2024թ․ գարնանը, առանց անգամ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատելու, Կիրանց գյուղին պատկանող, Կադաստրի կոմիտեից տրված սեփականության վկայականներով 58 անշարժ գույք՝ մոտ 15 հեկտար տարածք, միակողմանի կերպով, ապօրինորեն հանձնվեց Ադրբեջանին։
Փաշինյանը, որպեսզի հիմնավորի ՀՀ տարածքից Ադրբեջանին նոր տարածքների հանձնումը, հողերի հանձնումով մտահոգ եւ Արծվաշենի մասին հիշեցնող քաղաքացուն նախօրեին ասաց․ «Մենք՝ ինքներս էլ ունենք խնդիր. Արծվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, եւ մենք չենք կարող դրանից հրաժարվել։ Այսինքն՝ մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել, որ Արծվաշեն չկա։ Խոսքը վերաբերում է ադրբեջանական երեք տարածքներին՝ Բարխուդարլի, Խեյրիմլի… Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ կգտնենք, թե ինչ ենք անում»։ Ապա Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանին հանձնվելիք 3 տարածքների մասին, սակայն նշել է 2-ը՝ Բարխուդարլի, Խեյրիմլի։
Խեյրիմլին Կիրանց գյուղին կպած փոքր գյուղ է, որի տարածքը՝ քանդված տներով, 1990-ական թվականների սկզբից գտնվում էր ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ։ 2024թ․ գարնանը, սահմանազատման անվան տակ, Կիրանցի 15 հեկտար հողերի հետ Խեյրիմլիի տարածքներն արդեն իսկ հանձնվել են Ադրբեջանին։ Իջեւան քաղաքից սերված Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի հիշում, որ Իջեւան համայնքի Կիրանց գյուղին կպած Խեյրիմլիի տարածքները 2 տարի առաջ հանձնել է, կա՛մ էլ միտումնավոր խաբում է։ Բարխուդարլին եւ Սոֆուլուն խորհրդային շրջանում փոքր գյուղեր էին` Իջեւան-Այգեհովիտ ճանապարհին, որոնք վարչատարածքային առումով պատկանում էին Ադրբեջանի Ղազախի շրջանին։ Դրանք 1990-ականներից ավերակ վիճակում են։ Ադրբեջանը պահանջում է խորհրդային շրջանում 4 անկլավների՝ Բարխուդարլուի, Սոֆուլուի, Վերին Ոսկեպարի (Յուխարի Ասքիպարա) եւ Տիգրանաշենի (Քյարքի) հանձնումը։ Այդ տարածքների խնդիրը միշտ միասին է դիտարկվել։ Սակայն Նիկոլ Փաշինյանը լղոզված, կիսատ, ոչ հստակ պատասխան է տալիս։ Երբ հողերի առաջիկա հանձնումով մտահոգ քաղաքացին հարցնում է՝ «ստացվում է, որ հիմա մենք օկուպա՞նտ ենք, պարոն Փաշինյան, քանի որ Ադրբեջանի տարածքները գտնվում են մեր վերահսկողության տակ», Փաշինյանը նորից մանիպուլյացիա է անում. «Լսեք, հիմա այդ տերմիններն այլեւս անցյալում են, որովհետեւ կոնֆլիկտը հաղթահարված է։ Հիմա մենք սահմանազատման արդյունքում կլուծենք վերջին հետեւանքները»։
Հայ-ադրբեջանական հակամարտությունը հաղթահարված չէ, Փաշինյանի իշխանությունը ոչ թե հակամարտության հետեւանքներն է հաղթահարում, այլ Ադրբեջանին նոր տարածքներ է հանձնում։ Քաղաքացու այն դիտարկմանը, թե Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան», Փաշինյանը նշել է. «Չկա տենց բան, էդ մեր ընդդիմությունն է ասում տենց բան։ Մենք ասում ենք, որ ռազմավարական գործարքի էությունը հետեւյալն է. երկու երկրները կենտրոնանում են իրենց միջազգային ճանաչում ունեցող տարածքների վրա, եւ ժողովուրդները՝ Ղարաբաղի ժողովուրդը, տնավորվում է այստեղ, մեր մյուս փախստականները՝ եղբայրներն ու քույրերը, տեղավորվում են այստեղ, եւ մենք կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Մենք դուրս ենք գալիս պանդուխտի եւ գաղթականի տրամաբանությունից եւ փակում նաեւ այդ էջերը։ Նույնը վերաբերում է նաեւ Ադրբեջանին»։ Փաշինյանը, իհարկե, ստում է` ոչ թե ընդդիմությունն է խոսում «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, այլ դրա մասին պարբերաբար հայտարարում է Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի պետբյուջեից ֆինանսավորում է այդ անվանումով հասարակական կազմակերպությունը, Հայաստան տեղափոխվողների ցուցակներ են կազմում եւ այլն։
Կարդացեք նաև
Փաշինյանի կողմից որպես հանձնվելիք տարածք Բարխուդարլիի հիշատակումից կարելի է կռահել, որ ԱԺ ընտրություններով ՔՊ-ական իշխանության վերարտադրման դեպքում Ադրբեջանին են հանձնելու նշված 4 անկլավները եւ այդ գործընթացն անվանելու են սահմանազատման շարունակություն։ Այդ 4 գյուղերի տարածքները հանձնելու հետեւանքով խախտվելու է Հայաստանի մյուս տարածքների կապը Սյունիքի հետ, Իջեւան-Նոյեմբերյան, Իջեւան-Բերդ տրանսպորտային հաղորդակցությունում մեծ դժվարություններ են առաջանալու, հանրապետության հյուսիս-արեւելյան տարածքների եւ Լոռու թիկունքն անպաշտպան է դառնալու, Հայաստանը սնուցող մայր գազատարը հայտնվելու է նորահայտ սահմանից 30 մետր հեռավորությամն վրա եւ այլն։
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































