Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններից առաջ ամեն ինչ նախընտրական է

Հունիս 02,2026 10:00 Share

Երբ հայաստանյան ընտրական պրոցեսներին այսպես թե այնպես առնչվող ուժերն ինչ-որ նշանակալից քայլի են դիմում, բայց ասում են, որ դա ընտրությունների հետ որեւէ կապ չունի, ես ինձ թույլ եմ տալիս կասկածելու նման պնդումների լրջության վերաբերյալ: Օրինակ, իշխանություններն ասում են, որ Անդրանիկ Թեւանյանի «լրտեսական գործունեության» մասին գիտեին 2024 թվականից, այսինքն՝ գիտեին, որ Թեւանյանը ԱԺ ինչ-որ փակ նիստի տեքստ է վերծանել, թարգմանել եւ ուղարկել Մոսկվա, որի համար ստացել է ավելի քան 600 հազար դոլար: (Արժանին մատուցենք ԱԱԾ-ի եւ ՔԿ-ի հումորի զգացողությանը): Լավ, եթե գիտեիք, որ Անդրանիկը նման գերշահավետ բիզնեսով է զբաղվում, ինչո՞ւ այդ ժամանակ չբռնեցիք: Սպասում էիք, որ նա դառնա նախընտրական ցուցակի երկրորդ համարը, նո՞ր բացահայտեիք «լրտեսությունը»:

Նույնը՝ Ռուսաստանը: Ինչպե՞ս հավատամ, որ Հայաստանի դեմ տնտեսական քայլերը կապ չունեն մեր երկրում նախընտրական գործընթացների հետ: Ստացվում է, որ տարիներ շարունակ մեր կոնյակը, «Ջերմուկը», ծիրանը, ծաղիկները ՌԴ-ի համար OK էին: Եվ հանկարծ 2026 թվականի մայիսին այդ ապրանքները սկսեցին դուր չգալ:

Ուրիշ հարց, որ Փաշինյանն է Ռուսաստանին սադրել՝ այդպիսի կեցվածք ընդունելու: Սադրել է՝ Երեւանում հավաքելով ՌԴ փաստացի թշնամի երկրների ղեկավարներին եւ թույլ տալով Զելենսկուն՝ այստեղից սպառնալ Կրեմլին: Դա ամենեւին չի արդարացնում Ռուսաստանի «պատժամիջոցները» (նման շանտաժը մերժելի է, որովհետեւ դրանից տուժում են ՀՀ շարքային քաղաքացիները), ոչ էլ, առավել եւս, հավատ է ներշնչում այն պնդումը, թե դրանք զուտ «տնտեսական վեճի» շրջանակներում են:

Նույնը՝ իհարկե, ԱՄՆ-ը: Այդ երկրի նախագահի աշխատակազմը ճիշտ է հաշվարկել, որ Փաշինյանի կառավարությունը՝ Թրամփի աջակցության խոսքերը ստանալու համար պատրաստ է ցանկացած թղթի տակ ստորագրել: Եվ շտապ դեմ տվեց «կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հողային տարրերի» մասին փաստաթուղթը, որի վերաբերյալ, որքան գիտեմ, նախորդ ամիսներին խոսք չկար: Կարող էին, չէ՞, նման հռչակագիր ստորագրել հուլիսին կամ օգոստոսին: Բայց այն, որ փաստաթուղթը ստորագրվեց ընտրություններից մի քանի օր առաջ՝ ԱՄՆ պետքարտուղարի նախօրոք չպլանավորված այցի ժամանակ, չի կարելի զուգադիպություն համարել:

Timing is everything՝ այդպես են ասում Արեւմուտքում: Պարզապես պետք չէ ձեւ անել, որ նախընտրական իրադարձություններն ընտրությունների հետ կապ չունեն:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930