Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատի» զինվորական կացարանի հոսանքի ծախսը իրենց գրպանից վճարել են սպաները, ոչ թե պետությունը. բացառիկ մանրամասներ

Ապրիլ 30,2026 17:37 Share

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով այսօր հարցաքննված մեղադրյալ Տիգրան Ղազարյանը ուշագրավ տեղեկություններ հայտնեց: Մասնավորապես՝ նրա ցուցմունքից պարզ դարձավ, որ Ազատի կացարանի պայմանների մասին ՊՆ եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությունը տեղյակ է եղել, բայց ոչինչ չի արել թերությունները վերացնելու համար: Սպայական կազմն ինչքան բարձրաձայնել է խնդիրների մասին, ի պատասխան միայն լսել է՝ համբերեք, մոդուլային տնակներ կկառուցենք, կտեղափոխվեք:

Հիշեցնենք, որ Տիգրան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության պետի պաշտոնը, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հսկողություն սահմանել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, հետևել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը չի կատարել իր պարտականությունները: Իր պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անզգուշությամբ առաջացել է մահ:

Ղազարյանն այսօր պատմեց, որ տարվա վեց ամիսը Ազատ գյուղում ցուրտ էր ու ջեռուցման անհրաժեշտություն կար: Նույնիսկ խորը ձմեռվա ամիսներին, երբ վառարանն էին վառում, ննջասենյակում էլեկտրական հոսանքով տաքացուցիչներ են օգտագործել, սակայն ամսվա ծախսը՝ մոտ 60.000 դրամը, վճարել են սպաներն իրենց գրպանից, ոչ թե պետությունը:

«Շատ ենք ասել ղեկավարությանը, բայց այդ հարցը չի լուծվել: Չէինք վճարում, անջատում էին լույսը: Համարյա 1.5 տարի վճարել ենք, տարվա կեսը ձմեռ էր: Ուրիշ տարբերակ չենք ունեցել, զորամասի նախկին հրամանատար Դարբինյանին էլ, մյուսներին էլ զեկուցել ենք, ոչինչ չի փոխվել»,- դատարանում պատմեց Ղազարյանը:

Հարցին՝ ինչքան աշխատավարձ էր ստանում, պատասխանեց՝ մոտ 350.000 դրամ, որից 30.000-ը ինքն է հատկացրել, մյուս 30.000 դրամը մեկ այլ սպա՝ ամեն ամիս զինվորների կացարանի էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու համար:

«Վառելափայտն էլ ենք մենք բերել, վառելիք չունեինք, դիմել ենք, հրամանատարին, ասել՝ թույլ կտա՞ք ոսկու հանքից բերենք փայտ, գնացել ենք շախտայի գերանները բերել, վառել»,- հավելեց Ղազարյանը:

Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը զարմացած հարցրեց՝ կարո՞ղ եմ արձանագրել, որ այդ կացարանում պետբյուջեի հաշվին ջեռուցման համար չի վճարվել, Ղազարյանը պատասխանեց՝ 2022 թվականի հուլիսից հետո է պետբյուջեից վճարվել, երբ ՊՆ-ն հաշվիչը փոխել է. «Մինչ այդ մենք ենք վճարել, իմ մոտ վճարման կտրոններն էլ կան, կարող եմ ցույց տալ»:

«Կարիք չկա ցույց տալու, մեր երեխեքն էլ են ասել: Ու էսօր պետությունը գնահատեց մեր երեխեքին էս ձեւով: Էդ մեր ՊՆ-ին դատեք, հանրային դատախազներ, որ մեր երեխեքին էդ օրն են գցել: Դրել ուրիշ բան եք քննում»,- սրտնեղեց հրդեհից այրված զինվորներից մեկի մայրը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930