«Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն չի մտել քաղաքականության մեջ, և բացահայտվել է նրա խնդրանք- աղերսանքը 2023-ին, թե ինձ մտցրել եք քաղաքականության մեջ, դուրս հանեք։ Ինքն այսօր քաղաքականությամբ է զբաղվում, որովհետև թույլ չեն տալիս, որ դուրս գա։ Այո, ինքը դուրս չի գալու ոչ միայն քաղաքականությունից, այլև Հայաստանից։ Ինքը ընտրություններով մինչև քոք մաշելու է և տենց մաշած էլ հայտնվելու է բանտում»,- Ծովակ բնակավայրում ՔՊ քարոզարշավի ժամանակ դարձյալ հղում անելով Քոչարյանի պնդմամբ՝ ԱԲ-ով ստեղծված, կեղծ ձայնագրությանը, ասաց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի հետ պետք է ՀՀ-ում դատաիրավական մաֆիան արմատախիլ արվի․ «Ութ տարի թևերը փռել են Ծառուկյանի, Քոչարյանի վրա, կալուգացի Սամոյի կլանի վրա։ Նրանք պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում, և ՀՀ-ում դատաիրավական մաֆիան պետք է ջախջախվի»։
Այնուհետև անդրադարձավ Գագիկ Ծառուկյանին․ «Ծառուկյան Գագիկին ուրիշն է հանձնարարություն տալիս։ Օտարերկրյա գործակալներին դրել է իր կուսակցության երկրորդ համար, իմացել է, որ գործակալի է դրել։ Ինքը գործակալ է․ ով նրան ձայն տվեց, ձայն է տալիս օտարերկրյա գործակալներին։ Էդ մարդն իր կյանքում ոչ մի ինքնուրույն բան չի ասել։ Դրանց մկաններին մի նայեք, նրանք փոքրիկ երեխաներ են, որոնք պապաների կարիք ունեն։ Իրենք այսօր դրսում են պապաներ փնտրել և գտել, որովհետև ես հրաժարվել եմ իրենց պապայություն անել»։
Մինչ Նիկոլ Փաշինյանն ակտիվ սնվում էր ելույթից հետո, քաղաքացիներից մեկը նրան հիշեցրեց Բաքվում գտնվող հայ ռազմագերիների մասին․ «Դավիթ Մանուկյան հրամանատար ենք ունեցել, անձամբ հետը շփվել ենք, շատ լավ մարդ է, ուղղակի խնդրում ենք, գերիների հարցն էլ լուծեք, էդ մի բանն էլ հանեք Ձեր վրայից։ Թե չէ ասում են՝ բա որ խաղաղություն է, գերիներին, ինչի՞ չի բերում։ Էդ հարցն էլ լուծեք»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չարձագանքեց։ Ավարտելով քարոզարշավը Ծովակում՝ ուղիղ եթերում ասաց․ «Սևանի սազան առաջին անգամ էի լսում և առաջին անգամ կերա, իրոք, շատ համեղ էր»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































