Լրահոս
Օրվա լրահոսը

TRIPP-ի հայաստանյան փորձությունը

Օգոստոս 26,2026 11:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

Տնտեսական կախվածությունը կայուն խաղաղություն չի կարող երաշխավորել 

Ճանապարհ, միջանցք, խաղաղության գինը

Վաշինգտոնյան գագաթնաժողովից եւ TRIPP-ի պայմանավորվածությունից մեկ տարի անց հայ-ադրբեջանական հարաբերությունների ամենակարեւոր փոփոխությունը ոչ այնքան այն է, որ երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման մասին հայտարարությունները դարձել են հաճախակի, որքան այն, որ խաղաղության գործընթացը աստիճանաբար վերածվեց հակասությունների ցուցադրման դաշտի։ Ու այստեղ էլ կորոշվի՝ արդյոք Վաշինգտոնում սկսված գործընթացը կհասնի կայուն խաղաղությա՞ն, թե՞ ճանապարհին առաջանալու են նոր քաղաքական ու անվտանգային խնդիրներ, փակուղային իրավիճակներ։

TRIPP-ի առաջին տարեդարձին Հայաստանի իշխանությունը նախագիծը ներկայացնում է որպես երկրի շրջափակմանը վերջ դնող եւ տարածաշրջանի տնտեսական առանցք ձեւավորող ծրագիր։ ԱՄՆ-ը այն դիտարկում է ավելի լայն՝ Թրանս-Կասպյան առեւտրային երթուղու կարեւոր բաղադրիչ, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը։ Այս տարբեր անվանումները պարզապես բառային տարբերություն չեն․ դրանց հետեւում Հայաստանի եւ Ադրբեջանի՝ հաղորդակցության ապագա ռեժիմի վերաբերյալ տարբեր պատկերացումներ են։

TRIPP-ի շուրջ հիմնական հակասությունը՝ նույն ճանապարհի տարբեր պատկերացումները

Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածության քաղաքական նշանակությունն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան ստանում է անխոչընդոտ հաղորդակցության հնարավորություն։ Սակայն Հայաստանի համար նախատեսվող «փոխադարձ առավելությունների» ձեւակերպումն ավելի ընդհանուր է։ Այս տարբերությունը մեկ տարի անց դարձել է TRIPP-ի շուրջ ամենակարեւոր քաղաքական հարցերից մեկը․ արդյո՞ք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների բացումը գործելու է իրական փոխադարձության սկզբունքով, թե՞ երկու ուղղություններով ձեւավորվելու են տարբեր ռեժիմներ։

Հայաստանի իշխանությունը պնդում է, որ TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է, եւ դրա հիմքում հավասարության սկզբունքն է։ Սակայն գործնական մանրամասներն ավելի բարդ պատկեր են ստեղծում։ Սյունիքով անցնող երթուղու համար նախատեսվում է սահմանային վերահսկողության՝ «ֆրոնտ օֆիս» եւ «բեք օֆիս» մոդել, որի կիրառումը Հայաստանում նորություն է։ Ընդ որում՝ իշխանությունը չի բացառել այն տարբերակը, որ առաջնային գրասենյակը կարող է գործել առանց սահմանապահի՝ տեխնիկական միջոցներով։ Այսինքն, պարզ հարց է ծագում՝ արդյո՞ք խոսքը սովորական ճանապարհի մասին է, թե՞ հատուկ ռեժիմով գործող հաղորդակցության մասին։

Հայաստանն ադրբեջանական նավթամթերք է ստացել, Ադրբեջանի տարածքով բեռների որոշակի տարանցում իրականացվել է, սակայն հայկական ապրանքների՝ Ադրբեջան մուտքի կամ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով համարժեք տարանցման մասին խոսք չկա։ Այսինքն, խաղաղության «շոշափելի օգուտների» մասին խոսույթն արդեն ունի իրական տնտեսական հիմք, բայց այդ օգուտների փոխադարձության հարցը անհասկանալի է։

Ահա այստեղ է, որ TRIPP-ի քաղաքական իմաստը դուրս է գալիս ճանապարհի կառուցման շրջանակներից։ Եթե նախագիծը պետք է դառնա խաղաղության տնտեսական երաշխիք, ապա դրա արդյունավետությունը պետք է չափվի ոչ միայն նրանով, թե որքան արագ ադրբեջանական բեռը կհասնի Նախիջեւան, այլեւ նրանով, թե որքանով Հայաստանը կստանա իր հաղորդակցությունների ընդլայնման, շուկաների հասանելիության եւ տարանցիկ եկամուտների համարժեք հնարավորություններ։

Այս հարցում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները ուշագրավ էին։ Օգոստոսի 12-ին Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին հաջորդ տարի կհասնի սահմանին, իսկ Հայաստանի տարածքում նախատեսված 42-կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է սկսվի արդեն այս տարի։ Նրա ներկայացմամբ՝ Ադրբեջանի հատվածում ավտոճանապարհը գործնականում պատրաստ է, երկաթուղու շինարարությունն արագ տեմպերով ընթանում է, եւ Բաքուն կարող է անհրաժեշտության դեպքում արագացնել աշխատանքները։

Բաքուն փորձում է ցույց տալ, որ TRIPP-ի իրականացման հիմնական շարժիչ ուժը Ադրբեջանն է, եւ գործընթացի հնարավոր ձգձգման պատասխանատվությունը տեղափոխում է Երեւանի վրա։ Ալիեւի ձեւակերպմամբ՝ ադրբեջանական հատվածը պատրաստ է, իսկ խնդիրը հայկական հատվածի պատրաստ չլինելն է։

Այստեղ ուշագրավ է նաեւ մեկ այլ հանգամանք։ Ալիեւը TRIPP-ը ներկայացնում է ոչ միայն որպես տրանսպորտային նախագիծ, այլեւ որպես էներգետիկ եւ ենթակառուցվածքային միջանցք։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի մասնագետներն արդեն ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում եւ նույնիսկ որոշել են էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման վայրերը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում հաստատեց, որ ադրբեջանցի մասնագետների այցելություններ եւ համապատասխան աշխատանքներ իսկապես եղել են՝ դրանք ներկայացնելով որպես նախկինում հաղորդված աշխատանքային գործընթացի շարունակություն։

Այս հանգամանքը ցույց է տալիս, որ TRIPP-ի իրական բովանդակությունը կարող է զգալիորեն ավելի լայն լինել, քան ճանապարհի կամ երկաթուղու կառուցումը, եթե դրան ավելանում են էլեկտրահաղորդման գծերը, կապը, էներգետիկ ենթակառուցվածքները։

Ալիեւի ուղերձները խաղաղության հռետորաբանություն՝ ուժի ցուցադրությամբ

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները կարեւոր են ոչ միայն TRIPP-ի տեխնիկական մասի, այլեւ Բաքվի քաղաքական մտածողությունը հասկանալու համար։ Ալիեւը, մի կողմից, խոսում է խաղաղության, տնտեսական համագործակցության եւ տարածաշրջանային կապակցվածության մասին, մյուս կողմից՝ շարունակում է օգտագործել այնպիսի ձեւակերպումներ, որոնք ցույց են տալիս 2020-ի պատերազմի արդյունքների նկատմամբ Ադրբեջանի ուժային ընկալման պահպանումը։

Օգոստոսի 12-ի հարցազրույցում Ալիեւը հայտարարել էր, որ 2020-ի պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունը Հայաստանի համար «կապիտուլյացիայի ակտ» էր։ Նա պնդեց, որ Ադրբեջանը Հայաստանին ստիպել է վերադարձնել տարածքները, հավելեց, որ պատերազմը շարունակելու դեպքում հայկական կողմի կորուստները կարող էին ավելի մեծ լինել։ Ավելին՝ նա ընդգծեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի շուրջ բանակցություններում ինքը պնդել է Ադրբեջանը Նախիջեւանին կապող «միջանցքի» ամրագրումը։

Այս հայտարարությունը կարեւոր հակադրություն է ստեղծում Վաշինգտոնյան գործընթացի պաշտոնական տրամաբանության հետ։ Եթե ամերիկյան մոտեցման հիմքում կողմերի միջեւ հարաբերությունների կարգավորումն ու տնտեսական փոխկախվածությունն են, ապա Ադրբեջանի նախագահի ձեւակերպումները ցույց են տալիս, որ Բաքուն խաղաղությունը դիտարկում է 2020-ի ռազմական արդյունքների եւ ուժերի հարաբերակցության համատեքստում։

Սա հատկապես կարեւոր է այն պատճառով, որ նույն հարցազրույցում Ալիեւը TRIPP-ի վերաբերյալ բազմիցս օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» անվանումը։ Հայաստանի համար դա սկզբունքային խնդիր է, քանի որ «միջանցք» հասկացությունը կարող է ընկալվել որպես սովորական հաղորդակցության ճանապարհից տարբերվող՝ հատուկ կարգավիճակ ենթադրող ռեժիմ։ Երեւանը շարունակում է պնդել, որ Հայաստանի տարածքում որեւէ հաղորդակցություն պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։

Օրերս Ալիեւը կրկին հիշեցրել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, նկատելով, որ այդ նախագիծն Ադրբեջանում ակտիվորեն իրականացվում է եւ, որ Ադրբեջանի տարածքում նախագծի հիմնական աշխատանքները նախատեսվում են ավարտել հաջորդ տարի։ Ադրբեջանի եւ Ուզբեկստանի Բարձրագույն միջպետական խորհրդի նիստում Ալիեւն ասել է. «Ցանկանում եմ նշել, որ աշխատանքներ են իրականացվում նաեւ Հայաստանում։ Մեր ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են մեզ այդ մասին։ Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում շինարարական աշխատանքները կսկսվեն կա՛մ այս տարվա վերջին, կա՛մ հաջորդ տարվա սկզբին։ Սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը ընդամենը 42 կիլոմետր է, իսկ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում այդ հատվածի երկարությունը 194 կիլոմետր է։ Հետեւաբար, մենք արդեն սկսել ենք աշխատանքները եւ ամեն դեպքում ավարտին կհասցնենք դրանք»:

Այսինքն, այս հակասությունը մեկ տարի անց ոչ միայն չի վերացել, այլեւ ավելի տեսանելի է դարձել։ Հայաստանյան ընդդիմության մի մասը TRIPP-ը համարում է ճանապարհ, մյուսը՝ միջանցքի ռիսկ ունեցող նախագիծ։ Իշխանությունը, իր հերթին, պնդում է, որ ինքնիշխանության սահմանափակում չկա։ Սակայն խնդիրը միայն անվանումների մեջ չէ։ Իրական հարցն այն է, թե ով է վերահսկում երթուղու աշխատանքը, ինչ լիազորություններ ունեն հայկական սահմանապահներն ու մաքսային մարմինները, ինչ պայմաններով են անցնում ադրբեջանական բեռները, եւ արդյոք Հայաստանի համար ապահովվում են համարժեք հնարավորություններ։

Էներգետիկ ուղղությունն այս համատեքստում նոր եւ շատ ավելի խորքային հարց է։ Ալիեւը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի համար էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր դառնալ՝ իր առաջարկը կապելով Հայաստանի գործող ատոմակայանի ապագայի հետ։ Նա պնդել է, որ հայկական ատոմակայանը հնացած է եւ վաղ թե ուշ պետք է փակվի, ինչից հետո Հայաստանը կարող է հայտնվել էներգետիկ ճգնաժամի առջեւ։ Ադրբեջանի նախագահի առաջարկը, հետեւաբար, միայն տեխնիկական կամ առեւտրային առաջարկ չէ․ այն նաեւ քաղաքական ուղերձ է Հայաստանի ապագա էներգետիկ կախվածության հնարավորության մասին։

Պաշտոնական Երեւանի արձագանքը դեռեւս վերջնական ձեւավորված չէ։ Իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը վերջերս չի բացառել, որ ապագայում Հայաստանը կարող է Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնել, քանի որ երկու երկրների համակարգերի միացման դեպքում հնարավոր են էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրեր։ «Միանշանակ եւ աներբկա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար, նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման, եւ ներմուծման հնարավոր պայմաններից», տարեսկզբին էլ հայտարարել էր Փաշինյանը ԱԺ-ում։

Սա արդեն ի ցույց է դնում խաղաղության գործընթացի ամենակարեւոր երկիմաստությունը։ Տնտեսական փոխկախվածությունը կարող է իսկապես նվազեցնել պատերազմի հավանականությունը, բայց կախվածությունը ինքնաբերաբար չի նշանակում հավասարություն։ Եթե մի կողմը ստանում է ոչ միայն տրանսպորտային, այլեւ էներգետիկ, տնտեսական եւ ենթակառուցվածքային ազդեցության նոր գործիքներ ու լծակներ, իսկ մյուս կողմը դառնում է դրանցից կախված, ապա խաղաղության տնտեսական մոդելը կարող է վերածվել նաեւ նոր խոցելիության աղբյուրի։

Հայաստանը չպետք է դառնա պարզապես տարածք ծրագրի համար

 Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Հայաստանի համար ամենակարեւոր հարցը, հետեւաբար, այլեւս միայն այն չէ, թե խաղաղություն կա՞, կամ հաստատումը, որ՝ «պատերազմ չկա»։ Խաղաղությունը մեկ տարի պահպանվել է, սահմանին միջադեպեր չեն եղել, եւ երկու երկրների միջեւ տնտեսական շփումներ կան։ Նոր զարգացումները, սակայն, ցույց են տալիս, որ հաջորդ փուլում գլխավոր խնդիրը լինելու է այն, թե ինչպիսի խաղաղություն է ձեւավորվում եւ ինչ հարաբերակցությամբ են դրանում բաշխվում տնտեսական, քաղաքական եւ անվտանգային շահերը։

TRIPP-ը կարող է դառնալ այդ նոր համակարգի առանցքը։ Այն կարող է Հայաստանի համար բացել ճանապարհ դեպի նոր շուկաներ, տարանցիկ հնարավորություններ, ներդրումներ եւ տարածաշրջանային կապեր։ ԱՄՆ-ի մասնակցությունը ծրագրին եւ 201 միլիոն դոլարով կապիտալացված Թրանս-Կասպյան հիմնադրամը ցույց են տալիս, որ նախագիծը Վաշինգտոնի համար ավելի լայն աշխարհատնտեսական հաշվարկի մաս է։ Այդ առումով Հայաստանի համար TRIPP-ի նշանակությունը միայն Ադրբեջանին Նախիջեւանի հետ կապելը չէ․ այն կարող է Հայաստանին ներգրավել Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող նոր տնտեսական համակարգի մեջ։

Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը չլինի այդ համակարգի պարզապես տարածքային հատվածը։ Հայաստանը պետք է լինի դրա շահառուն եւ լիարժեք իրավասու մասնակիցը։ Դա նշանակում է, որ «փոխադարձ առավելություն» ձեւակերպումը պետք է ստանա կոնկրետ բովանդակություն՝ հայկական բեռների, հայկական փոխադրողների, Հայաստանից եւ դեպի Հայաստան տարանցման, մաքսային ռեժիմների եւ տնտեսական եկամուտների իրական հնարավորություններով։

Նույնը վերաբերում է էներգետիկ կապերին։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացումը ի՞նչ տնտեսական առավելություններ կարող է խոստանալ… Եթե Հայաստանը պարզապես փոխում է մեկ արտաքին կախվածությունը մեկ այլ կախվածությամբ, ապա դա դժվար թե կարելի լինի անվանել ռազմավարական շահի լիարժեք իրացում։ Եթե, հակառակը, տարածաշրջանային բոլոր կապերը դառնում են միմյանց լրացնող, իսկ Հայաստանը պահպանում է տարբեր աղբյուրներից օգտվելու հնարավորությունը, ապա փոխկախվածությունը կարող է դառնալ անվտանգության լրացուցիչ գործոն։

Ադրբեջանից հնչող հայտարարությունները նաեւ ցույց են տալիս, որ Բաքուն իր համար առավելագույն քաղաքական եւ տնտեսական արդյունք ստանալու քաղաքական գիծը չի դադարեցրել նույնիսկ «հաստատված խաղաղությունից» հետո։ Ալիեւի խոսույթը՝ TRIPP-ը որպես տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագիծ ներկայացնելը եւ 2020-ի պատերազմը «կապիտուլյացիայի» լեզվով մեկնաբանելը, վկայում է, որ Ադրբեջանի համար խաղաղության գործընթացը չի նշանակում անցյալի քաղաքական հաշվարկներից հրաժարում։ Ընդհակառակը՝ Բաքուն փորձում է պատերազմի արդյունքում ձեռք բերված առավելությունները տեղափոխել խաղաղության եւ տնտեսական համագործակցության նոր փուլ։

Հայաստանի մարտահրավերն այս պայմաններում ոչ թե այդ գործընթացը կասեցնելն է, այլ դրա պայմանների վրա առավելագույնս ազդելը։ Վաշինգտոնյան գործընթացի ուժն ու ուշագրավությունը հենց այն էր, որ դրանում ներգրավված է Միացյալ Նահանգները, իսկ TRIPP-ը չպետք է ներկայացվեր որպես երկկողմ՝ հայ-ադրբեջանական պայմանավորվածություն, որի բոլոր կանոնները սահմանում է Բաքուն։ TRIPP-ի գործարկումն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը կարողանա իր շահերը վերածել պայմանավորվածությունների՝ հստակ եւ չափելի բաղադրիչների, իսկ խաղաղության պայմանագիրը կարող է աշխատել, եթե այն ստորագրվի, սակայն հստակ երաշխավորների մասնակցությամբ, եւ երբ չլուծված հումանիտար հարցերը չեն մղվի երկրորդ-երրորդ պլան։ Եվ վերջ կտրվի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից տարածքային պահանջների շարունակական ներկայացմանը։

Վաշինգտոնում մեկնարկած գործընթացի գլխավոր փորձությունը դեռ նոր է սկսվել Հայաստանի համար։ Պատերազմի բացակայությունը խաղաղության առաջին տեսանելի, բայց ամենահեշտ չափանիշն է։ Առավել դժվար է ստեղծել այնպիսի հարաբերություն, որտեղ նախկին հակառակորդները ոչ միայն սահմանին չեն կրակում միմյանց վրա, այլեւ ստիպված են հաշվի նստել միմյանց տնտեսական շահերի, հաղորդակցությունների եւ անվտանգության հետ։ TRIPP-ը հենց այդ գործիքն է։ Սակայն նույն պատճառով այն նաեւ կարող է դառնալ նոր մրցակցության թատերաբեմ, եթե «խաղաղության տնտեսական շահաբաժինը» չբաշխվի փոխադարձության եւ ինքնիշխանության պահպանության հստակ սկզբունքներով։

Հետեւաբար, ապագայի համար գլխավոր հարցը ոչ թե այն է՝ ճանապարհ կլինի՞, թե՞ «միջանցք», կամ՝ ինչպես այն կկոչվի, այլ՝ ինչ կանոններով է գործելու այդ ճանապարհը, ում համար ինչ շահ է ստեղծելու եւ որքանով է Հայաստանը մնալու այդ համակարգի որոշումների լիարժեք մասնակիցը։ Եթե այս հարցերի պատասխանները կառուցվեն Հայաստանի ինքնիշխանության, իրական փոխադարձության եւ բազմակողմ տնտեսական կապերի վրա, ապա Վաշինգտոնյան գործընթացը կարող է վերածվել տարածաշրջանի համար պատմական շրջադարձի։ Եթե ոչ, ապա խաղաղության անվան տակ ստեղծված տնտեսական կախվածությունը կարող է պարզապես տեղափոխել նախկին հակամարտության ուժային տրամաբանությունը նոր՝ ավելի բարդ հարթություն։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել