ Վոլոդինը հիշատակել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին անցած տարի Հայաստանի խորհրդարանում ընդունված օրենքն ու Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Շատ տարօրինակ, արտասովոր իրավիճակ է։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես որ արել է վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էր։ Հայաստանի ղեկավարությունն էլ է հայտարարում, որ ուզում է մնալ կառույցում», – ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Արեւմուտքը փորձում է պառակտել Ռուսաստանի դաշնակիցներին, հատկապես հարեւաններին, իր հերթին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Արեւմուտքը փորձում է պառակտել մեր դաշնակիցներին, առաջին հերթին՝ սկսելով մեր հարեւաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ», – նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Մոսկվան «բացարձակ սուտ» է որակում «ՌԴ լրտեսության» մասին հրապարակումները

Մոսկվան անցյալ շաբաթ անդրադարձավ նաեւ մեծ աղմուկ բարձրացրած «The Insider» պարբերականի հրապարակմանը, որում հետաքննության հեղինակները նշել էին, թե Հայաստանում ընդդիմության առաջնորդները ռուսական ԱԴԾ-ի գործակալներ են։

«Վերջերս հակառուսական ուղղվածության տեղեկատվական ռեսուրսներից մեկում հրապարակվել է իրականության հետ բացարձակապես ոչ մի կապ չունեցող բացահայտ պարսավագիր այն մասին, թե իբր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, Երեւանում նրա աշխատակիցները, դիվանագիտական աշխատակիցները ինչ-որ անթույլատրելի գործունեությամբ են զբաղվում Հայաստանի շահերի դեմ», – լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա նշել է, որ դա «բացարձակ սուտ է, բացարձակ ֆեյք»։ Դիվանագետը նաեւ ընդգծել է, որ դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությունը, նրանց գործառույթները, որոնք ամրագրված են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիայում, աղավաղված են, «բացարձակ չարամտորեն ներկայացվում են որպես ինչ-որ անթույլատրելի գործունեություն»։

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը չի միջամտում ՀՀ ներքին քաղաքականությանը՝ ի տարբերություն ԵՄ-ի, որի ներկայացուցիչները Երեւանում են եւ փորձում են ազդել նախընտրական գործընթացների վրա։

 Ռուսական պատժամիջոցները՝ գործողության մեջ

«Ռոսսելխոզնադզորն» անցյալ շաբաթ ժամանակավորապես սահմանափակեց Հայաստանից ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ «Արգելքը ուժի մեջ կմնա մինչեւ ջերմոցների ստուգման ավարտը եւ արդյունքների վերլուծությունը», – հայտարարեց դաշնային կառույցը՝ հավելելով. «Չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության կողմից տրված երաշխիքներին, այս տարվա առաջին ամիսներին Ռուսաստան ներմուծված 96,2 միլիոն ծաղիկների մեջ գրանցվել է սահմանված ֆիտոսանիտարական կանոնների խախտման 135 դեպք։ Սա ողջ 2025-ին հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%-ն է»։

Ըստ հաղորդագրության, «Ռոսսելխոզնադզորը» նախատեսում է ստուգել Հայաստանում գործող բուսաբուծական ձեռնարկությունները։ Հայկական կողմը երեկ հաղորդել էր, որ ռուս մասնագետների խումբն արդեն ժամանել է Երեւան։

Այնուհետեւ պարզվեց, որ «Ռոսսելխոզնադզորը» խնդիր ունի նաեւ հայկական բանջարեղենի եւ մրգերի մատակարարումների հարցում։ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտնեց, որ հայկական ձեռնարկություններում ստուգումները կշարունակվեն եւս մեկ շաբաթ, եւ այդ ստուգումների արդյունքներով էլ որոշում կընդունվի։

Ապա հերթը «Ջերմուկ» հանքային ջրի ներկրմանն ու վաճառքին էր վերաբերում։ Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, ժամանակավորապես կասեցրել էր հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու վաճառքը Ռուսաստանում՝ դրանցում որոշ նյութերի նորմայից բարձր պարունակության պատճառաբանությամբ։ Գերատեսչությունից պնդել էին, թե հանքային ջուրը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը։

Այս շաբաթ կայանալիք Եվրասիական տնտեսական միության նիստին ընդառաջ «Ռոսպոտրեբնադզոր»-ը ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին։

Կառույցի հաջորդ որոշումը Հայաստանում արտադրվող անորակ ալկոհոլային խմիչքներին էր առնչվում։ «Ռոսպոտրեբնադզոր»-ից հայտարարել էին, թե Հայաստանում արտադրվող անորակ ալկոհոլային խմիչքներ կան, եւ դրանց վաճառքը Ռուսաստանում կասեցվել է, քանի որ, ըստ կառույցի, պարտադիր պահանջներին չեն համապատասխանել «ՎԵԴԻ-ԱԼԿՈ»-ի, «Աբովյանի կոնյակի գործարանի» եւ «Շահնազարյան» գինու եւ կոնյակի տան արտադրանքը։

ՌԴից այդպես էլ չխոստովանեցին, որ Ադրբեջանի հետ «բիզնեսի» արդյունքում վաղուց էին Հայաստանը դադարել «դաշնակից» համարել

Այսպիսով, հայ-ռուսական հարաբերությունները մտել են խոր քաղաքական անվստահության եւ բացահայտ ճնշումների փուլ։ Եթե նախկինում Մոսկվան հիմնականում սահմանափակվում էր ակնարկներով ու դիվանագիտական դժգոհությամբ, ապա այժմ արդեն հրապարակային, համակարգված եւ կոշտ լեզվով ազդակներ է հղում Երեւանին՝ ուղեկցելով դրանք տնտեսական եւ քաղաքական լծակների կիրառմամբ։

Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները մի քանի հիմնական ուղերձ են պարունակում։ Նախ՝ Մոսկվան Հայաստանի եվրոպական ուղղությունը դիտարկում է ոչ թե որպես բազմավեկտոր քաղաքականություն, այլ որպես աշխարհաքաղաքական վերադասավորում՝ Ռուսաստանի ազդեցության գոտուց հեռանալու փորձ։ ՌԴ պաշտոնյաները շարունակաբար շեշտում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ ինտեգրվել ե՛ւ ԵԱՏՄ-ին, ե՛ւ Եվրամիությանը։ «Երկու հարսանիքում պարել չի ստացվի» ձեւակերպումը հենց դրա մասին է վկայում։

Երկրորդ կարեւոր հանգամանքը Հայաստանի նկատմամբ տնտեսական կախվածության մասին հրապարակային հիշեցումներն են։ Սա փաստացի նախազգուշացում է, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան կարող է օգտագործել տնտեսական ճնշման ամբողջ գործիքակազմը։ Եվ արդեն իսկ սահմանված սահմանափակումները՝ ծաղիկների, գյուղմթերքի, «Ջերմուկի», ալկոհոլային խմիչքների արտադրանքի նկատմամբ, այդ քաղաքականության գործնական դրսեւորումներն են։ Բացի այդ, ակնհայտ է, որ Մոսկվան Հայաստանի ներքաղաքական գործընթացները կապում է առաջիկա ընտրությունների հետ։

Սակայն այստեղ կարեւոր նրբություն էլ կա. Մոսկվան մտահոգված է, որ արեւմտյան ուղղությունը կարող է ամրապնդվել նախընտրական շրջանում, եւ փորձում է ազդել թե՛ իշխանությունների, թե՛ հասարակության վրա՝ ցույց տալով եվրոպական ուղու հնարավոր գինը։

Չէ՞ որ Ռուսաստանում հստակ պատկերացում ունեին, թե 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ինչպիսի հիասթափություն եւ անվստահություն է ձեւավորվել ու ամրապնդվել Հայաստանի հասարակության մոտ Ռուսաստանի նկատմամբ՝ Կրեմլի վարած ադրբեջանամետ եւ ոչ դաշնակցային կեցվածքի հիմքում։ Հիմա, ձգտելով մոռացության տալ այդ հիասթափության ու անվստահության պատճառները, Մոսկվան փորձում է ձեւավորել պատկերացումներ, թե Արեւմուտքը ցանկանում է Հայաստանը դարձնել հերթական հակառուսական հարթակ՝ Ուկրաինայի կամ Մոլդովայի օրինակով։

Մինչդեռ այս տարիների ընթացքում ՌԴ իշխանություններն այդպես էլ չխոստովանեցին, որ Ադրբեջանի հետ Մոսկվայի փոխշահավետ աշխարհաքաղաքական «բիզնեսի» եւ տնտեսական «գործարքների» արդյունքում վաղուց էին Հայաստանը դադարել «դաշնակից» համարել։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031