Լրահոս
Օրվա լրահոսը

Սլովակիայում մեկնարկել է PISA 2025 միջազգային հետազոտության՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային արդյունքների պաշտոնական ներկայացումը

Սեպտեմբեր 10,2026 15:41 Share

PISA 2025 կրթական արդյունքների միջազգային գնահատում գլոբալ միտումներն ու առանցքային տվյալները

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է PISA 2025 միջազգային հետազոտության՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային արդյունքների պաշտոնական ներկայացումը։

«Learning Reimagined» («Վերաիմաստավորված ուսումնառություն») խորագրով համաժողովին մասնակցում են PISA 2025 ծրագրում ընդգրկված 91 երկրներից և տնտեսություններից 31-ի ներկայացուցիչներ։ Հայաստանից համաժողովին մասնակցում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

Կրթական արդյունքների անկում ՏՀԶԿ երկրներում

PISA 2025-ի տվյալները վկայում են համաշխարհային մակարդակով կրթական արդյունքների անկման մասին, որը հատկապես նկատելի է ընթերցանության և մաթեմատիկայի ոլորտներում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) երկրներում վերջին տասնամյակում միջին ցուցանիշները նվազել են ավելի քան 20 միավորով, ինչը գնահատվում է որպես շուրջ մեկ ուսումնական տարվա ուսումնառության կորստին համարժեք տարբերություն։

Հետազոտության արդյունքներում առանձնացվում են սովորողների առաջադիմության վրա ազդող մի շարք գործոններ՝ ուսուցչի և ծնողների աջակցությունից մինչև թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության օգտագործում։

Ուսուցչական աջակցությունը. PISA 2025-ի արդյունքներով Հայաստանն առաջատար դիրքերում է աշակերտներին ուսուցիչների կողմից ցուցաբերվող աջակցության ցուցանիշով։

Ծնողական աջակցության ուժը. հետազոտությունը կարևորում է նաև ծնողների ներգրավվածությունը երեխայի կրթության գործընթացում։ Տվյալների համաձայն՝ ծնողի՝ երեխայի դպրոցական առօրյայով հետաքրքրվելը, այդ թվում՝ դպրոցում անցկացրած օրվա և սովորածի մասին զրուցելը, բնագիտության ոլորտում զուգակցվում է մինչև 26 միավոր ավելի բարձր արդյունքի հետ։

Թվային սարքերի չափավորությունը. առանձին ուշադրություն է դարձվում թվային տեխնոլոգիաների օգտագործմանը։ Ուսումնական նպատակներով թվային սարքերի չափավոր՝ օրական 1-3 ժամ օգտագործումը կապվում է ավելի բարձր կրթական արդյունքների հետ, մինչդեռ ժամանցային նպատակներով դրանց չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ սովորողների առաջադիմության վրա։

Արհեստական բանականություն (ԱԲ). PISA 2025-ի շրջանակում դիտարկվել է նաև արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ։ Արդյունքները ցույց են տալիս, որ այն սովորողները, որոնք ԱԲ գործիքներն օգտագործում են որպես ուսումնառության օժանդակ միջոց՝ տեղեկություններ ուսումնասիրելու, հետազոտելու և գիտելիքները խորացնելու նպատակով, ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում։ Միաժամանակ, պատրաստի պատասխաններ կամ տեքստեր ստանալու համար ԱԲ-ի օգտագործումը զուգակցվում է ավելի ցածր ցուցանիշների հետ։

«Հայաստան. 40,300 սերմեր»

Համաժողովի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը հանձնվել է նաև խորհրդանշական հուշանվեր՝ «ARMENIA 40,300 SEEDS» («Հայաստան. 40,300 սերմեր») մակագրությամբ։

PISA-ն (Programme for International Student Assessment) ՏՀԶԿ-ի կողմից իրականացվող միջազգային հետազոտություն է, որը գնահատում է 15-ամյա սովորողների՝ ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության ոլորտներում ձեռք բերած գիտելիքներն ու դրանք գործնական իրավիճակներում կիրառելու կարողությունները։ Հայաստանում  գնահատումն իրականացվել է 2025 թ․ մարտ-մայիս ամիսներին, որին մասնակցել է մոտ 7000 սովորող 295 դպրոցից։

Բրատիսլավայի հանդիպումը PISA 2025-ի արդյունքների ներկայացմանը նվիրված տարածաշրջանային միջոցառումներից էր։ Նման հանդիպումներ անցկացվելու են նաև Լոնդոնում և Բուենոս Այրեսում, իսկ մինչև նոյեմբերի կեսերը արդյունքների ներկայացումները կշարունակվեն աշխարհի այլ կրթական կենտրոններում։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել