Բաքվի բանտում գտնվող Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը
Երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ նախնական դատական նիստ՝ կապված մեր բողոքարկման հետ։ Փետրվարի հինգի Բաքվի ռազմական դատարանի վճիռը մենք բողոքարկել ենք, և երեկ արդեն այդ դատը սկսեց, և հունիսի 2-ին նշանակված է առաջին դատական նիստը։ Գիտեք, խաղաղություն և դատավարություն շատ յուրահատուկ է, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վճիռը ձգձգումներով և արհեստական խոչընդոտներով մեզ է փոխանցվել ապրիլի 21-ին։
Եվ զարմանալի չլինի, որ ասեմ՝ մինչև հիմա ոչ պաշտպանական կողմը, ոչ մեղադրող կողմը ընդհանրապես չեն ստացել այդ դատավճիռը, դատավճռի ամբողջական տեքստը. ստացել են միայն քաղվածքը։ Երեկ իմ կողմից անձամբ միջնորդեցի, որպեսզի դատարանը թե պաշտպաններին, և թե բոլոր իմ պաշտպաններին տրամադրի դատավճռի ամբողջական տարբերակը, ինչպես նաև մեղադրականի ամբողջական տարբերակը, բայց դատարանը զարմանալիորեն, և ինչ-որ տեղ նաև հասկանալիորեն, մերժեց իմ առաջարկը, իմ միջնորդությունը։
2024 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև հիմա ունեցող մեր մեղադրական ակտը, երկու տարի ձգձգվող այս դատական գործընթացի ընթացքում, նույնիսկ չունի պաշտպանական կողմը, և չի տրամադրում։
Կարդացեք նաև
Ես որևէ առիթ կունենամ խոսելու դատապրոցեսի մասին, առիթ կունենամ խոսելու ընդհանուր ընթացքի հանրայնացման մասին։ Այս անգամ ես կարծում եմ բավարարվեմ դրանով։ Միայն պիտի ասեմ, որ նրանք, ովքեր կարողանան ծանոթանալ այն 15 բաժիններին մեղադրական ակտի, արդեն ամբողջապես կարող են պատկերացում ունենալ, թե ինչ է տեղի ունենում և ինչ կա։ Այսինքն՝ այդ արդար, ազատ, բաց դատավարություն ասվածը, որ դա ֆիկցիա է, որ այդտեղ որևէ բան չկա, և ամբողջապես գրաքննվող, վերահսկողության տակ հաշվեհարդարի դատավարություն է, և այդ առումով նաև հանրայնացումն էլ նույն կերպ է տեղի ունենում՝ մեկ մամուլով մոլորեցնելով Ադրբեջանի հասարակությանը, փորձելով մոլորեցնել նաև միջազգային հանրությանը։
Երեկ ես միջնորդեցի նաև երկու հարցով, որպեսզի բաց դատավարություն կազմակերպելու համար օնլայն հեռարձակում լինի, այդ նույնը ես առաջարկել էի առաջին ատյանի դատարանում, բայց մերժվել է։ Երեկ էլ առաջարկեցի, մերժվեց։ Եվ երկրորդ առաջարկս այն էր, որ այն լրատվամիջոցը` AzTV-ի, որ ներկա էր, այդ լրատվամիջոցի ներկայացուցիչներին, որպեսզի դատարանը արգելի դատական նիստերին ներկա գտնվելուց՝ իրենց ապատեղեկատվության և մանիպուլյատիվ գործողությունների համար, նույնպես դատարանը մերժեց։
Ինչևիցե, այս հարցը թողնենք մի կողմ։ Կարծում եմ այստեղ ոչ անհայտ կարևոր պաշտպաններից մեկը, որ իր խոսքի ընթացքում բարձրաձայնեց, չհամբերեց, պարզապես պոռթկաց և ասաց, որ մենք մեր սերունդների առջև ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար, դա էր ամբողջ գնահատականը։ Իսկ ընդհանուր առմամբ պիտի ասեմ՝ դա տրագիկոմեդիա է, և Կաֆկան կերազեր ներկա գտնվելու այդ դատավարությանը, և դա ներշնչանք կլիներ, որպեսզի նա գրի մի նոր ստեղծագործություն, կամ էլ իր հայտնի «Դատավարություն» ստեղծագործության երկրորդ բաժինը։
Հաջորդը, որ ես ուզում էի խոսել, դա մարդու իրավունքների պաշտպանին իմ բանավոր դիմումն է, մայիսի 6-ին ես բանավոր կերպով դիմել եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա որևէ ձևով ստանա և իմ ընտանիքին փոխանցի մեր դատավճռի ամբողջական՝ հայերեն և ադրբեջաներեն տարբերակը։ Նույն խնդրանքը ես փոխանցել եմ նաև Ադրբեջանի օմբուդսմենին, ով ամսի 5-ին մեր հետ հանդիպման էր, և ում ես նամակ էի պատրաստել դեռևս մարտի 12-ին։ Երկու ամիս չէի կարողանում փոխանցել, փոխանցեցի այդ նամակը, նաև խոստացավ, որ մի բան կանի, որպեսզի ադրբեջաներեն տարբերակը իմ ընտանիքին, իմ հարազատներին հասնի։ Բայց ոչ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանից, ոչ Ադրբեջանի՝ որևէ նորություն, որևէ տեղեկատվություն չկա։ Ես սպասում եմ, համենայն դեպս, և իմ ընտանիքը սպասում է։
Իսկ դատավարության հետ կապված պիտի ասեմ՝ դա ձգձգող և քաղաքական գործընթացներին համապատասխանեցնող դատավարություն է, և զարմանալի չէ, որ ես հիմա մի նյութի մասին պիտի խոսեմ, որ կարծում եմ հանրության համար էլ դա հասկանալի կլինի։ Երկու-երեք ամիս, երբ որ մենք այստեղ էինք, դեռևս 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին, այն անհատները, պաշտոնական անձինք, որ մեր հետ շփվում էին, հարաբերում էին, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացնում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները։
Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք՝ ինչպես կարող է այդպես լինել, ինչպես մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անմիջականորեն, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է և հասկանալի, որ ցավոք այդպես է։ Ցավոք, զարգացումները և այս դատավարության գործընթացը քաղաքական զարգացումներին, այդ թվում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, համապատասխանեցնելու առումով մեզ ուրիշ կարծիք չի թողնում, որ ուրիշ կարծիք ունենանք, այլ այդ կարծիքը դառնում է համոզմունք, հատկապես վերջին զարգացումների ֆոնին, երբ որ ղարաբաղցիների հասցեին ինչ-որ, այսպես ասած, իրականությանը չհամապատասխանող բաներ են փոխանցվում։ Ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի, բայց երբևէ առիթ կլինի, պարզապես պիտի ասեմ, բոլորի համար էլ պարզ է, թե ով է մեղավորը, ով և ում, այսպես ասած, գործունեության արդյունքում է այս ամենը տեղի ունեցավ։
Ինչևէ, երեք տարի է մենք այստեղ ենք, մոտավորապես երեք տարի է։ Պիտի ասեմ՝ ոչ սկզբունքայնությունը, ոչ ողջախոհությունը, ոչ ոգու և ոչ կամքի ուժը մեզ չեն լքել և չեն դավաճանել։ Այսուհետ էլ այդպես է լինելու։ Ցավալի է, ինչ որ կա, բայց մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը։
Ես պիտի առիթը օգտագործեմ շնորհակալություն հայտնելու բոլոր այն մարդկանց, բոլոր այն կառույցներին, այն կազմակերպություններին, ովքեր իրենց ջանքերն են գործադրել, որոշումներ կայացրել, հայտարարություններ արել, որպեսզի մեզ անհապաղ ազատեն։ Այդ բոլոր կառույցները, կազմակերպությունները, անհատները համոզված են, որ մենք անմեղ ենք և անմիջական պետք է վերադառնանք մեր ընտանիքների կողքը։
Ուզում եմ նաև առիթը օգտագործել իմ ժողովրդին շնորհավորելու մայիսի 28-ի առիթով, Հայոց պետականության վերականգնման օրվա առիթով, և ցանկանալ իմ ժողովրդին ոգու, կամքի, միասնության ուժ։ Պինդ եղեք։ Առայժմ։


















































