Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախընտրական քարոզարշավը՝ Հայաստանի օրենսդրության բազմաթիվ խախտումներով։
Ամեն անգամ, երբ քարոզարշավի ընթացքում որևէ քաղաքացի համարձակվում է քննադատել նրան, ականատես ենք լինում Փաշինյանի կոպիտ, վիրավորական, հիստերիկ ու ագրեսիվ արձագանքին։ Սա ողջամիտ մարդուն բնորոշ վարքագիծ չէ, առավել ևս՝ հարիր չէ վարչապետի պաշտոնին։
Վերջին շաբաթներին սոցիալական ցանցերում տարածված բազմաթիվ տեսանյութերը ցույց են տալիս Փաշինյանի անհավասարակշիռ վարքագիծը քաղաքացիների, հատկապես այն խիզախ կանանց նկատմամբ, որոնք համարձակվում են բարձրաձայնել նրա քաղաքականության աղետալի հետևանքների՝ Արցախի կորստի, հազարավոր զոհերի, Հայաստանի Հանրապետության տարածքների կորստի, և, գուցե շուտով, նաև ամբողջ Հայաստանի կորստի մասին։ Երբ քաղաքացիներն առերեսվում են նրան՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու համար, արժանանանում են Փաշինյանի կոպիտ հարձակումներին, կամ նրա զոմբիացված կողմնակիցների հրմշտոցներին ու բռնությանը։
Փաշինյանի անտրամաբանական վարքագծին և անհեթեթ հայտարարություններին հետևողները նկատում են, որ նա ավելի ու ավելի է կորցնում ինքնատիրապետումը՝ գոռալով, սպառնալով բանտարկել կամ նույնիսկ սպանել («սատկացնել») իր քաղաքական հակառակորդներին։
Կարդացեք նաև
Փաշինյանի կամակատարը դարձած Ազգային անվտանգության ծառայությունը վերջին ամիսներին նրան քննադատողներին մեղադրել է օտարերկրյա գործակալներ լինելու մեջ՝ նույնիսկ տարածելով ակնհայտ կեղծ փաստաթղթեր։ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններում իր հիմնական մրցակից Սամվել Կարապետյանը ռուսական գործակալ է։ Կարապետյանը ձերբակալվել և մեղադրվել է պետական հեղաշրջում ծրագրելու մեջ, պարզապես այն պատճառով, որ աջակցությունն է հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Մի այլ կեղծ փաստաթղթի հրապարակմամբ՝ Փաշինյանը շինծու մեղադրանք է առաջադրել Կարապետյանի զարմիկ Նարեկին, իբր Ռուսաստանի քաղաքացիությունը թաքցնելու համար, ինչը համարվում է ընտրական օրենսդրության խախտում, քանի որ նա պատգամավորության թեկնածու է։ Բացի այդ, Փաշինյանը շարունակում է միջամտել Հայաստանի դատական համակարգի գործերին՝ ուղղորդելով դատավորներին, որոնք ըստ օրենքի, պետք է անկախ լինեն։
Վերջին երկու ամիսների ընթացքում նրա քաղաքական հակառակորդների տասնյակ կողմնակիցներ ձերբակալվել և բանտարկվել են ընտրակաշառք բաժանելու շինծու մեղադրանքներով: Սա զավեշտալի մեղադրանք է․ ո՞վ կարող է այնքան միամիտ լինել, որ ընտրություններից ամիսներ առաջ կաշառի ընտրողներին՝ հույս ունենալով, թե նրանք ապագայում կքվեարկեն իրենց կուսակցության օգտին:
Փաշինյանը նաև բանտարկել է մի քանի բարձրաստիճան հոգևորականների՝ զանազան հանցագործությունների շինծու պատրվակներով։ Ավելին, նա պարբերաբար ֆեյսբուքյան գրառումներում լկտի մեղադրանքներ է հնչեցնում Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին և շարունակում միջամտել եկեղեցու ներքին գործերին՝ բացահայտորեն խախտելով Եկեղեցու և պետության տարանջատման վերաբերյալ սահմանադրական դրույթը։
Տարիներ շարունակ Փաշինյանը կեղծորեն պնդել է, թե իր կուսակցության նախորդ երկու ընտրական հաղթանակները՝ 2018 ին և 2021 թվականներին, եղել են արդար և զերծ կեղծիքներից։ Սակայն նրա գործողությունները հակառակի մասին են փաստում․ նա բազմիցս խախտել է ընտրական օրենսդրությունը՝ քարոզարշավի նպատակով օգտագործելով վարչական ռեսուրսներ, սպառնալով իր ընդդիմախոսներին և կիրառելով դրամահավաքի անօրինական մեթոդներ։
2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքեց 1,3 միլիոն դոլար՝ իր թեկնածու Տիգրան Ավինյանի հաղթանակը ապահովելու համար։ Անկախ հետաքննությամբ բացահայտվեց, որ նախընտրական հիմնադրամին կատարված մի շարք նվիրատվություններ ձևակերպվել են կեղծ անուններով՝ իրական դոնորների ինքնությունը թաքցնելու նպատակով։ Խախտումները ներառել են խոշոր գումարների նվիրատվություններ այլ անձանց անուններով։ Օրինակ, մի կին, ում անձնագրային տվյալները խարդախությամբ օգտագործվել են, վրդովված հերքել է նման նվիրատվություն կատարելու փաստը։ Մեկ այլ դեպքում նվիրատվություններ են կատարվել հայտնի գործարարի ութ աշխատակիցների անուններով՝ առանց նրանց գիտության։ Չնայած նման բացահայտ խախտումներին՝ դատարանները որևէ իրավական քայլ չեն ձեռնարկել Փաշինյանի կուսակցության դեմ։
Շարունակելով բացահայտել «Քաղաքացիական պայմանագրի» կասկածելի դրամահավաքի գործելաոճը՝ «Ինֆոքոմ»-ի կողմից անցկացված նոր անկախ հետաքննությունը պարզել է, որ Հայաստանի տարբեր մարզերից հիվանդանոցների և բժշկական կենտրոնների առնվազն 23 տնօրեններ 2025 թվականի մարտին գրեթե միաժամանակյա նվիրատվություններ են կատարել իշխող կուսակցությանը: Պետությանը պատկանող այս հաստատությունների տնօրեններն իրենց պաշտոնների համար պարտական են իշխանություններին: Միայն մի քանի օրվա ընթացքում՝ 2025 թվականի մարտի 4-ից 11-ը, իշխող կուսակցությանը փոխանցվել է ավելի քան 15,000 դոլար: Տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 31 բժշկական կենտրոնների տնօրեններ շուրջ 22,000 դոլար են նվիրաբերել Փաշինյանի կուսակցությանը: Նույնիսկ առողջապահության նախարարն է 2025 թվականին մոտ 2000 դոլար նվիրաբերել իշխող ուժին: «Ինֆոքոմը» նաև բացահայտել է, որ Փաշինյանի կուսակցությունը և նրա կողակցի՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամը վերջին երեք տարիների ընթացքում ստացել են ընդհանուր առմամբ 300,000 դոլարի նվիրատվություններ այնպիսի գործարարներից կամ պաշտոնյաներից, որոնց ընկերություններին կառավարությունը տրամադրել է հարկային արտոնություններ:
Քաղաքական հակառակորդներին բանտարկելու վերաբերյալ բազմիցս հնչեցրած սպառնալիքներից և այն նախազգուշացումներից հետո, թե ընդդիմադիր ուժերն առաջիկա ընտրություններում որևէ պատգամավորական մանդատ չեն ստանալու, Փաշինյանն այժմ կարող է հատել բոլոր «կարմիր գծերը» և արգելել մեկ կամ մի քանի ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը հունիսի 7-ի ընտրություններին՝ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը երաշխավորելու համար։
Եթե դա տեղի ունենա, բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պարտավոր են, ի նշան բողոքի, բոյկոտել խորհրդարանական ընտրությունները։ Դրա հետևանքով հունիսի 7-ից հետո կձևավորվի բացառապես Փաշինյանի կուսակցությունից կազմված խորհրդարան, որը կհիշեցնի ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը, որտեղ ներկայացված էր միայն Կոմունիստական կուսակցությունը։ Սա կհաստատի, որ Հայաստանը ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ՝ բռնապետական։
Մինչ օրս Արևմուտքը, ելնելով սեփական շահերից և ի վնաս Հայաստանի ազգային շահերի, անտեսել է ժողովրդավարական կառավարման սկզբունքների կոպիտ խախտումները: Սակայն, եթե խորհրդարանում մնա միայն մեկ կուսակցություն, Արևմուտքն այլևս չի կարող ձևացնել, թե Հայաստանը նորմալ ժողովրդավարական երկիր է: Պետք է գործադրվեն դիվանագիտական համակարգված ջանքեր՝ օտարերկրյա կառավարություններին դրդելու հրաժարվել այդ ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքները ճանաչելուց:
Այնուհետև պետք է կազմակերպվեն նոր խորհրդարանական ընտրություններ՝ բացառելով Փաշինյանի կուսակցության մասնակցությունը։
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


















































