«Այս պրոցեսն սկսելուց առաջ բոլորս իրար հետ պայմանավորվել ենք, որ այսպիսի բաներ կլինեն, ավելի վատթար բաներ կլինեն։ Բոլորով համաձայնել ենք, որ մինչև վերջ գնում ենք, սա մեր հայրենիքի համար է, մեր ժողովրդի համար է»,- այսօրվա երթից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իրենց կուսակիցների ու աջակիցների նկատմամբ հարուցվող քրեական գործերին։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Ալիկ Ալեքսանյանի կալանավորմանը՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Անիմաստ թեմաներ են։ Հիմնական նպատակն այն էր, որ մենք տեղեկություն ունեինք, որ ընտրություններից առաջ մեր կազմակերպական համակարգն ուզենալու են քանդել՝ առանցքային մարդկանց կալանավորելով։ Մենք գիտեինք, որ իրենք այսպիսի բաներ են ուզում անել և նախապատրաստվել էինք այնքանով, որ մեզանից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք փոխարինողներ, որ պայքարը շարունակվի։ Եվ մի քանի օր է մնացել՝ մինչև հաղթական ավարտ»։
Նարեկ Կարապետյանը նաև նշեց, որ իրենց հաղթանակի դեպքում Հայաստանի ձևաչափի փոփոխություն է տեղի ունենալու։ Հայաստանը տարիների ընթացքում առերեսվելու է մարտահրավերների, քիչ-քիչ նախիջևանացում է լինելու։ «Մենք դեմ ենք կանգնում երկրի դուռը բացելուն, որ դուռը չբացվի, և երկիրը մնա հայկական»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանն անդրադարձավ նաև մարզերում ՔՊ-ականների կողմից ընդդիմադիր ուժերի աջակիցներին ծեծելու դեպքերին՝ ասելով․ «Իրենք հագել են մի կոստյում, որը շատ ծանոթ կոստյում է մեզ հիշեցնում։ Բայց մի բան կա՝ իրենք չպետք է սրեն հարաբերությունները, չպետք է խնդրահարույց վիճակ ստեղծվի, մեր ժողովրդի մեջ այդ հակասությունը մեզ չի սազում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































