Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկ Սուքիասյան. «Ով մնում է տանը, չի գնում ընտրության, անուղղակի ձայն է տալիս այս ստին, կեղծիքին, թույնին ու թարախին, այս ատելությանը, այս ագրեսիային, մարդկանց խաբելուն»

Մայիս 28,2026 17:45 Share

«Նախ, ուզում եմ մեր ժողովրդին շնորհավորել Մայիսի 28-ի հետ կապված։ Չլիներ Առաջին Հանրապետությունը՝ Սովետական Միության կազմում Հայաստանը չէր լինելու որպես հանրապետություն։ Միգուցե լիներ ինչ-որ ինքնավար կարգավիճակ ունեցող միավորում։ Չլիներ Երկրորդը՝ չէր լինելու Երրորդ Հանրապետությունը։ Ուղղակի ցավալի է, որ այս իշխանության օրոք Երրորդ Հանրապետության գլխին էլ սեւ ամպեր են կուտակվել։ Փորձում են չորրորդ հանրապետության ինչ-որ «աֆյոռա» իրականացնել՝ Անկախության Հռչակագիրը չեղարկել, Սահմանադրությունը փոխել… ու այդ կարգի ինչ-որ բաներ»,-ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Հայելի» ակումբում։

«Հենց մայիսի 28-ին է 2023 թվականին հիմնադրվել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը եւ ուզում եմ իմ գործընկերներին, մեր բոլոր ընտրողներին շնորհավորել այդ կապակցությամբ։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել պարոն Անդրանիկ Թեւանյանին որպես շարժման ստեղծման նախաձեռնող։

Պիտի արձանագրենք, որ այսօր մայիսի 28-ը շատ երկակի զգացողություններ է առաջացնում։ Սա տոն է, որը պետք է միշտ նշել, պետք է մեծարել ու արժանին մատուցել Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերին եւ Սարդարապատի, Բաշ Ապարանի հերոսամարտերի նվիրյալներին։ Մյուս կողմից՝ այսօր մենք ունենք բառացիորեն ամոթահար մի խայտառակ իրավիճակում գտնվող պետական սիմվոլիկա, պետական կառավարում, առհասարակ, պետական համակարգ, որն առաջին հերթին ատելություն ու թշնամանք է սերմանում հասարակության ներսում։ Բայց անգամ այդ ատելության ու թշնամանքի ճանապարհին մենք ունենք դրվագներ, որոնք մեզ լավատեսության հիմք են տալիս։ Առաջին հերթին դա վերջին օրերին վճռաբեկ դատարանի որոշումն էր, որն առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների որոշումը թողեց ուժի մեջ։ 2025 թվականի կարմիր կետագծերի թանկացումը համարվեց ոչ իրավաչափ։ Եվ քաղաքացիները կարող են դիմել քաղաքապետարան՝ հատուցում ստանալու։ Իսկ մերժում ստանալու պարագայում այդ մերժումը վերցնել եւ վճռաբեկի այս որոշումով գնալ դատարան ու հետ ստանալ իրենց 160 հազար դրամները»։

Պատասխանելով այսօրվա ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվող նոր զենքերի մասին հարցին, մինչդեռ, Արցախյան պատերազմի ժամանակ թշնամուն հանձնվել է միլիարդավոր դոլարների չօգտագործած զենք, Մանուկ Սուքիասյանն ասաց. «Այստեղ շատ արդիական ու բնորոշիչ է Ռուբեն Վարդանյանի խոսքը։ Մեր գործընկերները պատկերավոր օրինակ բերեցին, որ սրանց պարագայում խաղաղության խաչմերուկ եւ շքերթ անելը նույնն է, որ, ասենք, 1945 թվականին Հիտլերը որոշեր ռազմական շքերթ ընդունել եւ Չերչիլի ու Ստալինի հետ խաղաղության խաչմերուկ հռչակեր։ Ավելի դիպուկ բնորոշել դժվար է։ Այնպես որ, սրանք ինչ ասես կարող են կեղծիքի ֆորմատով մատուցել հասարակությանը, մարդկանց խաբել։

Այն, որ ադրբեջանական դիկտատի առաջ սա ծնկի եկած է ու պատրաստ է բոլոր պահանջները կատարել, ոչ երեկ, ոչ էլ առաջին օրն է պարզվել։ Եվ նաեւ դա հիշելով մեր ժողովուրդը պետք է ընտրատեղամասերում ընտրություն անի։

Առիթից օգտվելով՝ ուզում եմ բոլորին կոչ անել, որ գնան ընտրության։ Ցանկացած ճաշակի ընդդիմադիր ուժ կա։ Գնացեք եւ ընտրեք։ Ով մնում է տանը, չի գնում, անուղղակի ձայն է տալիս այս ստին, կեղծիքին, թույնին ու թարախին, այս ատելությանը, այս ագրեսիային, մարդկանց խաբելուն»,-ասաց Մանուկ Սուքիասյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031