«Իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունն այսօր դարձել է մարդուն քաղաքական իրավունքների դրսևորման համար պատժող քաղաքական ուժ։ Այսօր կալանքը՝ խափանման ամենածանր միջոցը, որը պետք է կիրառվեր մեր երկրում օրեցօր աճող ծանր հանցագործությունները կանխարգելելու, նպատակով, վեր է ածվել պատժիչ մահակի։ Բայց այսօրվա իշխանությունները չեն բավարարվում մարդու ազատությունը սահմանափակելով, ազատության սահմանափակումն ուղեկցվում է մարդու անունը, արժանապատվությունը, բարի համբավն արատավորող ու թիրախավորող պրակտիկայով»,- «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նա նշեց՝ սա լրջագույն հետևանք է ունենում մարդու ճակատագրի վրա։ «Արյունախում գազանի վերաճած այս համակարգի զոհը դարձավ մեր թիմակիցը՝ Արսեն Գևորգյանը։ Արսենն այսօր ողջ կլիներ, եթե չպայքարեր իր համայնքի բարօրության համար։ Արսենը պատժվեց քաղաքական գործընթացի մեջ ներգրավվելու համար։ Մենք թույլ չենք տալու, որ Արսենի մահը դառնա հերթական մոռացված դրվագը։ Արսենը մահացավ մի վայրում, որտեղ պետությունը պարտավոր էր երաշխավորել նրա անվտանգությունը։ Արսենը մի վայրում մահացավ, որտեղ ի սկզբանե չպետք է գտնվեր»,- ասաց Մելոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար Մելոյանն առաջարկեց այս խորհրդարանական լսումների արդյունքում քննարկման և վերահսկողության առարկա դարձնել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները։ Ուսումնասիրության առարկա դարձնել մեր երկրում կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման հիմնավորվածությունը։ Եվ խորհրդարանի կողմից պետք է անհապաղ քննարկման և վերահսկողության առարկա դարձնել քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց պահման պայմանների հարցը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































