Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում հնչեցրած ելույթից հետո դարձյալ բանտ են ուղարկում Սպարտակ Ղուկասյանին

Մայիս 26,2026 23:35 Share

ՀՀ կառավարության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում հանրապետության երկրորդ քաղաքում իշխանափոխություն կատարելու, նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին հնչեցրած հայտնի ելույթից հետո այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատախազության միջնորդությամբ ու դատավոր Վահե Ջիվանյանի որոշմամբ անսպասելիորեն փոխվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը․ որոշել են նրան տնային կալանքից դարձյալ ուղարկել բանտային կալանքի։

Ղուկասյանների հարազատների փաստմամբ, խափանման միջոցի հարցը քննվել է ու որոշումը կայացվել է առանց Սպարտակ Ղուկասյանի ու նրա փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանի մասնակցության։ Ոստիկանները չեն եկել ու Գյումրիից Երևան՝ դատարան չեն հասցրել տնային կալանքի տակ գտնվող Սպարտակ Ղուկասյանին։

Aravot.am-ի հետ զրույցում Սպարտակ Ղուկասյանի շահերը պաշտպանող Հովհաննես Ղարաքեշիշյանը հաստատեց, որ դատարանն այսօր արտահերթ նիստ հրավիրելով, Սպարտակ Ղուկասյանի ու պաշտպանական կողմի բացակայության պայմաններում է փոխել խափանման միջոցը։ Ըստ նրա՝ հասկանալի չէ դատարանի որոշումը՝ առանց պաշտպանների մասնակցության․ նիստի ժամը պաշտպանական կողմին հարմար չի եղել, այս մասին տեղեկացվել է դատարանին, իսկ դատարանը, որը կաշկանդված չէ օր, ժամ փոխելու հարցում, նիստը կայացրել է առանց իրենց։

Հովհաննես Ղարաքեշիշյանը նաև տեղեկացրեց, որ դատարանին միջնորդություն է ներկայացրել դատախազությունը՝ այն պատճառաբանությամբ, թե Սպարտակ Ղուկասյանը տնային կալանքի խափանման միջոցի պայման է խախտել։ Թե ինչ պայմանի խախտման մասին է խոսքը, հստակ չէ․ կա տեղեկություն, թե իբրև մարդու է հյուրընկալել։

Հովհաննես Ղարաքեշիշյանի ասելով՝ իրենց ձեռքի տակ չկա դատարանի որոշումը, պարզ չեն փաստական տվյալները, թե ինչ հյուրի մասին է խոսքը, գուցե փաստաբանի մասին է խոսքը, որը օրենքով սահմանված կարգով Սպարտակ Ղուկասյանին այցելելու իրավունք ունի։ Դատարանը դեռ չի տրամադրել որոշումը, խոստացել է ուղարկել էլեկտրոնային տարբերակով, սակայն մինչև այժմ ուղարկված չէ։

Հովհաննես Ղարաքեշիշյանը նաև ասաց, որ Սպարտակ Ղուկասյանի՝ երեք ամսյա տնային կալանքի ժամկետը դեռ չի լրացել, այն պիտի լրանար հունիսի 20-ին, հետևաբար հունիսի 18-ին նշանակված էր դատական նիստ՝ նրա խափանման միջոցի հարցը քննելու համար։

Թե ուր կտեղափոխեն Սպարտակ Ղուկասյանին՝ Արմավիր քրեակատարողական հիմնա՞րկ, փաստաբանն ասաց՝ դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ մի քանի քրեական գործերով անցնող Սպարտակ Ղուկասյանը կոնկրետ այս դեպքում մեղադրվում է նոյեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո՝ հաղորդակցական կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեջ։

Հետաքրքրական է, որ դատարանն այս որոշումը կայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների՝ Գյումրիում կատարած քարոզարշավից հետո։ Երեկ Վարդանանց հրապարակից Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն անխնա քննադատում էին Գյումրու տեղի իշխանությանը, Վարդան Ղուկասյանին։

Նիկոլ Փաշինյանն էլ սպառնում էր ԱԺ ընտրություններից հետո փոխել Գյումրու տեղական իշխանությանը՝ քաղաքի ղեկին հեղափոխական իշխանություն կարգել։

Նիկոլ Փաշինյանն ասում էր․ «Շատերը խոսում էին, թե այս ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում լինելու է «Գյումրի 2»։ Ես ամիսներ առաջ եմ ասել՝ չի լինելու «Գյումրի 2», լինելու է «հեղափոխություն 2» և «Գյումրի 1»։

Ի՞նչ է նշանակում «Գյումրի 1»․ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո ի վերջո ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը պետք է հասնի մեր թիկունքում գտնվող շենքը (ի նկատի ունի Գյումրու քաղաքապետարանի շենքը)։

Մենք Գյումրիում գյումրեցիների հետ պիտի անցկացնենք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում, որպեսզի Գյումրին ծաղկի այնպես, ինչպես Արթիկն է ծաղկում, ինչպես մյուս քաղաքներն են ծաղկում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունն է ծաղկում։

Եվ ուրեմն հեղափոխությունը ի վերջո պետք է բերի իր օգուտները և իր կառավարումը Գյումրի քաղաքին։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո կտեսնենք կոնկրետ երբ, ժողովուրդ ջան, իրար հետ անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ։ Ես ասում եմ՝ էս պահից, էսօրվանից սկսած՝ Գյումրիին վերաբերող բոլոր հարցերը իմ անձնական վերահսկողության ներքո են լինելու, կրելու եմ պատասխանատվություն Գյումրիում ամեն արածի ու չարածի համար»։

Նշենք, որ ոմանք էլ տնային կալանքի տակ գտնվող Սպարտակ Ղուկասյանին նորից կալանավայր ուղարկելը կապում են փաստաբան Զարուհի Փոստանջյանի՝ Ղուկասյան ընտանիքի շահերը պաշտպանելու հետ։ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ քննադատել ու վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Զարուհի Փոստանջյանի հասցեին՝ նրան մեղադրելով ժողովրդին գիտակցված պարտության մատնելու, ծախու ընդդիմություն լինելու մեջ։ Նա մասնավորապես ասել էր․ «Գետինը մտնես, էժան, գնա Վարդանիկին պաշտպանի»։

Զարուհի Փոստանջյանն իր հերթին քննադատել էր Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղադրելով իրենից վախենալու համար ու հիշեցնելով, որ ժամանակին ինքը պաշտպանել է նաև Նիկոլ Փաշինյանի շահերը՝ իր կրծքի երեխային օրեր շարունակ տանը թողնելով ու կալանավայրում նրան օգնության հասնելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031