Հաշվի առնելով էներգետիկ անվտանգության բաղադրիչի էական նշանակությունը ՀՀ ազգային անվտանգության համակարգում,
Նկատի ունենալով էներգետիկ ոլորտի և էներգատրանսպորտային ենթակառուցվածքների կարևորության հարաճուն բարձրացումը նորագույն ժամանակների գլոբալ և տարածաշրջանային գործընթացներում.
Գիտակցելով ոլորտի զարգացմանն ուղղված կարևորագույն ծրագրերի իրականացման ու դրանց վավերության երկարաժամկետ ընթացքը՝ գերազանցող վարչարարական ու քաղաքական ընտրական մի քանի ցիկլերի տևողությունը,
Հայաստանի էներգետիկ նախաձեռնությունն անհրաժեշտ է համարում, որ 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ իշխանությունները էներգետիկ քաղաքականությունն իրականացնելիս ապահովեն հետևյալ առաջնահերթ խնդիրների լուծումը.
Կարդացեք նաև
1. Վերգտնել էներգետիկ ոլորտի համալիր ընկալումը որպես մեկ միասնական, բարդ համակարգ՝ կազմված գործունեության և զարգացման իրենց ուրույն հետագիծն ունեցող ենթահամակարգերից (էլեկտրաէներգետիկա, լոգիստիկա, ջերմաէներգետիկա, ատոմային էներգետիկա, վերականգնվող էներգետիկա, էներգախնայողություն և այլն).
2. Վերականգնել ոլորտի ռազմավարական զարգացումը մշակող ու վերահսկող մասնագիտական գործադիր առանձին մարմինը, որն ունակ կլինի երկարաժամկետ հեռանկարում պահպանել ծրագրերի իրականացման ու վերահսկման շարունակականությունը, արդյունավետությունը, երաշխավորել աշխատանքների կատարման ինստիտուցիոնալ ու մասնագիտական հիշողությունը.
3. Ապահովել ՀՀ էներգետիկ հաշվեկշռում մշտական և անընդհատ գործող ատոմային գեներացիան՝ հիմնված իրենց հուսալիությունը, անվտանգությունն ու արդյունավետությունը ապացուցած կոնվենցիոնալ ատոմային էներգետիկ ռեակտորների վրա, հանրապետության գիտահեն, բարձր տեխնոլոգիական ու արդյունաբերական դինամիկ զարգացումն ապահովող (ԱԲ կենտրոններ, էլեկտրատրանսպորտի զարգացում, հանքարդյունաբերության վերամշակման բաղադրիչի խորացում, քիմիական արդյունաբերության վերականգնում և այլն) բավարար հզորություններով.
4. Արձանագրելով ՀՀ-ում ֆոտովոլտայիկ արեգակնային էներգետիկայի և վերականգնվող այլ աղբյուրների օգտագործման արդեն իսկ գրանցված հաջողությունները՝ բացառել էլեկտրաէներգետիկ համակարգի կարգավարման ժամանակ բազային, երաշխավորված հզորությունների օպերատիվ սահմանափակումների վտանգավոր պրակտիկան.
5. Զուգորդել Հայաստանում «կանաչ էներգետիկայի» զարգացմանն ուղղված ծրագրերը հանրապետությունում համակարգային նշանակության հիդրոկուտակիչ էլեկտրական կայանի կառուցմամբ և հարևան երկրների հետ միջպետական բարձրավոլտ էլեկտրական կապերի ուժեղացմամբ.
6. Ապահովել ոլորտի ինժեներական և տեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման արդի համակարգ։
«Հայաստանի էներգետիկ նախաձեռնություն» հետազոտական-վերլուծական կենտրոն


















































