Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք թույլատրի Գյումրի ծայրագավառի դարպաս դարձնեն»․ քարոզարշավ ու բողոքի ցույց՝ ռազմաբազայի դիմաց

Մայիս 29,2026 22:00 Share

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները իրենց քարոզարշավն անցկացրեցին Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում՝ դահլիճային հանդիպում ունենալով բնակիչների հետ, հետո քայլերթով հասան 102-րդ ռազմաբազա՝ այստեղ ցուցապաստառներով ու վանկարակումներով բողոքի ցույց անցկացնելով։

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանք խոսեցին ՌԴ-ի կողմից գազի գնի թանկացման, որոշակի ապրանքատեսակների վրա սահմանափակումներ դնելու, Եվրամիություն մտնելու հեռանկարների ու ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, անդրադարձ կատարեցին ընդդիմադիր գործիչներին։

«Հանուն Հանրապետության» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական դաշտը պետք է դեզինֆեկցիայի ենթարկել,, թույնն ու ատելությունը պետք է հաղթահարել։

«Մեզ ասում են՝ գազը կկտրեն, գազը կթանկացնեն, էսօր ծիրանի հետ կապված սահմանափակումներ կան։ Րոպե առաջ Հայաստանի կառավարությունը պիտի սկսի բանակցել ու արտոնյալ մաքսային ռեժիմ պահանջել որոշակի ապրանքատեսակների նկատմամբ, որոնք այս պահին սահմանափակման տակ են ընկել Ռուսաստանում։

Վստահ եմ՝ հենց Հայաստանը այլընտրանք գտավ այդ ապրանքատեսակների համար, ռուսներն այդ սահմանափակումներն հանելու են։ Պետությունը նրա համար է, որ մեր ժողովրդի համար գտնի այլընտրանքներ, մենք չենք կքելու այս պատիժների առաջ, որովհետև եթե չունեցանք պետություն, չի լինելու որևէ երաշխիք մեր ժողովրդի գոյության համար», -ասաց Արման Բաբաջանյանը։

Անդրադառնալով Գյումրիին՝ նա կարծիք հայտնեց, որ Գյումրին դեպի Արևմուտք Հայաստանի դարպասն է։

«Նրանք, ովքեր որոշել են Գյումրին ծայրագավառի դարբաս դարձնեն, չենք դա թույլ տա , մենք այստեղ ենք, որպեսզի տեր լինենք այն ստորագրություններին, որ 2024 թվականի աշնանը գյումրեցիների՝ մեզ տված հանձնառությանը տեր լինենք։ Այս ընտրություններում մեր կուսակցությունը պատասխանատվություն է կրում 60 հազար այն քաղաքացիների ստորագրությունների համար, որոնք համահեղինակեցին այն օրենքը, որը ընդունվեց 2025 մարտ ամսին՝ ԱԺ կողմից Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, դրանով Գյումրին էապես ավելի կարևոր նշանակություն ձեռք բերեց, որովհետև Գյումրին իր ապագայի համար հորիզոն տեսավ», -ասաց քաղաքական գործիչը։

Ըստ նրա, Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացմամբ Գյումրիում կենսամակարդակն անգամներով ավելանալու է մայրաքաղաքից։

Նա նշեց՝ մարդիկ, որոնք Գյումրի անունով ստացված փողերը կեղեքել են, թալանել, այդ թալանված փողերով մտել են ընտրապայքարի մեջ։

«Մեզ ասում են՝ տվեք ձեր պետությունը և թույլ կտանք, որ ծաղիկ ծախեք, տվեք ձեր պետությունը և թույլ կտանք, որ պամիդոր ծախեք կամ ձեր խուժան կոնյակը ծախեք, կամ որ ավելի ճիշտը՝ տվեք ձեր պետությունը և թողնենք շնչել։ Հունիսի 7-ին մենք սրա պատասխանը պիտի տանք, որովհետև ընտրությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև է»։

Ըստ Արման Բաբաջանյանի, իրենց խնդիրն է՝ Պուտինի հայաստանյան հանցակիցներին իրենց տեղը ցույց տալը։

Ռուբեն Մեհրաբյանն էլ, անդրադառնալով ընդդիմությանը, նրանց աղբակույտ համարեց, որոնցից պետ է մաքրել։ Ըստ նրա, մեր ընդդիմությունը Պուտինն է։

«Պուտինը պետք է զարթնի հայ ժողովրդի կողմից, ծեծ կերած, հենց քվեատուփերի մոտ», -ասաց նա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031