Հնարավորություններ, չլուծված հարցեր
Վաշինգտոնյան պայմանավորվածությունից մեկ տարի անց
2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությամբ կայացավ Հարավային Կովկասի վերջին տասնամյակների պատմության ընթացքում ամենակարեւոր իրադարձություններից մեկը։ ԱՄՆ-ը փորձում է հայ-ադրբեջանական խաղաղությունն արձանագրել ոչ միայն դիվանագիտական փաստաթղթով, այլեւ տարածաշրջանային տնտեսական նոր համակարգի գործարկմամբ։
Վաշինգտոնյան պայմանավորվածությունների առանցքային խորհրդանիշը դարձավ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման»՝ TRIPP-ը, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապելու է Նախիջեւանի հետ, եւ, ամերիկյան պատկերացմամբ, այն պետք է դառնա ավելի լայն՝ Կենտրոնական Ասիան եվրոպական շուկաներին կապող Միջին միջանցքի կարեւոր օղակ։
Կարդացեք նաև
Սակայն մեկ տարվա իրադարձությունները միեւնույն ժամանակ ցույց են տալիս երկու տարբեր իրականություններ։ Մի կողմից՝ խաղաղության քաղաքական տրամաբանությունը, թեեւ դարձել է գերակշռող, սակայն մյուս կողմից՝ խաղաղության իրավական եւ քաղաքական ամբողջական ամրագրումը դեռ ավարտված չէ։ Նախաստորագրված 17 կետանոց համաձայնագիրը դեռեւս իրականություն չի դարձել, սահմանազատման գործընթացը ավարտված չէ, Հայաստանի տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հարցը մնում է չլուծված, իսկ Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների ճակատագիրը շարունակում է մնալ ամենացավոտ խնդիրներից մեկը։ Գումարած այս ամենին, Ադրբեջանում շարունակում է գերիշխել հայատյացությունն ու պետական մակարդակով հովանավորվում են Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները՝ «Արեւմտյան Ադրբեջան վերադարձի» խոսույթով։
Խաղաղություն «հաստատված» է, բայց՝ խոսքով
Վաշինգտոնյան գագաթնաժողովից մեկ տարի անց հիմնական հարցն այն է, թե երբ է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը։ Երեւանը հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել այն, մինչդեռ Բաքուն շարունակում է առաջ քաշել Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը։ Ադրբեջանի նախագահը նախաստորագրումից անմիջապես հետո այդ պահանջը ներկայացրեց որպես Հայաստանի «տնային աշխատանք»։ Բաքուն պնդում է, որ Անկախության հռչակագրում առկա ձեւակերպումները տարածքային պահանջ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Սա քաղաքական փակուղի է։ Հայաստանի իշխանությունը պնդում է, որ Սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգ է եւ չի իրականացվում Բաքվի պահանջով, սակայն Փաշինյանը միաժամանակ բազմիցս հայտարարել է, որ Անկախության հռչակագիրը հակամարտություն առաջացնող փաստաթուղթ է եւ չպետք է տեղ գտնի նոր Սահմանադրությունում։ Ադրբեջանն արդեն խոստումներ է ստացել, որ Հայաստանում կարող է սկսվել նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Հայ-ադրբեջանական բանակցություններում ակտիվորեն ներգրավված նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել էր, թե Բաքվում ազդակներ են ստացել, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների հարցն է մնում չլուծված։ Դատավարությունների փակ բնույթը եւ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությունը լրացուցիչ հարցեր են առաջացնում։ Պաշտոնական Երեւանն այս հարցում, կարծես, որդեգրել է սպասելու, չգործելու քաղաքական գիծ, ամենը թողնելով Ալիեւի որոշմանը։ Իսկ Բաքվից որեւէ ազդակ չկա, որ Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակումը մոտ ապագայում հնարավոր է։
Ստացվում է, որ թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները խաղաղությունն արդեն ներկայացնում են որպես հաստատված իրողություն, միեւնույն է, Ադրբեջանում տիրող մթնոլորտը բոլորովին էլ խաղաղասիրական չէ։
Այս ամենի հետ միասին նաեւ «վերադարձի» փոխադարձ, բայց միմյանցից էականորեն տարբեր ընկալում կա։ Երեւանը հայտարարում է, թե արցախյան հակամարտության էջը փակված է եւ մոտ 120 հազար արցախցիների վերադարձը ներկայում անիրատեսական է ու կարող է նոր հակամարտության պատճառ դառնալ։ Մինչդեռ Բաքուն, հակառակը, շարունակում է առաջ մղել շուրջ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեման ու այն այդ երկրում դարձրել է պետական մակարդակով քննարկվող օրակարգային հարց։
TRIPP-ը՝ խաղաղության տնտեսական երաշխի՞ք, թե՞ տարածաշրջանային նոր հաշվարկ
Վաշինգտոնյան գագաթնաժողովի ամենակարեւոր արդյունքն, անշուշտ, TRIPP-ն է։ Նախագծի գաղափարը Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանին կապելն է, սակայն դրա աշխարհաքաղաքական նշանակությունը շատ ավելի լայն է։ Ենթադրվում է, որ եթե այն իրագործվի նախատեսված տրամաբանությամբ, Սյունիքը կարող է դառնալ ոչ թե տարածաշրջանային հակամարտության սահմանային գոտի, այլ միջազգային տարանցիկ համակարգի հանգույց։ Պաշտոնական Երեւանը TRIPP-ը ներկայացնում է որպես Հայաստանի ապաշրջափակման եւ նոր տնտեսական հնարավորությունների աղբյուր։
Ամերիկյան կողմի գնահատականը եւս հուշում է, որ Վաշինգտոնը TRIPP-ը դիտարկում է ոչ թե որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընդամենը մեկ ճանապարհային կապ, այլ ավելի մեծ աշխարհատնտեսական նախագծի մաս։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագիծը ներառում է երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքներ, իսկ արդեն սկսվել են Հայաստանում երկաթուղու ինժեներական հետազոտությունները։ Նրա ձեւակերպմամբ՝ TRIPP-ը Թրանս-Կասպյան առեւտրային երթուղու կարեւոր օղակ է եւ տնտեսական համագործակցության միջոցով խաղաղությունն ամրապնդելու օրինակ։
Ծրագիրն, իհարկե, կարեւոր է նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից։ TRIPP-ը փաստացի դառնում է այն նախագծերից մեկը, որի շուրջ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կարող են տեղափոխվել ավանդական քաղաքական ու անվտանգային համագործակցությունից դեպի երկարաժամկետ տնտեսական եւ ենթակառուցվածքային գործընկերություն։ Համաձայն ձեռքբերված պայմանավորվածությունների՝ TRIPP զարգացման համատեղ ձեռնարկությունում ԱՄՆ մասնաբաժինը առաջին 49 տարիներին նախատեսվում է 74 տոկոս, Հայաստանինը՝ 26 տոկոս, իսկ համագործակցության երկարաձգման դեպքում Հայաստանի բաժնեմասը կարող է հասնել 49 տոկոսի։ Հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրն արդեն վավերացման փուլում է, եւ դրա վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը սպասվում է սեպտեմբերի 15-ին։
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ը ստեղծել է 201 միլիոն դոլար կապիտալով Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամը, որը նախատեսված է տարածաշրջանում մասնավոր ներդրումների խթանման, վարկերի, դրամաշնորհների եւ ներդրումային ծրագրերի համար։ Այսպիսով, TRIPP-ի շուրջ ձեւավորվող ամերիկյան քաղաքականությունը միայն ճանապարհ կառուցելու մասին չէ։ Այն ենթադրում է տնտեսական ներկայության ընդլայնում Հարավային Կովկասում եւ կապերի ստեղծում Կենտրոնական Ասիայի հետ։
Սակայն հենց այստեղ էլ առաջ է գալիս նախագծի ամենազգայուն հարցը՝ Հայաստանի ինքնիշխանության եւ ճանապարհի գործարկման մեխանիզմի խնդիրը։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը, որը Երեւանի համար անընդունելի է, իսկ Ալիեւը պահանջել է, որ ադրբեջանցիները Սյունիքով անցնելիս չհանդիպեն հայ սահմանապահներին։ Հայ-ամերիկյան պայմանավորվածությունների տրամաբանությամբ, սակայն, Հայաստանի սահմանապահներն ու մաքսավորները շարունակում են ունենալ ստուգման եւ զննման իրավասություններ, թեեւ ուղեւորների ու բեռների առերես սպասարկումը նախատեսվում է մասնավոր ընկերության աշխատակիցների միջոցով։ Պաշտոնական Երեւանն ու Վաշինգտոնը պարբերաբար շեշտում են, որ Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունն իր տարածքում։
Այս հակասության լուծումը կարող է որոշիչ լինել TRIPP-ի քաղաքական ընկալման համար։
ԱՄՆ նախագահի խաղաղության հարցերով հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի ձեւակերպումը՝ «Հայաստանը տանտեր է, որը կարող է իր տարածքը վարձով տալ», այս տրամաբանությունը բավական պատկերավոր է ներկայացնում։ Վաշինգտոնի հաշվարկն այն է, որ տնտեսական փոխկախվածությունը կարող է նվազեցնել նոր պատերազմի հավանականությունը։ Միեւնույն ժամանակ այդ հաշվարկը ենթադրում է, որ Հայաստանի համար TRIPP-ը պետք է լինի ոչ թե պարզապես պարտավորություն, այլ տնտեսական շահերի համակարգ։
Հայաստանի համար ստեղծվել են ե՛ւ հնարավորություններ, ե՛ւ մարտահրավերներ
Վաշինգտոնի խաղաղության նախաձեռնությունից մեկ տարի անց Փաշինյանի եւ Թրամփի հեռախոսազրույցում ընդգծվեց ԱՄՆ նախագահի անձնական դերը 2025-ի գագաթնաժողովի կազմակերպման եւ խաղաղության գործընթացում։ Կողմերը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու հաստատակամությունը։
Նույն օրը Փաշինյանի եւ Ալիեւի հեռախոսազրույցում ընդգծվել է վերջին մեկ տարվա առաջընթացը եւ, հատկապես, առեւտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսեւորում։ Խոսքը ոչ միայն ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման, այլեւ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եւ Հայաստանից այլ ուղղություններով տարանցիկ բեռների փոխադրման մասին է։
Ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների մասով նույնպես նկատելի է նոր որակ։ Ալիեւի եւ Թրամփի հեռախոսազրույցի վերաբերյալ ադրբեջանական հաղորդագրության համաձայն՝ կողմերը նշել են, որ երկկողմ հարաբերությունները հասել են «որակապես նոր բարձր մակարդակի» եւ ձեռք են բերել ռազմավարական բնույթ։ Թրամփի կողմից Ալիեւին G20-ին հրավիրելը եւս ցույց է տալիս, որ Բաքուն Վաշինգտոնի համար դիտարկվում է ոչ միայն որպես Հարավային Կովկասի գործընթացի մասնակից, այլեւ որպես ավելի լայն միջազգային եւ տնտեսական համակարգերում ներգրավված գործընկեր։
Միացյալ Նահանգների դիրքորոշումն այս հարցում առավել ամբողջական ձեւով ներկայացրեց Ռուբիոն։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությանը, իսկ խաղաղությունը ճանապարհ է բացել ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ընդլայնման համար։
Այսպիսով, ԱՄՆ քաղաքականության հիմքում դրվում է մի տրամաբանություն, որի համաձայն՝ տարածաշրջանային խաղաղությունը պետք է վերածվի տնտեսական կապերի, իսկ տնտեսական կապերը՝ խաղաղության կայունացման գործոնի։
Հայաստանի համար հնարավորությունն այն է, որ մեր երկիրը կարող է դուրս գալ տասնամյակներ շարունակվող շրջափակումից եւ դառնալ միջազգային տարանցիկ ու տնտեսական համակարգերի հանգույց։ Մարտահրավերը՝ պահպանել այդ գործընթացում սեփական ինքնիշխան որոշումների լիարժեքությունը եւ թույլ չտալ, որպեսզի տնտեսական շահը ներկայացվի որպես անվտանգության կամ իրավական զիջումների անխուսափելի գին։
Ծրագրի հաջողությունը կախված է 3 հիմնական հանգամանքից
Վաշինգտոնյան գագաթնաժողովից մեկ տարի անց ամենակարեւոր արձանագրումն այն է, որ պատերազմը չի վերսկսվել։ Փաշինյանն ու Ալիեւը օգոստոսի 8-ին իրենց հեռախոսազրույցներում արդեն խոսում էին խաղաղության եւ տնտեսական կապերի մասին, իսկ Թրամփի վարչակազմը հայտարարում էր, որ անցած տարվա ընթացքում իրագործվել է խաղաղության խոստումը։
Բայց խաղաղության արձանագրումը դեռեւս չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել են։ Պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ, դրա ճանապարհին շարունակում է մնալ Սահմանադրության հարցը, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրը չի լուծվել, սահմանազատումը կանգ է առել, իսկ Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հարցը մնում է բաց։
Փաշինյանը օգոստոսի 8-ին հայտարարել է, որ առաջիկայում կենտրոնանալու են TRIPP-ի «հսկայածավալ ծրագրի» վրա, իսկ Թրամփի հետ հեռախոսազրույցում երկու կողմերը վերահաստատել են դրա շինարարությունը մոտ ապագայում սկսելու հաստատակամությունը։ Ռուբիոն էլ նշել է, որ նախագծի իրականացումն արդեն աստիճանաբար դառնում է իրականություն։
Այսպիսով, Վաշինգտոնի գագաթնաժողովի առաջին տարեդարձին Հարավային Կովկասում ձեւավորվել է նոր քաղաքական իրադրություն։ Նախկինում խաղաղության գլխավոր երաշխիքը պետք է լիներ հակամարտության կարգավորման իրավական փաստաթուղթը։ Այժմ ամերիկյան մոտեցումը փորձում է դրան ավելացնել երկրորդ՝ տնտեսական բաղադրիչը հետեւյալ տրամաբանությամբ՝ խաղաղությունը պետք է շահավետ դառնա այնքան, որ դրա խախտումը տնտեսական իմաստով նույնպես թանկ լինի կողմերի համար։
Հայաստանի համար այս ծրագրի հաջողությունը կախված է երեք հիմնական հանգամանքից։ Առաջինը՝ խաղաղության իրավական ամրագրումն է՝ առանց Բաքվի շարունակական նախապայմանների, որով գործընթացը պահում են փակուղում։ Երկրորդը՝ TRIPP-ի իրականացումն է Հայաստանի ինքնիշխանության, սահմանադրական կարգի եւ իրավազորության լիարժեք պահպանմամբ։ Երրորդը՝ հայ-ամերիկյան հարաբերությունների վերածումն է կայուն ռազմավարական գործընկերության, որը չի սահմանափակվի միայն մեկ ենթակառուցվածքային նախագծով։
Օգոստոսի 8-ը, գործնականում, կարող էր դառնալ ոչ թե պարզապես պատերազմի ավարտի, այլ տարածաշրջանային նոր քաղաքականության մեկնարկի տարեթիվ։ Սակայն այդ հնարավորությունը դեռեւս պետք է իրականություն դառնա։ Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները խաղաղության ճանապարհի մեկնարկ էին։ Ապագայի գլխավոր հարցն այն է, թե արդյոք Հայաստանը, Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները կկարողանան այդ քաղաքական համաձայնությունը վերածել կայուն իրավական, տնտեսական եւ անվտանգային համակարգի։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.08.2026


















































