«Լուսավոր Հայաստան» կուսակցությանն այսօր սահմանապահները թույլ չտվեցին տեսանկարահանումներ անել Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի՝ հայ-ադրբեջանական սահմանը զատող պատի մոտ՝ ազգային անվտանգության և պետական գաղտնիքի նկատառումներից ելնելով։
Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ և քանիցս զբոսաշրջային առաքելություն է իրականացրել՝ տարբեր խմբերի հետ այցելելով, նկարահանելով և ցուցադրելով․ «Այսինքն, մի բան, որով Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, մեզ չեն թողնում նկարել պատը»։
«Լուսավոր Հայաստանն» այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացնում էր Կիրանցի հայտնի պատի մոտ։
Կարդացեք նաև
«Սա մարտական դիրք չի, մարտական հերթապահություն չի իրականացվում։ Սա արդեն խաղաղության սիմվոլ է, ամբողջ աշխարհին ցույց են տալիս որպես խաղաղության պատ, հանրապետության նախագահ հորջորջվող պարոնը գալիս հիացական հայացքով նայում՝ ասում է՝ «կյանքում առաջին անգամ պետական սահման տեսա»․ չեմ հասկանում՝ խնդիրն ինչն է, որ չեն թողնում․․․ ուրեմն, մի բան կա, ամոթալի ինչ-որ մի բան կա»,- եզրակացրեց կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված հրապարակախոս Կարպիս Փաշոյանը։
Նրանք հայտարարեցին, որ կողմ են սահմանազատման իրականացմանը, ինչպես ցանկացած բանական մարդ, բայց դեմ են այն ձևին, որով իրականացվել է և նախատեսվում է իրականացնել գործընթացը։ Այն է՝ առանց հստակ տրամաբանության, Ադրբեջանի թելադրանքով, որ ամեն ինչ բխի Ադրբեջանի շահերից։
«Նիկոլ Փաշինյանի անողնաշար քաղաքականության պատճառով մեզ համար նպաստավոր բոլոր դիրքերը, գրեթե բոլոր բարձունքները, անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց Կարպիս Փաշոյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի թելադրանքով իրականացվող այս գործընթացն առաջիկայում ական է դառնալու մեր երկրի, մեր սահմանների համար։
Էդմոն Մարուքյանն էլ Կիրանցի սահմանազատման պատն անվանում է Հայաստանի «ամոթի պատ», քանզի գործընթացի սկզբում կողմերը պետք է պայմանավորվեին, որ զորքերը ճանաչված սահմանային գծից ետ են քաշվում դեպի տվյալ երկրի տարածք։ Բայց ՀՀ-ն իր «ընտիր դիրքերը» թողել է, զորքերը ետ է քաշել, մինչդեռ Ադրբեջանը դրան ի պատասխան՝ Բերքաբերի բռնազավթած տարածքներից, «Ջողազի» ջրամբարի տարածքից մեր վարելահողերը, որոնք շատ բերրի են, պետք է ազատեր ու չի արել։ Արդյունքում ստացվում է, որ Հայաստանը միակողմանիորեն դուրս է եկել իր զբաղեցրած տարածքներից, կառուցել է այս պատը՝ «մարդկանց բերում ցույց են տալիս՝ ուրախանում են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի Գրիգորյան

















































